2020 թվականի դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտավ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը: Այս որոշումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար: Մյուս կողմից, քիչ չեն դրա հետեւանքով առաջացած խոչընդոտները: Banks.am-ը փորձել է պարզել՝ ինչքանով են շահել եւ ինչ խնդիրների են բախվել հայ արտադրողները որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ զրուցելով Soft Papyrus ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանի հետ: Սպառման ծավալների աճSoft Papyrus ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին: Այն զբաղվում է հիգիենայի, թղթյա պարագաների, մաքրող եւ ախտահանող միջոցների, խոնավ անձեռոցիկների արտադրությամբ եւ վաճառքով: «Շուկան ուսումնասիրելուց հետո հասկացել էինք, որ հայկական բարձր որակի անձեռոցիկ չկա եւ որոշել այդ ազատ տեղերը գրավել՝ առաջարկելով հայկական բարձրորակ արտադրանք: Դա մեզ մոտ որոշակիորեն ստացվեց: 2018 թվականից հասկացանք, որ ունենք արտադրողականության խնդիր եւ որոշում կայացրինք ձեռք բերել եվրոպական չափանիշներին համապատասխան նորագույն հաստոցներ, ինչն էլ հնարավորություն տվեց արտադրանքի որակը եւս մեկ աստիճանով բարձրացնելու»,- պատմում է ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը: Տիգրան Կարապետյանը Նրա խոսքով՝ իրենց գործունեության ոլորտում թուրքական արտադրանքը զբաղեցնում էր շուկայի 30-40 %-ը: Ներմուծման արգելքից հետո հայկական ընկերությունների սպառման ծավալներն աճել են: «Կոնկրետ մեր ընկերությունում մոտ 20 տոկոսանոց աճ ունենք, ինչը բավականին լավ է, քանի որ մեզ ավելի զարգանալու եւ առաջ գնալու հնարավորություն կտա»,-նշում է Տիգրան Կարապետյանը: Հումքի փոխարինման դժվարություններԹեեւ Թուրքիայից հումքի ներմուծման արգելք առայժմ չի սահմանվել, ընկերությունը փորձում է փոխարինել նաեւ թուրքական հումքը, ինչը, սակայն խնդրահարույց է: «Ելնելով նաեւ հայրենասիրական նկրտումներից, փորձում ենք ձերբազատվել թուրքական հումքից կախված լինելուց: Բացի այդ, դեռեւս անորոշ է, գուցե առաջիկայում հումքի ներմուծումը եւս արգելվի: Հումքի փոխարինումն արտադրողների համար բավականին շատ դժվարություններ է առաջացնում, եւ բոլորիս որոշակի ժամանակ է անհրաժեշտ նոր գործընկերներ գտնելու ու նույն որակը ստանալու համար: Թուրքիայից ներմուծման ժամանակ լոգիստիկ խնդիրներ չկային, մինչդեռ այժմ հումքի տեղափոխման ժամանակ խնդիրներ ունենք Վերին Լարսի անցակետում: Խոչընդոտներ կան նաեւ իրանական գործարանների հետ աշխատանքում, քանի որ պարտաճանաչության առումով իրենք որոշակիորեն կաղում են»,- մանրամասնում է ընկերության տնօրենը: Այժմ բանակցում են ֆինլանդական ընկերության հետ: Այնուամենայնիվ, նոր գործընկերոջ հետ աշխատանքի ադապտացման փուլը որոշակի ժամանակ է պահանջում: Այդ պատճառով էլ Soft Papyrus-ին թուրքական հումքը լիարժեք փոխարինելու համար 1-1.5 տարի ժամանակ է անհրաժեշտ: Ծավալի աճ՝ հումքի պակասորդ«Թուրքիայից ներմուծումը բավականաչափ հարմար էր ժամանակային առումով. պատվերը ստանում էինք 15-օրյա ժամկետում: Հիմա նույն հումքը Ֆինլանդիայից, Չինաստանից ստանալու համար մեզ 1-1.5 ամիս ժամանակ է պետք: Մեր արտադրանքի սպառման ծավալների աճին զուգընթաց՝ հումքի պակասի խնդիր ենք ունենում: Հումքային բազան պետք է մեծացնենք, որի համար ներդրումներ են անհրաժեշտ: Այս գործընթացում խիստ անհրաժեշտ է կառավարության աջակցությունը»,- նշում է Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ հնարավոր է նաեւ արտադրանքի գնի փոքր-ինչ բարձրացում, քանի որ նոր գործընկերները սկզբնական շրջանում հումքը չեն տրամադրի ամենահարմար գնով: Տեղափոխման ճանապարհի երկարացումը եւս ավելացնելու է ընկերության ծախսերը: Այնուամենայնիվ, Տիգրան Կարապետյանը սա որակում է ընդամենը կարճաժամկետ խնդիր, իսկ երկարաժամկետ կտրվածքում արտադրանքի ինքնարժեքը կրկին կնվազի: Թուրքականը դուրս չի մղվելՉնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին՝ այդ արտադրանքը, միեւնույն է, առկա է հայկական շուկայում, պարզապես ներմուծվում է ոչ թե Թուրքիայից, այլ, օրինակ, Ռուսաստանից: «Թուրքական ընկերությունները գործարաններ ունեն նաեւ Ռուսաստանում: Այժմ նույն արտադրանքը Հայաստան է մտնում ռուսական շտրիխ-կոդով: Ստացվում է, որ մենք պարզապես մեր աչքերն ենք փակել, թուրքական հիմնական բոլոր ապրանքներն այժմ շուկայում առկա են: Օրինակ՝ անձեռոցիկ արտադրող թուրքական մի ընկերություն, որ Ռուսաստանում ունի գործարան, արտադրանքը ներմուծում է ԵԱՏՄ տարածք, շատ ավելի էժան ինքնարժեք է կարողանում ապահովել ու հայկական արտադրանքի սպառմանը խիստ խանգարում է»,- նշում է Տիգրան Կարապետյանը: Հայկական արտադրանքի խոշոր մրցակիցներից է նաեւ չինականը, որը մեծ ծավալների հաշվին ցածր ինքնարժեք ունի: Պետություն-արտադրող-սպառող փոխգործակցություն«Հայկական արտադրության ծավալները կաճեն արտահանման հաշվին: Այս դեպքում պետության աջակցությունը պարտադիր է: Սուբսիդավորման կամ ինչ-որ արտոնությունների հաշվին պետք է զարգանալու հնարավորություններ ստեղծել հայ արտադրողի համար: Հետագայում ինքներս կշարունակենք գնալ դեպի զարգացում, սակայն այս պահին պետությունը պետք է կանգնի հայ արտադրողի եւ գործարարի կողքին»,- վստահ է Տիգրան Կարապետյանը: Թեեւ Soft Papyrus-ն այս պահին արտահանում չունի, սակայն այդ ուղղությամբ ընկերությունը մեծ ջանքեր է գործադրում: Նախորդ տարի հաջողել էին պայմանավորվածություններ ձեռք բերել ապրանքները դեպի Վրաստան արտահանելու համար, սակայն համավարակի հետեւանքով դրանք չեղարկվեցին: Այս տարի նորից կփորձեն: «Ցանկացած արտադրող ձգտում է ծավալների աճին զուգահեռ ներդրումներ կատարել՝ որակը բարձրացնելու համար: Հայ սպառողը, անգամ իրեն փոքր-ինչ անհարմարություն պատճառելով, պետք է նախընտրի հայկական արտադրանքը: Դա պետք է յուրաքանչյուր հայի համար լինի պարտադիր, որովհետեւ իր այդ գնումով նպաստում է, որ հայկական ընկերությունները զարգանան ու կարողանան ավելի շատ ուշադրություն դարձնել որակին»,- ամփոփում է Տիգրան Կարապետյանը:Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի Tweet Դիտում՝ 11288