Երբ 2017-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Անդրանիկ Մանուկյանը երկու տարվա ուսուցչական ծառայությամբ եկավ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ՝ ֆիզկուլտուրա դասավանդելու, այստեղ նշմարվեցին նոր բիզնես գաղափարներ։ «Մովսեսի կանաչ»Մովսեսում դափնիները շատ են։ Ընկեր Անդրանիկը նկատում է ծառերի մեծաթիվ առկայությունն ու մտածում աշակերտների հետ դափնու տերեւի բրենդ ստեղծելու մասին: Քանի որ արտադրանքը Մովսես գյուղի դափնու տերեւներն էին, անվանումը երկար մտածել չի տալիս. որոշվում է, որ բրենդը կկոչվի «Մովսեսի կանաչ»: «Հավաքեցինք լիքը դափնու տերեւ, փաթեթավորման համար 10 000 դրամով գնեցինք տոպրակներ եւ թանաք՝ բրենդի անունը գրելու համար: Տերեւները չորացրինք, փաթեթավորեցինք, բացեցինք ֆեյսբուքյան խումբն ու գրառումներով սկսեցինք տարածել դափնու տերեւը»,- պատմում է Անդրանիկը։ Լոգոյի համար դիմում են Մովսեսի «Արմաթ» խմբակին, վերջիններս էլ 3D տպիչով պատրաստում են բրենդի տարբերանշանը։ Հետագայում երեխաները թաթախում են այն թանաքի մեջ ու դաջում տոպրակին։ Ըստ հիմնադրի՝ սա բիզնես է կանանց համար, ցանկացած իգական սեռի ներկայացուցիչ կարող է միանալ այս աշխատանքին ու իր նպաստն ունենալ «Մովսեսի կանաչ»-ի զարգացմանը։ Այժմ մեծ խմբաքանակով են վաճառքն ապահովում, ինչպես նաեւ ցուցահանդես-վաճառքների մասնակցում:ՃագարաբուծությունՃագարներ բուծելու գաղափարը Անդրանիկի ընկերներից մեկինն է եղել՝ Զաքար Խոջաբաղյանինը։ Վերջինս առաջարկել էր ճագարաբուծությամբ զբաղվող Դավիթ Դավթյանին, որ Մովսեսում եւս գործունեություն ծավալեն։ 28.03.2019 | 09:35 Մովսեսում երեխաները ճագարաբուծությունը բիզնեսի են վերածում Միտքը կար, սակայն բիզնես պլան կազմելու համար որոշ ժամանակ էր պետք։ Երբ ամեն բան պատրաստ էր, նրանց հետ կապ են հաստատում ֆերմեր Դավիթ Դավթյանն ու «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության ներկայացուցիչը։ Ճագարաբուծության բիզնեսը զարգացնելու համար կազմակերպվում է օնլայն դրամահավաք, իսկ հետո նախաձեռնությանը միանում է «Օրրան» բարեգործական ՀԿ-ն։ Հավաքվում է 600 000 դրամ, որն էլ դառնում է ճագարաբուծության բիզնեսի ներդրումը։16-ամյա բիզնես լեդինԸնկեր Անդրանիկը, ֆիզկուլտուրայի դասերից բացի, ազգային պարեր էր սովորեցնում երեխաներին, պատանի լրագրողների ակումբ վարում եւ համակարգում բիզնես ծրագրերը։ «Ունենք 5 մշակութային արժեք ներկայացնող ծրագիր, աղջիկներին հիմնականում հետաքրքրել են կտորից պայուսակների, խխունջից վզնոցների, դափնետերեւի եւ ինչպես նաեւ՝ կավագործության աշխատանքները»,- ասում է Անդրանիկը։ Նրա աշակերտներից՝ 12-րդ դասարանի Նարե Քարտաշյանը, աչքի առջեւ ունենալով գործարարի կերպարի լավ օրինակ, որոշում է ինքն էլ զբաղվել որեւէ շահավետ աշխատանքով։ Նարեն հավաքում է գյուղի՝ հոգին ավանդած խխունջներին, մի քանի անգամ լավ լվանում, չորացնում, նրբորեն թելի համար անցք փորում եւ միագույն սփրեյով ներկում խխունջախեցին։ Այս ամենից հետո օգնության է շտապում ակրիլե ներկերով վրձնե նախշազարդումը։ Նարեն խխունջից պատրաստված վզնոցների վաճառքն օնլայն է կազմակերպում՝ «Խխունջարվեստ» ֆեյսբուքյան էջում ներկայացնելով Nare Kartash բրենդը:Նախնական ներդրումը 10 000 դրամ է կազմել։«ԿՍԱԶԻ» էկո պայուսակներԿսազի, թե ոչ, իրականում պարզ կլինի ուսին գցելուց հետո միայն, բայց բրենդը վստահաբար ասում է, որ «ԿՍԱԶԻ»։ Անդրանիկի ընկերոջ՝ Արման Հայրապետյանի ծննդյան օրը հյուրերի շրջանում դրամահավաք են իրականացնում՝ հավաքելով մոտ 100 000 դրամ եւ անցնում գործի։ Այս անգամ բիզնես սլաքն էկո պայուսակների ուղղությամբ էր։ Ծննդյան տոնից հավաքված գումարով գնում են կտորներ, ներկեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ։ Բրենդի անունը խորամանկորեն որոշում են, որ պետք է լինի՝ «ԿՍԱԶԻ», դե իհարկե, հագուստն ու դրան կից պարագաները փորձելիս առաջին հարցն է՝ «կսազի՞»։ Օնլայն վաճառք իրականացնելուց հետո Անդրանիկը կապ է հաստատում մարքեթինգային ընկերության հետ, որն օգնում է շուկայագիտական մի շարք հնարքներով, եւ ԱՁ ունենալու համար դիմում հաշվապահական ընկերության։ Այժմ գյուղի ամբողջ էկո պայուսակների արտադրանքն օրինական դաշտում է։ «Հեռավորությունը երբեք խոչընդոտ չէ երազանքների իրականացման ճանապարհին։ Պետք է միայն երազել եւ գնալ երազանքի հետեւից»,- ասում է Անդրանիկը։ԿավագործությունԿավագործությամբ զբաղվելու բիզնեսի գաղափարը «Կայթ» կրթամշակութային հիմնադրամի կավագործ վարպետ Ջիվան Հունանյանի եւ Տեր Աբել քահանա Քարտաշյանինն էր։ «Կայթ»-ը ֆինանսավորում է երկու աշակերտների ուսումնառությունը Երեւանի Art Ceramic արվեստանոցում։ Ուսումն ավարտելուց հետո երեխաները կավագործական գիտելիքներով զինված վերադառնում են գյուղ։ Ընկեր Անդրանիկը Varks.am-ի «Բարի գործեր» նախագծի շրջանակում ստանում է 1 500 000 դրամ ֆինանսավորում, իսկ Տեր Աբելը՝ տրամադրում Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիցատունը։ «Varks.am-ից ստացած գումարով վերանորոգեցինք եւ կարգավորեցինք կավագործության հաստոցները։ Տղաներին միացան երկու աղջիկներ ու սկսեցին սովորել: Այնուհետ մեկնարկեց օնլայն վաճառքը։ Այսօր աշխարհի 50-ից ավելի երկրում կան Մովսես գյուղի երեխաների կավե աշխատանքները: Կենտրոնանում ենք կրթության վրա, որ նրանց փոխարինողներ լինեն»,- ասում է Անդրանիկը։ Առաջին վաճառքը կավագործությունից են ունեցել՝ Մովսեսի դպրոցում «Գրադարակ»-ի բացման արարողության ժամանակ։ Ցուցահանդես-վաճառքին վաստակել են ավելի քան 30 000 դրամ։ ԱպագանԳյուղում փաստացի բնակվողները շուրջ 1000-ն են։ Այս տարի նախատեսվում է գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Բնակիչների հիմնական խնդիրները կապված են ջրամատակարարման, աշխատատեղերի պակասի եւ հակառակորդին շատ մոտ լինելու հետ։ Անդրանիկի խոսքով՝ գյուղն ունի նոր վերանորոգված մանկապարտեզ, բարվոք վիճակում գտնվող դպրոց, գեղեցիկ Մշակույթի տուն եւ տեսարժան Սուրբ Աստվածածին եկեղեցի։ «Ես «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանավարտ եմ, գիտեմ, որ շատ բիզնես ծրագրեր վաղը կարող են գոյություն չունենալ, սակայն այն փորձն ու հմտությունները, որ երեխաները ստացել են, ոչ ոք չի կարող նրանցից վերցնել։ Իսկ ես միշտ պատրաստ եմ աջակցել նրանց՝ նոր գաղափարների իրականացման հարցում»,- ամփոփում է Անդրանիկը։ Շուշանիկ ԱսատրյանԼուսանկարները՝ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 16061