«Քարապուրը»՝ համայնքային զարգացման նոր օրինակ Կալավանում

06.09.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Քարապուր,Կալավան #Թայմ լենդ
Տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի անունը քչերին էր հայտնի, իսկ այսօր այն ներկայանում է որպես համայնքային զարգացման հաջողված օրինակ։ Գյուղի այցելուների թվի ավելացմանը զուգահեռ՝ առաջանում է  պահանջ՝ ստեղծելու հյուրերի ընդունելության նոր վայրեր, որոնցից մեկը նորաբաց «Քարապուր» խոհանոցն է։ Banks.am-ի թղթակիցն այցելել է Կալավան՝ բացահայտելու խոհանոցի բիզնես մոդելն ու առաջարկած համային նրբերանգները։

Մասնակցային խոհանոց

Կալավան համայնքում էկոտուրիզմի զարգացումը մի խումբ տեղաբնակների եւ գաղափարակիցների  միտքն էր, որին մասնակից պետք է դառնային համայնքի բոլոր բնակիչները։ Զարգացման հիմքը դրվեց 2012-ին «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի ստեղծումով, որից հետո գյուղում սկսեցին գործել մի քանի հյուրատներ։


Սկզբնական շրջանում հիմնական այցելուները հետազոտողներ էին, հետզհետե  սկսեց զարգանալ նաեւ արկածային զբոսաշրջությունը, ու մարդկանց հոսքը դեպի գյուղ ավելացավ։


«Գյուղի տիկնայք հրաշալի խոհարարներ են, սակայն եկավ մի պահ, երբ հասկացանք՝ առավել մասնագիտացված եւ կազմակերպված սնվելու վայր ունենալու կարիք ունենք՝ մեծ խմբերին ընդունելու համար։ Գաղափարի հիմքում մասնակցային խոհանոցն է, որտեղ մեկտեղվում են գյուղի բոլոր բնակիչների ջանքերը»,- պատմում է «Քարապուրի» համահիմնադիր, «Թայմ Լենդ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Մարգարիտա Մուրադյանը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ բարեկարգեցին տարածքը, որ նախկինում տուն է եղել, խոհանոցը համալրեցին անհրաժեշտ սարքավորումներով եւ սկսեցին մշակել ուտեստների ցանկը։  

Մարգարիտա Մուրադյանը

Ներկայում «Քարապուրը» կարողանում է հյուրընկալել միայն նախապես գրանցված անձանց եւ խմբերի, սակայն հույս ունեն գալիք տարվա ապրիլ-մայիսից ընդունել բոլոր այցելուներին՝ առանց պարտադիր գրանցման։

Գաղափարախոսությունը՝ ժողովրդական զրույցից

Խոհանոցի անունն ընտրվել է եվրոպական տարբեր ժողովուրդների մոտ հանդիպող հեքիաթի ազդեցությամբ։ Ըստ «Քարապուր» (Stone Soup) զրույցի՝ քաղցած ճանապարհորդները համոզում են համայնքի բնակիչներից յուրաքանչյուրին իրենց ունեցած մթերքներից տրամադրել ապուրի պատրաստման համար, որից պետք է ճաշակեն բոլորը։ Պատումն առաջ է քաշում ունեցածով այլոց հետ կիսվելու կարեւորության գաղափարը։

«Երբ մտածում էինք մեր խոհանոցի հայեցակարգի շուրջ, հիշեցինք այս զրույցը, որի գաղափարախոսությունը մեզ շատ դուր եկավ։ Մեր «Քարապուրում» եւս տեղացիները կիսվում են իրենց բարիքներով եւ հմտություններով՝ միավորելով ջանքերը համեղ խոհանոցի ստեղծման համար, որը բոլորինս է»,- պատմում է Մարգարիտա Մուրադյանը։


Անտառի բարիքը բաղադրատոմսերում

Խոհանոցում աշխատող Գեղանի Ստեփանյանը 2009-ից բնակվում է Կալավանում։ 2013-ից սկսած՝ մասնակցել է «Թայմ Լենդ»-ի տարբեր ծրագրերի, այժմ հիմնադրամում ծրագրերի համակարգող է։

Պատմում է, որ «Քարապուրի» ճաշատեսակներում փորձում են մեծերից ժառանգած բաղադրատոմսերին նոր նրբերանգներ ավելացնել։

«Ամեն անգամ փորձում ենք կերակուրները նոր ձեւով պատրաստել ու նոր հետաքրքիր համեր ստանալ։ Տարածքում աճող բույսերից մեզ համար առանձնանում է «գառան դմակ» կոչվող կանաչին, որ հավաքում ենք մոտակա դաշտերից։ Այն ամենասիրվածն է այցելուների կողմից։ Պատրաստում ենք լավաշի մեջ, տապակում ենք տնական ձվով, նաեւ ապուրներ պատրաստում»,- մանրամասնում է Գեղանի Ստեփանյանը։


«Քարապուրն» առաջարկում է անտառային խոհանոցի 100-ից ավելի բաղադրատոմսեր, որոնց պատրաստման համար օգտագործում են տեղի անտառներում աճող բույսերը, կանաչեղենը, տեղի եւ հարակից շրջանների բնակիչների մշակած գյուղմթերքները։

Համային նոր նրբերանգներ

Երբ Banks.am-ի թղթակիցը Կալավանում նյութ էր պատրաստում, «Քարապուրում» հյուր էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը։ Հիմնադիրների հրավերով նա եկել էր՝ օգնելու նոր եւ հետաքրքիր բաղադրատոմսեր ստանալու հարցում։

Ռուզաննա Նահապետյանը

«Բավականին լավ տպավորություն եմ ստացել Կալավանից, հրաշալի բնություն է եւ խոհարարական տեսանկյունից՝ բարիքներով լի միջավայր։ Ծանոթանալով այստեղի մթերքներին՝ արդեն իսկ առաջարկել եմ աշխատակիցներին, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել։ Օրինակ՝ մասրենիներ ունեն, կարող են մասուրից մուրաբա ստանալ, լավ սալորի ծառեր կան, սալորից կարելի է հեղուկ համեմունք ստանալ եւ դրանցով մատուցել տարբեր կերակրատեսակներ»,- մանրամասնում է Ռուզաննա Նահապետյանը։

Խոհարարը նշում է, որ տարածքում շրջելիս նկատել է՝ տեղանքում բավական շատ եղինջ է աճում, ուստի՝ կարելի է գլխավոր կերակրատեսակը հենց եղինջով պատրաստել։ Տարածքից հավաքված թարմ բույսով էլ պատրաստվեց բրենդային «Քարապուր» կերակրատեսակը։


Աշխատանքն ու ուսումը՝ առավել հասանելի

«Քարապուրը» սոցիալական ձեռնարկատիրություն է, որն աշխատանքով է ապահովում գյուղի կանանց։ Բիզնեսից ստացված շահույթի մեծ մասն էլ ուղղվում է համայնքային զարգացման նախաձեռնություններին։

«2007-ից ի վեր Կալավանի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է մոտ 20 աշակերտ, չենք ունեցել օտար լեզվի ուսուցիչ, դասավանդվել է միայն ռուսաց լեզու։ Այս տարի համագործակցություն սկսեցինք «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ, եւ նաեւ Քարապուրի շահույթից կվճարենք ուսուցչի աշխատավարձի այն մասը, որ ստանձնել է «Թայմ լենդ» հիմնադրամը»,- նշում է Մարգարիտա Մուրադյանը։

Խոհանոցի բերած եկամուտով հույս ունեն նաեւ բարեկարգել տարածքը, մշակաբույսերի գոտիներ եւ ճեմուղիներ ստեղծել։


Գեղանի Ստեփանյանի համար այն շարժը, որ գյուղ մտավ 2014-ից հետո, անսպասելի էր։ Նախկինում մտածում էին, թե ինչպես երեխաներին քաղաք տանել՝ տարբեր դասընթացների մասնակից դարձնելու համար։ Այժմ ասում են, թե ամառն անցավ, իսկ երեխաները դասերից հանգստանալ չհասցրին. գյուղում կյանքն ակտիվացել է, եւ տարբեր դասընթացներ հենց համայնքում են կազմակերպվում։

«Կարեւորն այն է, որ այժմ աշխատանք կա։ Մարդն իրեն ավելի արժանապատիվ է զգում, երբ կարողանում է նպատակներին հասնել հայրենի գյուղում։ Քաղաքում հնարավորություններն այլ են, երբ նույնը կարողանում ես գյուղում անել ու դրանով օգնել համայնքիդ, աշխատանքդ ավելի է արժեւորվում։ Սա մեր գյուղերին շատ է պետք»,- նշում է Գեղանին՝ հավելելով, որ քաղաքի աղմուկից կտրվելու, լիարժեք հանգստանալու լավագույն վայրը Կալավանն է։

Գեղանի Ստեփանյանը

Ճանապարհի խոչընդոտը՝ առավելություն

Կալավան հասնելու համար մոտ 10 կմ անհարթ եւ դժվարանցանելի ճանապարհ է պետք հաղթահարել։ Մարգարիտա Մուրադյանի խոսքով՝ սեփական միջոցներով հնարավոր չէ բարեկարգել ճանապարհը, եւ այս խնդրով բազմիցս դիմել են պետական մարմիններին, սակայն կոնկրետ ակնկալիքներ առայժմ չունեն։

«Իրականում ճանապարհի անբարեկարգ լինելը չի խանգարում մեր այցելուներին Կալավան գալ։ Գյուղացիները նրանց տեղափոխում են սեփական ամենագնացներով, նաեւ դրանցով տուրեր կազմակերպում դեպի տարածքի գեղատեսիլ վայրեր, ինչը լրացուցիչ եկամտի աղբյուր է նրանց համար։ Ասֆալտի բացակայությունը փորձում ենք դիտարկել որպես առավելություն, զարկ ենք տալիս քայլարշավներին։ Գուցե ասֆալտ անել պետք էլ չէ, ընդհանուր կոլորիտին այնքան էլ չի համապատասխանում, բայց ցանկալի կլիներ ունենալ պարզապես հարթ ճանապարհ, որ գյուղ բարձրանալ կարողանային բոլոր մեքենաները»,- եզրափակում է Մարգարիտա Մուրադյանը։


Կալավան համայնքում այժմ 35 ընտանիք է ապրում։ Եթե անտառի միջով անցնող ճանապարհի ձեր ուղեկիցը դառնան տեղացիները, սիրով կպատմեն գյուղի մասին ու հպարտությամբ ցույց կտան մի քանի տներ՝ գնված եվրոպացի զբոսաշրջիկների կողմից, որոնք նախընտրում են հանգստյան մեկ ամիսն անցկացնել Կալավանում։

Կալավանցիները շեշտում են՝ «այստեղ կարելի է կշտանալ բնությամբ եւ բնության տված բարիքներով»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 7989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW