Հայաստանում սահմանված արտակարգ դրության շրջանում Globbing եւ Onex միջազգային գնումների ընկերությունները շարունակում են ծառայություններ մատուցել։ Ընկերությունները վստահեցնում են, որ հիմնական ուղղություններից բեռները բնականոն տեղ են հասնում, տատանումները կապված են Իտալիայի, Դուբայի եւ Չինաստանի ուղղությունների հետ։ Դադարեցվել է ծանրոցների ուղարկումը Հայաստանից դեպի այլ երկրներ։ GlobbingGlobbing ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Վահե Ղազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայաստանյան բոլոր սրահները բաց են։ Սրահներում անընդմեջ ախտահանում է իրականացվում, աշխատակիցներին համապատասխան համազգեստ է տրամադրվել, նրանց միջեւ հեռավորությունը պահպանվում է։ «Այս օրերին մի փոփոխություն ենք ավելացրել. եթե մինչեւ հիմա «տուն առաքում» ծառայությունը գործում էր միայն Արաբկիրի սրահից, այս պահին բոլոր սրահներից առաքում ենք։ Ցանկացած տեղում եթե մեր հաճախորդը ծանրոց ունի, կարող է «տուն առաքում» պատվիրել։ Ծանրոցը հատուկ անշփում մեխանիզմով ենք առաքում. աշխատակիցն ապրանքը դնում է նշված հասցեում, ամենաքիչը 2 մ հեռու է կանգնում ու զանգահարում հաճախորդին»,- ասում է Վահե Ղազարյանը։ Ընկերությունը հայտնում է՝ ԱՄՆ, Անգլիա, Ռուսաստան, Գերմանիա ուղղություններից բեռները բնականոն ստանում են, տատանումներ են նկատվում Իտալիա, Դուբայ եւ Չինաստան ուղղություններից։ Globbing-ը բեռները ստանում է օդային, ցամաքային ու ծովային ճանապարհներով։ «Առաքման աննշան տատանումներ գուցե լինեն, որովհետեւ հնարավոր է՝ վարորդներին բժշկական զննում են անցկացնում Լարսի անցակետում։ Եթե առաջ հնարավոր էր մեր նշած ժամկետներից ավելի շուտ ստանալ ծանրոցը, հիմա գուցե հենց մեր հայտարարած ժամկետներում է ապրանքը տեղ հասնում։ Ռուսաստանից ապրանքները ե՛ւ ցամաքային, ե՛ւ օդային ճանապարհներով են ստանում։ Օդային ճանապարհով Ռուսաստանից վերջին ապրանքը ստացել ենք երկու օր առաջ, նորի ժամկետը դեռ չի եկել, այսինքն՝ Ռուսաստանից դեպի Հայաստան օդային բեռնափոխադրումների ամբողջովին փակ լինելու մասին տեղեկությունը դեռևս հստակ չէ։ Վահե Ղազարյանը Այս պահին տատանումներ են նկատվում Իտալիայում, Չինաստանում եւ Դուբայում։ Այս երկրներում չվերթների առանջնահերթությունը տալիս են բժշկական ապրանքներին եւ դեղամիջոցներին։ Բեռներով ինքնաթիռները կանգնած են հերթի մեջ, ունենք բեռ, որ մեկ շաբաթ է՝ սպասում ենք։ Այս ուղղություններից ցամաքային բեռնափոխադրում չունենք։ Չինաստանից ծովային ճանապարհով էլ ենք բեռներ ստանում, պարզապես, այս ճանապարհն առհասարակ բավականին երկար է»,- մանրամասնում է Վահե Ղազարյանը։ Globbing-ը ծանրոցներ ուղարկում է միայն ԱՄՆ, սակայն այս պահին ուղարկման ծառայությունը ժամանակավոր դադարեցված է։ OnexOnex-ի գլխամասն աշխատում է, որոշ աշխատողներ, որոնց գործը հնարավոր է հեռավար կազմակերպել, տանից են աշխատում։ Այս ընկերությունը նույնպես իր հաճախորդներին առաջարկում եւ հորդորում է օգտվել «առաքում տուն» ծառայությունից։ Onex ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ դեպի Հայաստան ուղղությամբ առաքման հիմնական ծառայությունները գործում են։ Այս ընկերությունն աշխատում է օդային ճանապարհով։ «Onex-ը ներկրման ծառայություն իրականացնում է հինգ ուղղություններից, մեր հիմնական ուղղությունները՝ ԱՄՆ-ն եւ Անգլիան, շարունակում են անխափան աշխատել, քանի որ այս երկրներից բեռները ստանում ենք բեռնատար ինքնաթիռներով, այս ուղղություններով ապագայում էլ շեղումներ չենք ակնկալում։ Չինաստանից նույնպես բեռնատար ինքնաթիռով ենք բեռները բերում, բայց արդեն երեք շաբաթ է՝ խնդիրներ ունենք, քանի որ ներկայում Չինաստանից ուղարկում են բժշկական սարքավորումներ եւ հումանիտար օգնություն, բեռներին տեղ չի մնում։ Ակնկալում ենք, որ այս խնդիրը շուտով կկարգավորվի, մենք տարբերակներ ենք փնտրում այս ուղղությունից բեռներ ստանալու համար։ Դուբայի ուղղության հետ կապված խնդիր ունենք, որովհետև այստեղից բեռները ստանում էինք մարդատար ինքնաթիռներով, որի չեղարկումների պատճառով մեկ ամիս դադարեցվել է մեր բեռների ստացումը»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։ Սամվել Մարտիրոսյանը ONEX-ի տնօրենը հայտնում է, որ Ռուսաստանում ապրիլի 1-ից բոլոր չվերթների դադարեցման մասին որոշումից հետո կանգ է առել նաեւ բեռների ստացումը։ Այժմ տարբերակներ են փնտրում, որ այլ ճանապարհներով իրականացնեն Ռուսաստանից ապրանքների ստացումը։ Onex-ը նույնպես նշում է, որ այս պահին ոչ մի ուղղությամբ արտահանում չեն կարողանում անել, սա մեծամասամբ կապված է Ռուսաստանի ուղղության հետ, քանի որ երկիրը դադարեցրել է օդային չվերթները։ Որպեսզի լինեն հաճախորդի կողքինԵրկու ընկերությունները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը, ընդգծում են՝ այս օրերին շատ կարևոր են համարում հաճախորդի կողքին լինելը։ «Չնայած առկա բարդություններին՝ մենք ճանապարհներ գտնելու ենք ու իրականացնելու ենք մեր ծառայությունները, որովհետև կարծում ենք՝ մեր միջոցով ապահովվում է Հայաստանում գտնվող քաղաքացու կապն է աշխարհի հետ. ամեն ինչ պետք է անենք, որ այդ կապը չխափանվի»,- ասում է Onex ընկերության տնօրենը։ Globbing-ի մարքեթինգի գծով տնօրենը հաճախորդներին վստահեցնում է, որ բոլոր ուղղություններով հանգիստ կարող են գնումներ կատարել, տատանումները կապված են հիմնականում տվյալ երկրի օդանավակայանի աշխատանքի հետ։ «Ցավոք, զգալիորեն քչացել են պատվերները, ինչն ընկերությանը շատ լուրջ ֆինանսական կորուստների է բերում։ Որպես բիզնես մոդել՝ հիմա մեզ համար ավելի շահավետ կլիներ, եթե դադարեցնեինք թե սրահների, թե ուղղությունների աշխատանքը։ Ուղղություններ եւ սրահներ ունենք, որ այժմ ի վնաս ընկերության են աշխատում, կան ուղղություններ, որ մինչեւ 45-50 % պատվերների նվազում է նկատվում։ Մենք հիմա միայն հաճախորդների համար ենք աշխատում, հասկանում ենք, որ մարդիկ տանն են ու ինչ-որ բան ձեռքբերելու այլընտրանք չունեն»,- ասում է Globbing-ի մարքեթինգի գծով տնօրենը։ Ամալի Խաչատրյան Tweet Դիտում՝ 8483