Ջայլամի յուղից օճառներ՝ նոր ընտանեկան բիզնես Հայաստանում

20.12.2019 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Eco Farm #Լիլիթ Ղարիբյան #ջայլամաբուծություն
Քիմիական միջոցներ օգտագործելուց հետո շատերը մաշկի խնամքը վստահում են բուսական ծագմամբ դեղամիջոցներին։ Վերջին երեք տարում տեղական շուկայում շրջանառվում են նաեւ ջայլամի յուղից պատրաստված Eco Farm ընկերության օճառները, որոնք իրենց օգտավետությամբ փորձում են դառնալ մաշկի հատուկ խնամքը նախընտրողների առօրյայի մի մասը։

Ջայլամաբուծությունից մինչեւ օճառագործություն

2008-ին Լիլիթ Ղարիբյանի ամուսինը Սյունիքում աշխատում էր ջայլամաբուծական ընկերությունում: Տարիներ անց՝ 2017-ին, Լիլիթի ընտանիքը, ուսումնասիրելով շուկայում ջայլամաբուծության պահանջարկը, որոշում է նոր գործ սկսել, որը կդառնար ընտանեկան բիզնեսի սկիզբ եւ եկամտաբեր աշխատանք:

Ֆինանսական հարցերը լուծելուց հետո Լիլիթի ընտանիքն անցնում է գործի ու Եղվարդում սկսում ջայլամներ բուծել:


Մսի իրացումն աստիճանաբար հունի մեջ է ընկնում, սակայն մեծ քանակությամբ յուղ է մնում, որը ոչ մի կերպ չի օգտագործվում ու նպաստում բիզնեսի ծաղկմանը։
Լիլիթը որոշում է ուսումնասիրել կենդանու յուղի օգտակարությունն ու տարբեր կայքերից, գրքերից հասկանում, թե ինչպես է ջայլամի յուղն ազդում մարդու մաշկի վրա։

Դեպի ուսում

Տան անդամների ու մոտ ընկերների համար Լիլիթը որոշում է պատրաստել էկոլոգիապես մաքուր խնամքի միջոցներ ու հաջողում է. օգտագործողները գոհ են մնում։ Սակայն ապրանքի լիցենզավորման համար դեռ պետք էր սպասել փորձագետների կարծիքին։


«Մինչ փորձաքննության պատասխանները պարզ լինեին, որոշեցի գրանցվել կոսմետոլոգիական դասընթացների։ Ուսումնասիրեցի մարդկանց մաշկի տեսակներն ու տեսակով պայմանավորվող խնդիրները, այդ գիտելիքներով զինված՝ սպասեցի փորձագետների դրական պատասխանին»,- հիշում է Լիլիթ Ղարիբյանը։


Ի ուրախություն օճառագործի՝ փորձաքննությունը բարեհաջող ընթացք է ունենում, եւ հաստատվում է բուժանյութի արդյունավետությունը։

55 դրամի ծախս, 1500 դրամի օգուտ

Ընտանեկան բիզնեսի գաղափարը դառնում է նոր արտադրանքի սկիզբը։ Որոշում են երեւանյան մասնագիտացված եւ լիցենզավորված կրպակներից գնել ռուսական արտադրության օճառի հումք։


«Ջայլամի յուղին զուգահեռ օգտագործվող օճառի հումքը, բուրմունքները եւ ներկանյութերը հատուկ օճառագործական գործառույթ ունեն, դրանք չեն վնասում յուղի որակը, միայն լավ տեսք ու բույր են հաղորդում օճառներին»,- ասում է Լիլիթը։

Առաջին յուղը վաճառվել է 1500 դրամով, որի 1000 դրամը մինչ օրս Լիլիթի դրամապանակում է, իսկ 1500 դրամ աշխատելու համար Լիլիթը ներդրել էր ընդամենը 55 դրամ՝ տարայի համար։

Տեղական շուկայից դեպի արտասահման

Ջայլամի յուղով պատրաստվող օճառները դեռ հայաստանյան շուկայի համար են, չնայած դրան, տարբեր բիզնես առաջարկներով հաճախ են դիմում Լիլիթին, լինում են նաեւ անհատական պատվերներ։ Գործարարի խոսքով՝ շուտով իր արտադրանքը լիցենզավորված տարբերակով կհայտնվի նաեւ արտասահմանյան շուկայում: Ներկայում բանակցություններ են տարվում արտասահմանցի գործընկերների հետ։


«Բաղադրատոմսը չեմ բացահայտի, բայց ասեմ, որ կողանցիկ ոչ մի եթերայուղ չեմ օգտագործում օճառը պատրաստելիս»,- ասում է Լիլիթը:

Նա 4-5 տեսակ օճառի հեղինակ է, իսկ հունվարից շարքը կհամալրի միայն ջայլամի յուղի հիմքով օճառը, որը ոչ մի տեսակ օգնող հումք չի պարունակի։

Ինչպես գտնել եւ ինչպես գնել

Վաճառքն իրականացվում է օնլայն հարթակում եւ առաքումների միջոցով, Eco Farm-ը դեռեւս խանութ չունի, սակայն մարզերում կան ներկայացուցիչներ, որոնք ապահովում են ջայլամի յուղի հասանելիությունը։


«Մեր գործը հաջողեց մեր յուղի շնորհիվ, շուկայում առկա օճառները հիմնականում տարբեր օգտակար բույսերից են պատրաստվում, իսկ մեր արտադրանքը նորություն է, քանի որ շատ մաշկային խնդիրներ է լուծում»,- նշում է Լիլիթը:


Ֆեյսբուքյան հարթակում կա ամեն մարզի անունով էջ, որտեղով պատվերներն են ընդունվում, եւ արտադրանքը հասնում է տվյալ մարզին։

Օճառների հիմնական արժեքը 2000 դրամ է, բայց կան նաեւ սկրաբ օճառներ, որոնք արժեն 3000 դրամ, իսկ թե ցանկանաք սկրաբի հետ նաեւ այլ հավելումներով տարբերակը, ապա պետք է դրամապանակում ունենաք առնվազան 4000 դրամ:

Բարեգործական վաճառք

Լիլիթն իր առաջին մասնագիտությամբ հատուկ մանկավարժ է, ժամանակին աշխատում էր դպրոցում եւ երազում, որ լինեն հատուկ կենտրոններ, որտեղ երեխաները կստանան իրենց անհրաժեշտ խնամքը։ Մեր օրերում, երբ արդեն մասնագիտությունն անցյալում է, Լիլիթին մնում է օգնել նման կենտրոններին։ Այս տարի որոշել է իր բիզնեսի ամանորյա շահույթի մի մասը տրամադրել «Քայլ առաջ» աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնին։


«Սկզբում հայտնիների մասնակցությամբ հոլովակներ էինք նկարում, որտեղ պատրաստում էին օճառներ եւ վաճառում, սակայն շատ հայտնիներ ժամանակի սղությամբ պայմանավորված՝ չէին կարողանում մասնակցել մեր չելենջին, որոշեցինք դրամահավաք կազմակերպել, բացի այդ, այլ մեթոդներ մշակեցինք, որ կարողանանք վաճառք ապահովել եւ շահույթը նվիրաբերել»,- պատմում է Լիլիթը։


Այս պահին գումարի արկղիկում մոտ 70 000 դրամ կա։ Լիլիթն ու PR խորհրդատու Անի Մնացականյանը որոշել են, որ կայցելեն խնամքի կենտրոն, երեխաների հետ օճառներ կպատրաստեն եւ անվանական օճառները կվաճառեն քաղաքական գործիչներին, իսկ ստացված միջոցները կտրամադրեն տվյալ հաստատությանը։

Եվ վերջում

Լիլիթը, հասնելով հաջողության, խորհուրդ է տալիս շուկա մտնելիս առաջին հերթին հաշվի առնել պահանջարկը, եւ հետո հասկանալ, թե ինչ ապրանքով կարելի է ներկայանալ հանրությանը։ Իսկ թե արդեն համառել եք հայտնվել առեւտրային մարաթոնում, ապա օճառագործը հորդորում է հետեւել սանիտարահիգիենիկ պայմաններին, քանի որ անգամ հագուստի փոքր մազիկը կարող է վնասել ապրանքի որակը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշանիկ Ասատրյանի
Դիտում՝ 17521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW