SmartApaga Container. Թափոնների կառավարման խելացի լուծում
18.05.2020 | 17:20
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս










«Սմարթ Ապագա» ընկերության նոր «խելացի» տարան արդեն պատրաստ է ծառայելու բնասերներին: Դրա ստեղծման ու առանձնահատկությունների մասին Banks.am-ին պատմել են ընկերության հիմնադիրներ Արշակ Ղազարյանը եւ Հայկ Կազարյանը:
Նախապատմություն
2019թ. աշնանը «Ռե-Ապագա» բարեգործական հիմնադրամը ներկայացրել էր «ՍմարտԱպագա» վերամշակման տարայի մոդելը, որ նախագծված էր հանրային տարածքներում տեղադրելու համար: Որոշ ժամանակ գործելուց հետո «խելացի» աղբարկղի նախագիծը բարդությունների էր հանդիպել:
«Թափոնների հավաքման համար նախատեսված տարաները ցանկանում էինք հանրային տարածքներում տեղադրել, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանային դրանից օգտվել: Սակայն կարճ ժամանակում հասկացանք, որ ո´չ մենք, ո´չ էլ մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ դրան»,- պատմում է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Հայկ Կազարյանը:
Նրա խոսքով՝ թեեւ տարան օգնեց 2 ամսվա ընթացքում մեկ տոննայից ավելի պլաստիկ հավաքել, սակայն դրան շատերն անխնամ էին վերաբերվում: Ի վերջո, տարա նետված ծանր շինարարական աղբը դարձավ դրա անսարքության պատճառը:
«Մեկ այլ խնդիր էր սարքի ինքնարժեքը, որ բավականին բարձր էր: Ավելի մատչելի դարձնելու համար անհրաժեշտ էր մեծ քանակությամբ պատվիրել, սակայն հովանավորներ գտնել չհաջողվեց: Շուտով մեր կազմակերպությունում եղան փոփոխություններ, նախկին ընկերությունը լուծարվեց ու նույն թիմի հետ ես եւ Արշակ Ղազարյանը հիմնադրեցինք «Սմարթ Ապագա» ՍՊԸ-ն՝ շարունակելով թափոնների կառավարման լուծումների ստեղծմանն ուղղված մեր գործունեությունը»,- մանրամասնում է Հայկ Կազարյանը:
Ընկերությունը որոշում է նոր ուղղություն որդեգրել՝ առաջարկելով թափոնների «խելացի» տարաներ շինության ներսում տեղադրման համար՝ գրասենյակներում, հյուրանոցներում, դոմոֆոնային համակարգով պաշտպանված բազմահարկ շենքերում:
«Հասկացանք, որ այս կերպ տարաներն ավելի նպատակային կօգտագործվեն: Էկոլոգիական մշակույթի կրող կազմակերպությունների միջոցով կկարողանանք կրթել մարդկանց՝ ինչպես վարվել թափոնների հետ եւ գուցե հետագայում, երբ կունենանք էկո մտածելակերպով հանրություն, կրկին կառաջարկենք հանրային տարածքների համար նախատեսված «խելացի» տարաներ»,- պատմում է Արշակ Ղազարյանը, որ «Սմարթ Ապագայի» տեխնիկական գծով տնօրենն է:
Թափոնի որակի կարեւորությունը
Արշակ Ղազարյանն ասում է, որ թղթե, պլաստիկե կամ ապակե թափոնների համար նախատեսված SmartApaga Container-ը շատ ավելի մատչելի է եւ կարող է պատրաստվել տարբեր հումքերից՝ ավելի ճկուն լինելով դիզայնի եւ արժեքի տեսանկյունից: Այն կարելի է գնել, վարձակալել կամ ձեռք բերել դեպոզիտային տարբերակով:
«Տարայից թափոնների տեղափոխման արժեքը տատանվում է 500-ից 3000 դրամի շրջանակում՝ կախված ծավալից, թափոնի տեսակից եւ որակից: Նախկինում թափոնների տեղափոխման համար ֆիքսված գին էր գործում, սակայն այժմ փորձում ենք նոր մշակույթ մտցնել՝ շահագրգռելով մարդկանց հետեւել թափոնի որակին՝ մաքրությանը, խտությանը: Լավորակ թափոնները կօգնեն նրանց ավելի մատչելի գնով օգտվել տեղափոխման ծառայությունից»,- մանրամասնում է նա:
