Տնտեսական սահմանափակումներին զուգահեռ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Գործարարության աջակցման գրասենյակի եւ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ մեկնարկել է «#ԲիզնեսնԸնդդեմCOVID19» նախաձեռնությունը: Դրա շնորհիվ մի շարք գործարարներ ստացել են բիզնես թեմաներով վեբինարներին անվճար մասնակցության եւ անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն: Banks.am-ը զրուցել է ծրագրում ներգրավված կողմերի ներկայացուցիչների հետ՝ փորձելով պարզել դրա արդյունավետությունը: Թեմատիկ վեբինարներ եւ քոուչինգՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի խոսքով՝ բիզնեսի առաջնային կարիքները հասկանալու համար մարտին կազմակերպվել է հարցում, որին մասնակցել է 1300 տնտեսվարող: Պարզ է դարձել, որ տնտեսվարողներն ունեն տեխնիկական խորհրդատվության կարիք: Ապրիլի 1-ից մեկնարկել են տեղական լավագույն խորհրդատուների կողմից անցկացվող 23 թեմատիկ վեբինարները:«Ի տարբերություն համացանցում հասանելի նյութերի, վեբինարների ընթացքում մասնակիցները կարողանում են հստակ հարցեր ուղղել եւ տեղում ստանալ պատասխաններ: Բայց եւ այնպես, վեբինարի ընթացքում հնարավոր չէ երկար ժամանակ հատկացնել յուրաքանչյուր կազմակերպության ներկայացուցչին անհատապես, եւ այդ պատճառով էլ նախաձեռնեցինք մեր հաջորդ միջոցառումը՝ «Քոուչինգը», որով առաջարկվում են 110 տարբեր թեմաներով 1100-ից ավելի անհատական անվճար խորհրդատվություններ»,- մանրամասնել է փոխնախարարը՝ հավելելով, որ այդ հնարավորությունը դեռեւս գործում է:Կայուն գիտելիքTEVO'S արծաթյա զարդերի բրենդը ներկայացնող Հերմինե Ասլանյանը պատմում է, որ արտակարգ դրության օրերին տնից աշխատելիս ամեն հնարավոր ազատ րոպեն փորձել է օգտագործել վեբինարների մասնակցելու, կրթական ծրագրերից օգտվելու համար։ «Նախ մասնակցեցի նախարարության կողմից նախաձեռնած վեբինարների շարքին, որոնք Zoom-ով էին անցկացվում, իսկ հետո տեղեկացա նաեւ անհատական խորհրդատվական ծրագրի մասին ու անմիջապես դիմեցի: Քանի որ կարելի էր ընտրել միայն երկու խորհրդատվություն, առանձնացրի Սիլվա Մեսրոպյանի «Վաճառքների կանխատեսում, ռազմավարություն» եւ Տաթեւիկ Բեյբությանի «Օնլայն եւ օֆլայն մարքեթինգ» թեմաները։ Ինքս թվային մարքեթինգի մասնագետ եմ, սակայն նախարարությունն այնպիսի փորձագետների ելույթ էր առաջարկվում, որ պարտադիր պետք էր նրանց լսել»,- մանրամասնում է Հերմինե Ասլանյանը:Նրա խոսքով՝ ձեռք բերված գիտելիքն արժեքավոր եւ կիրառելի է ոչ միայն ճգնաժամային իրավիճակում, այլեւ հետագա գործունեության համար: Հերմինե Ասլանյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից Անհատ ձեռներեց Արտյոմ Բաղրամյանը, որ զբաղվում է նոթատետրերի, թղթապանակների, կազմերի եւ նման այլ իրերի արտադրությամբ, պատմում է՝ մասնակցել է ինչպես վեբինարներին, այնպես էլ ստացել անհատական խորհրդատվություն հետաքրքրող թեմաների շուրջ: «Մասնագետները ճիշտ ուղղության ցույց տվեցին գործունեությունը վերլուծելու եւ հասկանալու համար՝ որտեղ ենք թերանում, ինչպես կարող ենք առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ցավոք, ստացած գիտելիքը դեռեւս չենք կարող գործնականում կիրառել, քանի որ շուկան շարունակում է պասիվ մնալ»,- նշել է նա:Անհատական լուծումներԿառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանը, ելնելով ստեղծված իրավիճակում բիզնեսի առաջնային պահանջներից, անհատական խորհրդատվության համար 4 թեմա է առաջարկել՝ նոր բիզնես գաղափարների մշակում, վաճառքի ռազմավարություն, բիզնես մոդելավորում եւ հաճախորդների հետ հարաբերությունների կառուցում: «Երբ գործարարը կապվում է ինձ հետ օր եւ ժամ պայմանավորվելու համար, նախապես փորձում եմ հասկանալ իրեն հետաքրքրող հարցերի շրջանակը՝ անկախ տվյալ խորհրդատվության թեմայից: Հասկանալով գործարարի խնդիրը՝ մոտ երկու ժամ տեւողությամբ խորհրդատվության ընթացքում մանրամասն անդրադառնում ենք բոլոր դիպվածներին, միասին հաշվարկներ, կանխատեսումներ անում»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է Սիլվա Մեսրոպյանը: Խորհրդատուի խոսքով՝ շատ գործարարներ հստակ հարցեր են առաջ քաշում եւ խորհրդատվություն ստանում կոնկրետ օրինակներով, իսկ հաճախորդների մեկ այլ հատվածն էլ, մտահոգված լինելով համաճարակային իրադրությամբ, ցանկանում է լսել խորհրդատվություն իրավիճակի գնահատման, վերապրոֆիլավորվելու եւ նման այլ հարցերի շուրջ: Սիլվա Մեսրոպյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից Լրացուցիչ աղբյուրներՏնտեսավարողների մոտ ճգնաժամային կառավարման հմտությունների զարգացման համար ծրագրի շրջանակում ստեղծվել է նաեւ «Բիզնեսի շարունակականության պլանավորում կորոնավիրուսի պայմաններում եւ հետեւանքով» ուղեցույցը: 22.05.2020 | 17:49 Բիզնեսի շարունակականության պլանավորում. ուղեցույցի առանցքային կետերը Տնտեսվարողների հետ զրույցներից նաեւ պարզ է դարձել, որ նրանց մեծ մասը շատ քիչ է տեղեկացված աջակցության տարբեր ծրագրերից, դրամաշնորհներից, մրցույթներից: Այդ պատճառով էլ գործարկվել է նաեւ ՓՄՁ հնարավորությունների հարթակը, որը ներառում է ՓՄՁ աջակցության բոլոր տեսակի կառույցների, առկա հնարավորությունների մասին տեղեկատվություն ու թարմացվում է ամենօրյա ռեժիմով:Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 5584