Մեկնարկում է սոցիալական ձեռներեցների դպրոցի նոր ուսումնական փուլը

14.06.2021 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հունիսի 21-ին Սոցիալական ձեռներեցների դպրոցը մեկնարկելու է դասընթացների նոր փուլը։ Դասերի ընթացքում 30 ուսանողների սովորեցնելու են ինչպես զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ եւ ինչո՞ւ է դա կարեւոր հատկապես հիմա։

Աշխարհում լայն ճանաչում գտնող այս ուղղությունը Հայաստանում զարգանում է վերջին 10 տարում եւ ըստ սոցիալական ձեռներեցների միակ գործող դպրոցի տնօրեն Գոհար Մկոյանի, շատ մեծ պահանջարկ է վայելում։ Banks.am-ը Գոհար Մկոյանից փորձել է պարզել ձեռնարկատիրության նոր այս ճյուղի հետաքրքիր մանրամասները։

Դու կարող ես

«Դու սոցիալական ձեռներեց ես», «Դու կարող ես փոխել աշխարհը»՝ այս կարգախոսներով է գործում Սոցիալական ձեռներեցների դպրոցը։ Հիմնադիր-տնօրեն Գոհար Մկոյանի հավաստմամբ, սրանք պարզապես լոզունգներ չեն, այլ կոչ են՝ քայլ անելու, շարժվելու, ստեղծելու, միավորելու, զարգանալու եւ զարգացնելու։

Ըստ Մկոյանի, սոցիալական ձեռներեցությունը միայն օգնելու եւ աջակցելու մասին չէ, այն մարդ-մարդ փոխհարաբերությունների հիմքն է եւ մարդ-մարդ փոխհարաբերությունների բուժումը։

«Դպրոցը հիմնելիս, երկար մտածում էի դրա բովանդակության շուրջ եւ եկա եզրահանգման, որ այն չպետք է հիշեցնի բիզնես-դպրոց, որտեղ սովորեցնում են գործընթացները՝ ի՞նչ ու ինչպե՞ս անել, որ հասնել ինչ-որ արդյունքի։ Մեր դպրոցը պետք է հասարակության, հանրության համար հանրօգուտ աշխատանքներ կատարող, հանրօգուտ գաղափարներ գեներացնող սոցիալական ձեռներեց կրթի», - պատմում է Գոհարը։

Ըստ նրա, պետք չէ, որ աշխարհում բոլորը սոցիալական ձեռներեց դառնան, կարեւոր է, որպեսզի ցանկացած ձեռներեց-գործարար իր մեջ կրի սոցիալական կարեւորության բաղադրիչը եւ յուրաքանչյուր գործունեություն ուղղված լինի մարդու առաջխաղացմանն ու կարիքների բավարարմանը, եւ միայն վերջում՝ շահին։ Օրինակ, կարեւոր է հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող մարդու համար աշխատանքային պայմաններ ստեղծելն ու աշխատանքային հնարավորություն տալը ավելի կարեւոր է, քան նրա նպաստի գումարի մեծացմանն ուղղված քայլերը։

Գոհար Մկոյանը պատմում է, որ սոցիալական ձեռներեցությունը ծագել է, երբ պարզ է դարձել, որ մարդը դարձել է շատ եսասեր եւ շարունակ մտածում է միայն անձնական՝ իր եւ իր ընտանիքի շահի մասին։

«Եթե սոցիալական խնդիրները շատ են քո երկրում, տնտեսությունը չի զարգանա, եթե սոցիալական խնդիրը թեթեւ է, տնտեսությունը կզարգանա, որովհետեւ կդադարի շարունակ գումարներ ծախսել սոցիալական խնդիրների լուծման վրա»։

Գաղափարը հենասյունն էր

Գոհար Մկոյանը, որը դասախոսում է  մի քանի բուհում եւ սոցիալական գիտությունների թեկնածու է, խոսելով դպրոցի հիմնադրման մասին, վերհիշում է՝ առաջին անգամ, երբ սոցիալական ձեռներեցության թեմայով բաց դաս էր կազմակերպել, իր ուսանողներին խնդրել էր գալ դահլիճ, որ աթոռները դատարկ չմնային։

«Բայց որքան մեծ էր իմ զարմանքը, որ դահլիճում անգամ նստելու տեղ չկար։ Առաջին դասից հետո կազմակերպվեց երկրորդը, հետո երրորդը ու ամեն անգամ ավելի մեծ լսարանով եւ ավելի մեծ բանախոսների կազմով։ Մի օր հնչեց հարցադրում՝ ինչո՞ւ է այս ամենն անվճար արվում, ինչո՞ւ եմ ես այս ամենը կազմակերպում սեփական միջոցներով, ինչո՞ւ չեմ խորացնում դասընթացները եւ նաեւ հնարավորություն ստանում՝ այն վճարովի դարձնելու շնորհիվ, հրավիրելու ոլորտի բազմաթիվ գիտակների։ Երկար մտածեցի եւ հասկացա, որ հարցադրումը ճիշտ է եւ տեղին, ինչպես ժամանակին իմ ուսանողուհու հարցն էր դասաժամերից մեկին, երբ ասաց՝ ընկեր Մկոյան, սոցիալական ձեռներեցության մասին հետաքրքիր եք պատմում, բայց գործնական կողմ այն ինչո՞ւ չունի, ինչո՞ւ է սա միայն տեսական։ Այդ հարցը դարձավ գործի անցնելու պատճառ»։

Գոհար Մկոյանը


Առաջին բաց դասերի ժամանակ սկսեցին ներկայացվել դեպքեր, երբ մեկ մարդու հաջողակ գործունեության արդյունքում զարգանում էր ամբողջ համայնքը, կամ գյուղը, հասարակության բարեկեցության մակարդակն էր բարձրանում։ Բոլորի համար աստիճանաբար պարզ դարձավ, որ ստեղծելով նման ծրագիր, կարելի է դիմել պատկան մարմիններին եւ պետբյուջեից ստացած գումարը ոչ թե ուղղորդել մարդկանց՝ օգնության տեսքով, այլ կարգավորել նրանց սոցիալական խնդիրը՝ աշխատանք տրամադրելով եւ սեփական խնդիրները կարգավորելու հնարավորություն ընձեռելով։

«Որքան էլ օգնես սոցիալական աջակցության կարիք ունեցող մարդուն, մի օր այդ օգնությունը սպառվում է։ Սովորաբար, երբ մարդիկ լսում են սոցիալական ձեռներեցության մասին, մտածում են, որ դա բարեգործություն է, բայց դա իրականում այդպես չէ, այն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, կորպորատիվ պատասխանատվության հետ ասոցացնելը շատ սխալ է»։

Ծրագրի նպատակն ու մասնակիցները

Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ սոցիալական խնդիրների լուծումը եւ սոցիալական շահը դնում է իր բիզնես մոդելի հիմքում, եւ իր շահույթի մեծ մասը ներդնում է դրական սոցիալական փոփոխությունների ձեւավորման եւ սոցիալական մարտահրավերների լուծման համար: Այն սոցիալական տնտեսության մաս է, որը գտնվում է շուկայի եւ պետության միջեւ:

Գոհար Մկոյանի պարզաբանմամբ, սոցիալական ձեռներեցների դպրոցում կարող է սովորել յուրաքանչյուրը՝ կարեւորը հասկանա, թե ինքն ի՞նչ է ուզում եւ ի՞նչ է անելու, դպրոցում արդեն կգտնի դրանք իրագործելու բանալին։

Դպրոցի դռները բաց են նրանց առջեւ, ովքեր ուզում ենք սկսել զբաղվել  սոցիալական ձեռնարկատիրությամբ, եւ նրանց առջեւ, որոնք զբաղվում են ավանդական ձեռներեցությամբ, բայց ուզում են հասկանալ սոցիալականը։

Գոհար Մկոյանը

 
«Այս բիզնեսի առաջնային նպատակներից մեկն էլ այն է, որ պետք է կարողանաս ցույց տալ, թե սոցիալական ինչ ազդեցություն ես թողել, քանի մարդու ես օգնել եւ ինչ ես արել քո պետության համար։ Եթե կարողանում ես զբաղվել սոցիալական ձեռներեցությամբ ու գումար աշխատել, լրացուցիչ ներդրում անել, կարող ես ավելի մեծ շահույթ ապահովել, քան նույնիսկ ավանդական բիզնեսի պարագայում։

Եթե դու հասկանում ես քո առաքելությունը, հասկանում ես թե ինչ խնդիր ես լուծելու, պետք է կարողանաս առաջ գնալու հմտություններ էլ կիրառել», -ասում է Գոհար Մկոյանը։

Սոցիալական ձեռներեցների  դպրոցում կարող է ընդգրկվել մինչեւ 30 մասնակից, քանի որ ծրագիրը եռամսյա է, դասախոսելու է 85 դասախոս։ 3․5 ամսվա դասընթացների արժեքը 289 հազար դրամ է։

Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 3397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW