Նոր բիզնես գաղափարներ՝ շրջանաձեւ տնտեսության հիմքով

16.12.2019 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Տաթեւ Պետրոսյան #Revolve Consulting #շրջանաձեւ տնտեսություն
Տարեցտարի աշխարհում մեծ տարածում են ստանում շրջանաձեւ տնտեսության սկզբունքների վրա հիմնված բիզնես մոդելները: Դրանք Հայաստանում ներդնելու եւ զարգացնելու նպատակով իրազեկման միջոցառումներ է նախաձեռնում Revolve Consulting-ը: Ընկերության հիմնադիր Տաթեւ Պետրոսյանը Banks.am-ին ներկայացրել է շրջանաձեւ տնտեսության զարգացման միջազգային միտումներն ու հայաստանյան հեռանկարները։

Նիցցայից Երեւան՝ իրազեկելու համար

Տաթեւ Պետրոսյանի մանկությունն ու պատանեկությունն անցել են Նիցցայում. այստեղ նա կրթություն է ստացել, այնուհետեւ՝ ուսումը շարունակել Փարիզում եւ աշխատել մասնավոր կապիտալի ներդրումների ոլորտում։ Հետագայում աշխատանքային փորձ է ձեռք բերել նաեւ Լոնդոնում ու Մոսկվայում, իսկ 2018-ին վերադարձել Հայաստան ու հիմնել Revolve Consulting-ը։

Այն Հայաստանում առաջին խորհրդատվական ընկերությունն է, որը միտված է այլընտրանքային բիզնես մոդելների՝ հատկապես շրջանաձեւ տնտեսության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը: Նպատակը գործարարներին ուղղորդելն է դեպի այնպիսի բիզնես մոդելներ, որոնք կբերեն եկամուտների օպտիմալացման եւ միեւնույն ժամանակ՝ կունենան նվազագույն բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա:


Երեք հիմնական սկզբունք

Շրջանաձեւ տնտեսությունը ռեսուրսների օգտագործման փակ շրջանակ է, որտեղ գերակայում են սպառողականության կրճատումը, տարրերի վերամշակումը եւ վերաօգտագործումը։

«Շրջանաձեւ տնտեսությունը վերամշակումից տարբերվում է նրանով, որ հիմնված է ակտիվի օպտիմալացման վրա։ Դրա սկզբունքներն օգնում են գտնել ընդհանուր համակարգի բացերը, որ կարող են լինել մատակարարման շղթայում, օգտագործվող տրանսպորտում, մարդկային ռեսուրսներում ու փորձում օպտիմալացնել»,- պատմում է Տաթեւ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ շրջանաձեւ տնտեսությունը բնութագրվում է երեք հիմնական սկզբունքով։ Առաջինն արտադրանքի այնպիսի դիզայնն է, որը թույլ կտա հենց սկզբից խուսափել արտանետումներ առաջացնող թափոններից։ Համաձայն երկրորդ սկզբունքի՝ ռեսուրսների օգտագործումը կարելի է կրճատել արտադրանքներն ավելի երկար եւ նոր ձեւերով կիրառելով։

Տաթեւ Պետրոսյանը

«Լավ օրինակ է նիդեռլանդական Fairphone ընկերությունը, որի արտադրած սմարթֆոնները կարելի է ժամանակի ընթացքում հետ ուղարկել գործարան՝ թարմացնելու տեսախցիկը կամ որեւէ այլ մաս։ Կարելի է նաեւ նոր բիզնես մոդելներով երկարացնել արտադրանքի կյանքը։ Օրինակ՝ IKEA կահույք արտադրող ընկերությունը ներդրել է լիզինգի մեխանիզմ, որով պայմանագիր է կնքում սպառողի հետ եւ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հետ վերցնում արտադրանքը»,- մանրամասնում է Տաթեւ Պետրոսյանը։

Երրորդ սկզբունքը բնական համակարգերի վերականգնումն է՝ բնական կապիտալի պահպանման եւ հզորացման միջոցով: Այն ենթադրում է վերարտադրվող գյուղատնտեսության ներդնում, որտեղ մի օրգանիզմի կամ արտադրանքի թափոնը կարող է հիմք դառնալ երկրորդի համար:

Ջինսե տաբատի «ճանապարհորդությունը»

«Այն ջինսե տաբատները, որ մենք գնում ենք մեր սիրելի բրենդային խանութներից, մինչեւ այնտեղ հասնելը մոտ 65 000 կմ ճանապարհ են անցնում:

Ճանապարհորդությունը սկսվում է Հնդկաստանից, որտեղ արտադրվում է բամբակը, հետո ուղեւորվում է Պակիստան ու դառնում թել, այնտեղից տեղափոխվում Չինաստան։ Այստեղ գործում է ջինսի 3000 գործարան, որոնք օրական 800 000 ջինսե տաբատին համարժեք կտոր են արտադրում: Կոնգոյից «ժամանում» են կոճակները, կայծակնաշղթաները՝ Ճապոնիայից։ Մի քանի այլ երկրներում եւս «ճանապարհորդելուց» հետո ջինսե տաբատը հասնում է, օրինակ, Փարիզի բրենդային խանութներ»,- պատմում է Տաթեւ Պետրոսյանը՝ ներկայացնելով սեփական ուսումնասիրության արդյունքում մշակված օրինակը:


Նա հավելում է, որ ամեն ջինսի ստեղծման համար ծախսվում է 11 000 լիտր ջուր։

Թեեւ տարբեր արտադրության ջինսերի համար այս ճանապարհորդությունը կարող է տարբեր լինել, սակայն Տաթեւ Պետրոսյանի խոսքով՝ այս պատմությունը լավագույնս ցույց է տալիս գործող համակարգի բացերը։

«Ամենաուշագրավը թերեւս այն է, որ կապույտ ջինսի կտորը՝ denim-ը, ստեղծվել է դեռեւս 16-րդ դարում ֆրանսիական Նիմ քաղաքում: Կտորի անունը հենց այդտեղից է ծագել՝ de Nîmes, այսինքն՝ Նիմից: Պարզ է դառնում, որ ներկայիս համակարգում երբեմնի Նիմ-Փարիզ 600 կմ երկարությամբ ճանապարհը հարյուրապատկվել է»,- ընդգծում է նա:

Շարունակելով ջինսի օրինակը՝ Տաթեւ Պետրոսյանը նշում է, որ այժմ կան ընկերություններ, որոնք ջինսն առաջին օգտագործումից հետո կիրառում են կահույքի արտադրությունում, հետո շինարարությունում՝ որպես մեկուսիչ նյութ։ Նման մի քանի կիրառություններից հետո այն այնքան է քայքայվում, որ հնարավոր է դառնում օգտագործել որպես պարարտանյութ եւ այս կերպ այն վերադարձնել հողին։


Հաջողված բիզնես օրինակ

Տաթեւ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանում հնարավոր է զարգացնել շրջանաձեւ տնտեսության սկզբունքներին համապատասխան բիզնես մոդելներ։ Հիմնական գաղափարի մասին իրազեկելու նպատակով նոյեմբերին կազմակերպվել էր Circle Up Yerevan բիզնես-միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները պատկերացում են կազմել շրջանաձեւ տնտեսության գաղափարի մասին։

Մասնակիցների թվում էին տարբեր ոլորտների ընկերությունների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:

Բիզնես միջոցառման ընթացքում մասնակիցները նաեւ տեսակապի միջոցով ունկնդրել են միջազգային փորձագետների դասախոսություններ։ Shifting Paradigms ընկերության հիմնադիր Ջելմեր Հուգզարդը, որ կատարում է վերլուծություններ տարբեր քաղաքներում շրջանաձեւ տնտեսությանն անցման ճանապարհների եւ հնարավորությունների բացահայտման վերաբերյալ, մասնակիցներին ներկայացրել է ընկերության վերջին հետազոտությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքի շրջանաձեւ ներուժի վերաբերյալ:

Revolve Consulting-ը նախատեսում է համագործակցություն Shifting Paradigms-ի հետ՝ նմանատիպ հետազոտություն Երեւանում եւս իրականացնելու համար:

Գործարար Սեդրիք Վանհուքն էլ կիսվել է շրջանակային տնտեսությունում իր կատարած ներդրումով: Նա հիմնադրել է Resortecs ընկերությունը, որն առաջարկում է կարի հատուկ տեխնիկա՝ հագուստների վերամշակումը հեշտացնելու համար:

«Տեքստիլ արտադրանքների վերամշակումը շատ բարդ է, որովհետեւ դրանք նախապես չեն պատրաստվում վերամշակման համար: Տարատեսակ կոճակներ, կայծակնաշղթաներ, այլ նյութեր եւ գործվածքներ կարված են իրար այնպես, որ դժվար է դրանք առանձնացնել ու վերամշակել: Հենց դա էլ մենք փոխեցինք՝ օգնելով ընկերություններին պակասեցնել ինչպես շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այնպես էլ մատակարարման շղթայի եւ թափոնների կառավարման ծախսերը»,- պատմում է նա:



Ընկերությունը ներկայացնում է կարի հատուկ թելեր, որոնք հալվում են 130 °C տաքության ժամանակ՝ հնարավոր դարձնելով հագուստի մասերի անվնաս եւ արագ առանձնացումը: Դրանք հետագայում հեշտությամբ կարելի է վերաօգտագործել:

Բիզնես առավելություններ

Տաթեւ Պետրոսյանը կարծում է, որ սպառողական հասարակություններում մարդկային հետքը նվազեցնելու համար բնապահպանական աղետների մասին պատմելն այնքան էլ արդյունավետ միջոց չէ: Փոխարենը՝ այն բիզնես առավելությունները, որ տալիս է շրջանաձեւ տնտեսությունը, միանգամից գրավում են գործարարների ուշադրությունը։


«Երբ ես գործարարին ասեմ, որ նա կարող է ունենալ եկամուտների 40% օպտիմալացում, արձագանքը լիովին այլ կլինի: Շրջանաձեւ տնտեսությունը նաեւ լայն հնարավորություններ է ստեղծում նոր բիզնես մոդելների ու նոր եկամուտների գեներացման համար, քանի որ այսօր ընդունվող ճիշտ ռազմավարությունն է վաղվա հաջողության գրավականը»,- ասում է Տաթեւ Պետրոսյանը։

Revolve Consulting-ի հիմնադիրը վստահեցնում է՝ միջոցառման գործնական հատվածում առաջարկված գաղափարները կվերլուծվեն եւ կօգտագործվեն 2020-ի զեկույցում, որը կներկայացնի Երեւանի՝ շրջանաձեւ քաղաք դառնալու ներուժը։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 34407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW