Terracotta-ի՝ ճաշակ քարոզող բիզնեսը

27.02.2020 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Terracotta #Նանա Մանուչարյան #կավագործություն
Terracotta. թարգմանաբար՝ այրված հող, իսկ իրականում միջավայր, որտեղ սովորեցնում են սիրել արվեստն ու նաեւ գումար աշխատել դրանով։ Արդեն 10 տարի Երեւանում, շուրջ 2 տարի էլ Վանաձորում գործում են Terracotta ստուդիա-արվեստանոցները, որտեղ զբաղվում են կավագործությամբ, նկարչությամբ, կարուձեւով ու հագուստի մոդելավորմամբ։

Terracotta-ի հիմնադիր Նանա Մանուչարյանը Banks.am-ին պատմել է, որ նպատակը մեկն է՝ կրթելու միջոցով Հայաստանում զարգացնել դեկորատիվ-կիրառական արվեստը:

Նանա Մանուչարյանը՝ Վանաձորի ստուդիայի սաների հետ

Երազանքի փուլում

«Աշխատել սկսել եմ 14 տարեկանից։ Արվեստանոցներում աշխատում էի որպես օգնական, որտեղ կարողանում, քիթս «խոթում» էի։ Իրականում իմ երազանքն էր ունենալ արվեստանոց, բայց մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ արվեստագետ չկար, անշարժ գույք էլ չունեինք, որը կարող էր դառնալ իմ երազած անկյունը։ Հիշում եմ, թե ինչպես էի քայլում փողոցներում ու հենց որ կիսանկուղային տարածքներ էի տեսնում, մտածում էի՝ ո՞նց կարելի է այդպիսի մի անկյուն ունենալ»,- պատմում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ, նկարիչ, խեցեգործ Նանա Մանուչարյանը:

Մտքերն ու գաղափարները շատ էին, հնարավորությունները՝ քիչ։ Բայց արվեստի ոլորտում նախագահի մրցանակը շատ բան փոխեց։ $5000՝ ընկերուհու հետ ներկայացրած գրաֆիկական աշխատանքի համար, որը, Նանայի խոսքով, շատ մեծ գումար էր իրենց համար։

Նույն ժամանակահատվածում Նանան համագործակցությամբ սկսում է աշխատել Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրում։


««Արեգնազան»-ում կավի խմբակ ունեինք, որից էլ սկսվեց Terracota-ի պատմությունը։ Ծանոթների, ընկերների երեխաներ էին հաճախում՝ չնչին վճարով, իսկ ռեսուրս ընդհանրապես չկար։ Ունեի նախագահի մրցանակի գումարը, որի մի մասով ճամփորդել էի, մի մասով՝ գնել համակարգիչ եւ մյուս շատ փոքր գումարով էլ վառարան գնեցի ու անհրաժեշտ մի քանի գործիքներ։ Այդպես խմբակը սկսեց զարգանալ։ Տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ էինք անում, մանր-մունր գործեր։ Ու երբ խմբակը մեծացավ, սկսեցինք անուն մտածել։ Terracota բառը միշտ է իմ մտքում եղել, ու հենց այդպես էլ անվանեցինք խմբակը»,- իր գործունեության մասին է պատմում Նանան:


Հաջող ընթացք

Terracota խմբակ-արվեստանոցն ընդլայնվում էր։ Մի կողմից՝ կավագործության նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն ու պահանջարկն էր մեծանում, մյուս կողմից՝ կային զարգացման բազմաթիվ հեռանկարներ։ Իսկ դա նշանակում էր, որ նոր արվեստանոց բացելու ժամանակն էր։

Հաջորդաբար բացվում են Terracota-ի երկրորդ, երրորդ, ապա՝ չորրորդ արվեստանոցները՝ Երեւանի Տերյան 62, Սարյան 23 եւ Հակոբյան 1 հասցեներում։

«Ամեն ինչ կաթիլ-կաթիլ, բայց ոչ երբեք պարտքով կամ վարկով։ Չունե՞նք՝ ոչինչ։ Կբավարարվենք քչով։ Այսպես 5 տարի մենք աշխատել ենք առանց դուրգի (բրուտագործական ճախարակի անիվ – խմբ.), Հայաստանում անգամ նորմալ կավ չկար։ Բայց շատ չէի անհանգստանում, որ չունենք, որովհետեւ վստահ էի՝ մի օր ունենալու ենք։ Եվ ունեցանք»,- ոգեւորությամբ պատմում է Նանան:

Դեպի Լոռի

Ցուցահանդեսներ, բաց դասեր, բարեգործական ակցիաներ. Terracota-ն տարբեր համագործակցությունների շրջանակում հաճախ էր լինում Հայաստանի մարզերում։ Արդյունքում ծնվում է Երեւանից դուրս արվեստանոց ունենալու գաղափարն ու որոշվում՝ հինգերորդ ստուդիան Վանաձորում է լինելու, որովհետեւ, ըստ Նանայի, սա այն քաղաքներից է, որը պետք է զարգացնել։

Գյումրիի դեպքում, օրինակ, կատարվող ներդրումներն ու ծրագրերը շատ են, իսկ Վանաձորի եւ հարակից բնակավայրերի երեխաներն արվեստի ոլորտում ընտրության մեծ հնարավորություններ չունեն։


2018-ին Վանաձորում բացվում է Terracota ստուդիան։ Պարզվում է՝ կավի նկատմամբ հետաքրքրությունն այստեղ էլ մեծ է։ Լոռու մարզի տարբեր համայնքներից մարդիկ 1-2 ժամ ճանապարհ են անցնում՝ խեցեգործություն ուսումնասիրելու եւ դեկորատիվ կիրառական արվեստին ծանոթանալու նպատակով։ Սա, իհարկե, ամսվա ընթացքում մի քանի անգամ։

«Terracota-ն պետք է այնպիսի վայրում լինի, որը երեխային ճաշակ կքարոզի։ Այսինքն, աշխատելու, ստեղծագործելու համար նախատեսված տարածքը պետք է մաքուր ու գեղեցիկ կահավորված լինի։ Իսկ դա նշանակում է, որ մտածում ենք ամեն դետալի, մանրուքի մասին՝ արվեստանոցի սեղան-աթոռից սկսած մինչեւ ինտերիեր»,- ասում է Նանա Մանուչարյանը։


Կրթական նախագծեր

Terracota-ի սաները մասնակցում են կրթական բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք, ի դեպ, հենց վարպետներն են մտածում ու կյանքի կոչում։ Ակտիվ համագործակցություն կա թանգարանների հետ. այստեղ կան մեծ ռեսուրսներ, բայց քիչ գումար։

«Ամեն անգամ փորձում ենք նոր տեխնիկա ուսումնասիրել, որ երեխայի պատկերացումներն էլ մեծանան դեկորատիվ կիրառական արվեստի վերաբերյալ, եւ բնականաբար դա չլինի միայն կուժ, կուլա, բաժակ, այլ լինի որեւէ կոնկրետ թեմայի ուսումնասիրություն։ Ունեցել ենք Ենգիբարյանին նվիրված ցուցահանդես, խեցեգործության միջոցով անդրադարձել ենք կրկեսին, մնջախաղին՝ փորձելով զարգացնել մեր երեխաների աշխարհայացքը»,- պատմում է Նանա Մանուչարյանն ու նշում նաեւ տարբեր ազգերի մշակույթներին նվիրված իրենց հավաքածուների մասին:


Terracota-ի վերջին մեծ նախագիծը Երեւանի բուսաբանական այգու կամարն է եղել, որը նվեր է եղել մայրաքաղաքին։ Նախ, մեծ կամար են կառուցել, ապա՝ ամբողջությամբ խճապատել։ Խճե նկարը պատկերում է տարբեր բույսերի մասնիկներ, որոնք հավաքել են, սովորել դրանց անունները, հետո՝ կաղապարներ հանել ու պատրաստել։

Նանայի խոսքով՝ տեղի ընտրությունը նպատակային է եղել. հարկավոր էր տխուր վիճակում գտնվող Բուսաբանական այգուն շունչ հաղորդել ու նպաստել այցելուների թվի ավելացմանը։

Terracota-ն՝ որպես բիզնես

Terracota-ի երեւանյան 4 ստուդիաներից մեկում նաեւ խանութ է գործում, որտեղ վաճառվում է արվեստանոցներում պատրաստված արտադրանքը։ Իսկ արտադրանք ասվածը սպասք է, զարդեր, յուրօրինակ լուսամփոփներ, մոմակալներ, զանազան հուշանվերներ, խճանկարներ եւ այլն։

Ձեռքի աշխատանքով՝ ճաշակի քարոզ, իսկ որ ամենակարեւորն է՝ արտադրված է Հայաստանում. ահա այսպես են տեսնում դեկորատիվ կիրառական արվեստի տարածումն ու զարգացումը Terracota-ում։


Արտադրանքի գները սկսվում են 1000 դրամից ու հասնում մինչեւ 500 000 դրամի։ Ի դեպ, Terracota-ում պատրաստվող իրերը չեն կրկնում մեկը մյուսին եւ հասանելի են ցանկացած գնորդի. ամեն մեկն այստեղ կարող է գրպանին համապատասխան նվեր գտնել։

Արվեստանոցում ամենահետաքրքիր շարքը, թերեւս, տնակներն են, որոնց ստեղծման հիմքում նախապատմություն կա։ Մշակույթների փոխանակման նպատակով Լեհաստան կատարած մի քանի շրջագայությունների արդյունքում, օրինակ, ծնվել է «Գդանսկի տնակներ» շարքը։ Իսկ հայկական ճարտարապետությունը պատկերող շարքը ներառում է նաեւ Շուշիի սպիտակ շենքերը։


Սովորելու գինը

Երեւանում Terracota արվեստանոց-ստուդիա կարող են հաճախել 3-100 տարեկան բոլոր ցանկացողները։ Ստուդիան տրամադրում է ուսման համար անհրաժեշտ բոլոր նյութերը։

Մեծահասակների համար ամսական 8 դասը 25 000 դրամ արժե, երեխաների համար՝ 5 000-ով պակաս։ Նույն ընտանիքից ստուդիա հաճախող երեխաների համար ընդհանուր գումարը զեղչվում է 15%-ով։

Վանաձորում գներն այլ են. մատչելի՝ կիսով չափ։ Նույնն են միայն վարպետաց դասերի գները։ Երեխաների համար մեկ վարպետաց դասի արժեքը 4000 դրամ է, մեծահասակների համար՝ 6000։

Terracota-ն Երեւանում ու Վանաձորում միասին 200 սան ունի։

Terracotta Bus

Դեկորատիվ կիրառական արվեստը Երեւանից դուրս ներկայացնելու եւ տարածելու նպատակով Terracotta-ի թիմը կշրջի Հայաստանի մարզերում ու հեռավոր բնակավայրերում։


Terracotta Bus շրջիկ ավտոբուսն իր ուղեւորությունը կսկսի գարնանը։ Տարբեր քաղաքներում կանցկացվեն կրթական ծրագրեր, վարպետաց դասեր։ Բացի այդ, արտադրանքի ցուցադրություն-վաճառք կիրականացվի։

Terracotta Bus-ում նաեւ գիրք գնելու հնարավորություն կլինի։

Ավտոբուսի չվացուցակը հասանելի կլինի բոլոր համայնքներում, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն եւ սպասեն։

Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Terracotta-ի արխիվից
Դիտում՝ 9138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW