Նորաձեւության աշխարհը կարող է շատ գրավիչ լինել, սակայն երկրագնդի վրա դրա բացասական ազդեցությունն օր օրի ընդլայնվում է՝ դարձնելով նորաձեւությունը բնությունն ամենաշատ աղտոտող արդյունաբերություններից մեկը: Վնասները նվազեցնելու, միաժամանակ՝ թրենդային լինելու համար հայ երիտասարդների ստեղծած ReTrend.me ստարտափն առաջարկում է կրել վերամշակված հագուստ՝ յուրօրինակ դիզայնով: Գաղափարի հեղինակ Հայկուհի Հովհաննիսյանն ու դիզայներ Աննա Խլղաթյանը Banks.am-ին պատմել են ReTrend.me-ի ստեղծման եւ բիզնես մոդելի առանձնահատկությունների մասին: Հիմնախնդրից՝ բիզնես գաղափարReTrend.me-ն հագուստի վերամշակմանը վերաբերող ստարտափ է: Այն հիմնելու գաղափարով Հայկուհի Հովհաննիսյանը ոգեշնչվել է դեռեւս մանկուց: Երբ նկատել է, թե հագուստի մոդելավորող մայրիկի աշխատանքից հետո որքան կտոր է ավելանում, փորձել է դրանից տիկնիկների զգեստներ ստանալ: «Արդեն գիտակից տարիքում, երբ ուսումնասիրում էի բնապահպանական հիմնախնդիրները, ուշադրությունս գրավեցին հատկապես նորաձեւության արդյունաբերությանն առնչվող վիճակագրական տվյալները: Ինձ համար ապշեցուցիչ էր, որ օրինակ, մեկ բամբակե վերնաշապիկ արտադրելու գործընթացում ծախսվում է շուրջ 2700 լիտր ջուր, ինչը մեկ մարդու 2.5 տարվա համար անհրաժեշտ խմելու ջրի ծավալն է: Սկսեցի ավելի խորն ուսումնասիրել այդ ոլորտը՝ փորձելով խնդրի լուծում գտնել»,- պատմում է Հայկուհի Հովհաննիսյանը: Հայկուհի Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գաղափարի հաջող «քննությունները»Հագուստի վերամշակում իրականացնելու գաղափարը տարիներ շարունակ պտտվում էր Հայկուհու մտքում, սակայն այն ձեւ ու մարմին ստացավ նախորդ տարվա փետրվարին, երբ որոշեց մասնակցել FAST հիմնադրամի «Սկսնակ կին ձեռներեցների ծրագրին»:2019-ի ամռանն արդեն ձեւավորված թիմով մասնակցեցին Social Impac Award-ին, որտեղ ReTrend.me-ն դարձավ Հայաստանի 4 հաղթող ստարտափներից մեկը: Այն հաղթող ճանաչվեց նաեւ Startup Boost Weekend Vol 6-ում, որից հետո հիմնադիրները դիմեցին FAST Startup Studio-ին՝ ստանալով հնարավորություն օգտվելու FAST-ի գրասենյակային տարածքից ու մենթորների խորհրդատվությունից: Լուսանկարը՝ Մեդիամաքս Աշխատանքային գործընթաց«Մենք հավաքում ենք օգտագործած հագուստը, վերամշակում այն, քիմիական մաքրում իրականացնում, բերում նորմալ վիճակի: Հետո դիզայնն է արվում, որը ներկայացնում ենք դերձակին: Նա կարում է նոր հագուստ, որն էլ վաճառում ենք»,- աշխատանքի ձեւաչափն է ներկայացնում Հայկուհի Հովհաննիսյանը: Պատմում է, որ մեկնարկելիս կարծում էին՝ օգտագործված հագուստ հավաքելն ամենահեշտ փուլերից է, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէր: Մարդկանց մեծ մասը պարզապես չէր պատկերացնում՝ ինչ է հագուստի վերամշակումը, չէին ցանկանում տրամադրել իրենց չօգտագործվող հագուստը: Լուսանկարը՝ ReTrend.me «Այնուամենայնիվ, այս պահին մեծ քանակի հագուստի պահանջ չունենք, քանի որ դեռեւս նոր ենք մեկնարկել: Հետագայում գուցե սկսենք մարդկանցից գնել հագուստը»,- նշում է նա: Ճանապարհ՝ դեպի անթափոն արտադրանքReTrend.me-ն հագուստի 100-տոկոսանոց վերամշակում դեռեւս չի իրականացնում, քանի որ դա կատարվում է հատուկ սարքավորման միջոցով, որը մանրացնում է հագուստը ու նոր թել դուրս բերում: «Քանի որ սարքի ձեռքբերումը կապված է մեծ ծախսերի հետ, սկզբնական շրջանում մենք ամբողջական վերամշակման վրա չենք կենտրոնացել: Այժմ առանձնացնում ենք հագուստի օգտագործելի, որակյալ հատվածներն ու դրանցից նոր հագուստ կարում: Գործընթացի հետեւանքով կտորի թափոններ են առաջանում, որոնք առայժմ հավաքում ենք, քանի որ չունենք կտոր աղացող սարք: Հիմա փորձում ենք համագործակցել տարբեր ընկերությունների հետ՝ սարքը ստանալու համար, որը մեզ հնարավորություն կտա ավելցուկ կտորն օգտագործել ներքնակներ կամ կահույք լցոնելու համար»,- պատմում է Հայկուհի Հովհաննիսյանը: Թրենդային ու ստեղծագործ դիզայնReTrend.me-ի դիզայներ Աննա Խլղաթյանը սովորել է Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնում, նաեւ աշխատել Վահան Խաչատրյանի մոտ: «Ի սկզբանե շատ հավանեցի Հայկուհու գաղափարը, որովհետեւ Հայաստանում նման բիզնես մոդել դեռեւս չկա: Այն շատ հետաքրքիր է ինչպես նորաձեւության, այնպես էլ բնապահպանական հիմնախնդիրների տեսանկյունից»,- պատմում է նա: Աննա Խլղաթյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Դիզայների խոսքով՝ ավելի հեշտ է նկարել հագուստը, ապա ըստ դրա գտնել անհրաժեշտ կտորները, սակայն ստեղծագործական տեսանկյունից հետաքրքիր է նաեւ հակառակ տարբերակը, որը, սահմանափակելով միտքը կոնկրետ առկա կտորի տարբերակներով, ստիպում է ավելի ստեղծագործ լինել: «Մի շրջազգեստ ունենք, որն ինձ համար առանձնահատուկ է: Այն գործվածքի եւ կաշվի համադրությամբ է կարված, ինչը հիմա նորաձեւ է: Ցանկանում ենք նաեւ ջինսերի հավաքածու ստեղծել, որը կլինի ջինսի եւ այլ գործվածքի համադրություն»,- ասում է Աննա Խլղաթյանը՝ հավելելով, որ ReTrend.me-ում ստեղծված յուրաքանչյուր հագուստ չունի կրկնօրինակը: Լուսանկարը՝ ReTrend.me Խոչընդոտների հաղթահարումՀայկուհին հիշում է, որ եղել են դեպքեր, երբ դիզայնը պատրաստ է եղել, առկա են եղել անհրաժեշտ կտորները, սակայն հագուստն այդպես էլ վերջնական տեսք չի ստացել: Դիզայնը դերձակին ներկայացնելուց հետո պարզվել է, որ կտորը կտրելու, ձեւելու փուլում հագուստի նախկին ձեւվածքը խանգարում է ստանալ դիզայնով նախատեսվածը: Նման խնդիրներից խուսափելու համար թվային հարթակ ստեղծելու նպատակ ունեն, որտեղ կլինեն դիզայներներ, դերձակներ, գնորդներ, մարդիկ, որ կտան իրենց հագուստը: Հարթակը հնարավորություն կտա աշխատանքը կազմակերպել ավելի արագ եւ արդյունավետ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ներկայում վաճառքն իրականացնում են ֆեյսբուքյան էջի միջոցով: Զուգահեռաբար աշխատում են կայքի ստեղծման վրա, որպեսզի կարողանան առցանց վաճառքն ավելի կազմակերպված իրականացնել՝ արտադրանքը հասանելի դարձնելով նաեւ Հայաստանից դուրս: Կարծրատիպային ընկալումԱյս պահին վաճառքում առկա են միայն կանացի հագուստ եւ աքսեսուարներ: Կարելի է բլուզ կամ կիսաշրջազգետ գնել 3000-4000 դրամով: «Ամբողջ աշխարհում էկո ապրանքները համեմատաբար ավելի թանկ են, բայց մարդկանց գրավելու համար մենք փորձում էինք մատչելի գնով վաճառել արտադրանքը: Ֆինանսական վերահաշվարկները ցույց տվեցին, որ այս մոտեցումը երկարաժամկետ կտրվածքով իրեն չի արդարացնի եւ այժմ բիզնես մոդելի զարգացման նոր տարբերակներ ենք մտածում»,- ասում է հիմնադիրը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ գնորդների մեծ մասը հագուստը ձեռք է բերում ոչ թե որովհետեւ այն վերամշակված է, այլ որովհետեւ տեսքն է հավանում: Լինում է նաեւ, որ գնորդներին վանում է հագուստի՝ վերամշակված լինելու հանգամանքը: «Պատահել է, որ գնորդը հավանել է հագուստը, ցանկացել է գնել, բայց երբ ներկայացրել ենք՝ ինչպես է այն պատրաստված, հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ գուցե հագուստի նախորդ տիրոջը «թուղթ ու գիր» արած լինեն»,- ծիծաղելով հիշում է Հայկուհին:Չնայած նման բարդություններին՝ Հայկուհին վստահ է, որ շուտով Հայաստանում եւս կսկսեն նախապատվություն տալ վերամշակված արտադրանքին: ReTrend.me-ն շուկայում իր ներկայությամբ կփորձի այնպես անել, որ այդ օրը հնարավորինս շուտ գա: Տեքստը՝ Գայանե ԵնոքյանիԼուսանկարները՝ հեղինակի եւ ReTrend.me-ի Tweet Դիտում՝ 10818