Թափոններ հավաքելով օգտատերերը ստանում են «Ապագա» միավորներ՝ ընկերության գործընկերների ծառայություններից օգտվելու համար:
«Խելացի» եւ «ավելի խելացի»
Առաջին «խելացի» տարան, որ առաջարկում է ընկերությունը, կարողանում է տեղեկատվություն տրամադրել՝ ինչքանով է այն լցված: Wi Fi-ին կցված լինելու շնորհիվ ընկերության աշխատակիցները օպերատիվ կերպով ստանում են այդ տեղեկատվությունն ու շտապում իրականացնել թափոնների տեղափոխումը: Այս տարայի դեպոզիտային արժեքը կարող է տատանվել $100-$400-ի սահմանում` կախված դրա չափից, պատրաստման հումքից:
«Երկրորդ տարան ավելի «խելացի է»: Այն բացվում է հատուկ QR կոդով՝ այդ կերպ հնարավորություն տալով պատվիրատուին որոշելու դրանից օգտվողների շրջանակը: Կցված տեսախցիկը թույլ է տալիս նաեւ տեսնել թափոնը նետողին, որպեսզի հնարավոր լինի իմանալ՝ ով է վատորակ թափոնը նետել: Այս տարան կօգնի պատվիրատու ընկերություններին ստանալ ավելի լավ հաշվետվություն իրենց էկոլոգիական ներդրման մասին»,- մանրամասնում է Հայկը:
Երկրորդ տարայի դեպոզիտային գինը $300-$700 է:
Երրորդ՝ «ամենախելացի» տարան կարողանում է որոշել թափոնի որակն ու չափը յուրաքանչյուր օգտատիրոջ համար, հետեւաբար, նաեւ դրանից օգտվողներին թույլ է տալիս «Ապագա» միավորներ կուտակել անհատապես: Այն ունի HD LCD էկրան, ինչպես նաեւ USB մուտքեր՝ մարտկոցների արագ լիցքավորման համար:
«Տարաներին դիպչելու անհրաժեշտություն չկա, ինչը բխում է համավարակային իրավիճակի կանոններից»,- հավելում է Հայկ Կազարյանը:
Տարաների այլընտրանքը
Ընկերությունը առաջիկայում կգործարկի նաեւ «խելացի» տոպրակների միջոցով թափոններ հավաքելու համակարգը, որը կգա փոխարինելու այժմ գործող թափոնների տեղափոխման տարեկան բաժանորդագրությամբ ծառայությանը:
«Նախատեսում ենք տրամադրել մեծ էկո-տոպրակներ՝ 75-100 լիտր տարողությամբ, որոնց վրա տեղադրված QR կոդի սքանավորմամբ բաժանորդը հեշտությամբ կկարողանա տեղեկացնել տոպրակի լցված լինելու մասին: Այս պարագայում եւս լավորակ թափոն հանձնողների համար տեղափոխման գինը կնվազի»,- ասում է ընկերության մարքեթինգի գծով տնօրենը:
«Այժմ աշխատում ենք ամբողջ համակարգն ավելի լավը դարձնելու ուղղությամբ: Արդեն իսկ նախանշել ենք 2-3 երկրներ, որտեղ պատրաստվում ենք ներդնել նույն համակարգը՝ Հայաստանում մոդելի բարեհաջող փորձարկումից հետո»,- նշել է Արշակ Ղազարյանը:
Անվտանգության նկատառումներով ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է վերամշակվող թափոնների հավաքման աշխատանքները։ Հայկ Կազարյանի խոսքով՝ այժմ մշակում են նոր ռազմավարություն, աշխատում են նոր հավելվածի ուղղությամբ՝ առաջիկայում առավել արդյունավետ եւ անվտանգ գործունեություն իրականացնելու համար:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Վերջին լուրեր
23.04.2025 | 15:54 Նորություններ
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
23.04.2025 | 12:34 Նորություններ
Նորաբաց Յան Կլինիկում կմատուցվեն որակյալ բուժծառայություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: