Կալավանի հյուրատներն ու «խոշոր խաղացողների» մուտքի վտանգը

12.04.2018 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Կալավան #Ռոբերտ Ղուկասյան #«Թայմ լենդ»
Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի զարգացման 10-ամյա ծրագրի մասին Banks.amպատմել էր անցած տարվա աշնանը: Ծրագիրն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ամբողջ գյուղի բնակիչների ջանքերով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջերս Սեւան կատարած այցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները նշել էին, որ այս տարի Կալավանը նախատեսում է հյուրընկալել շուրջ 5000 զբոսաշրջիկի (2017թ. այցելուների թիվը կազմել էր 1800): Մարզպետարանի պատասխանատուները տեղեկացրել էին նաեւ, որ Կալավանում վարկավորման միջոցով ստեղծվել է 7 հյուրատուն:


Կալավանում ընթացող զարգացումները եւ, հատկապես՝ գիշերակացի կազմակերպման գործընթացը  մանրամասնելու խնդրանքով Banks.am-ը դիմել է «Թայմ լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանին:

«2016-ից գիշերակացի ապահովման խնդիրը համարվել է խիստ առաջնահերթ եւ այդ խնդրի լուծմանն էին ուղղված մեր բոլոր ջանքերը: Կալավանում նախատեսված էր 2018թ. ստեղծել առավելագույնը 10 հյուրատուն (10 ընտանիք), որոնցից 8-ը արդեն պատրաստվում են բացվել այս տարի. 6-ը՝ ապրիլի 15-ից, եւ 2-ը՝ հունիսի 1-ից»,- նշել է Ռոբերտ Ղուկասյանը:

Նրա փոխանցմամբ՝ 2017թ. ՓՄՁ ԶԱԿ-ի «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» (USAID/PRP) ծրագրի կողմից վարկավորվել է գյուղի 6 ընտանիք, ինչպես նաեւ տրամադրվել են արեւային ջրատաքացուցիչներ:

Հյուրատների հիմնադիրները ներկայացրել են Banks.am-ին իրենց կատարած աշխատանքն ու առաջարկվող ծառայությունները, որոնք գրի է առել Ռոբերտ Ղուկասյանը:

Հյուրատուն «Կալավան», Շողիկ Ղուկասյան

Հյուրատունն առաջարկում է 5 հոգու համար նախատեսված 2 սենյակ: Հյուրերին կծանոթացնենք նաեւ Կալավանի շրջակա անտառներում առկա դեղաբույսերին ու հատապտուղներին:

Հյուրատուն «Կալավան»

Կազմակերպելու ենք տարբեր ճանաչողական քայլարշավներ: Հյուրերին կմատուցենք նաեւ Կալավանի անտառներում աճող բույսերից պատրաստված ճաշատեսակներ՝ «Անտառային խոհանոց»:



Հյուրատուն «Արեւաշող», Հրանուշ Եսայան

Մեր հյուրատունը, գիշերակացի ապահովումից բացի, առաջարկելու է արտաճանապարհային տուրեր դեպի մոտակա լեռները, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան տեսնել «Կարմիր գրքի» տարբեր կենդանիներ եւ թռչուններ:

Հյուրատուն «Արեւաշող»


Հյուրատուն «Հուգա Հաուս», Աննա Մելիքսեթյան, համահիմնադիր

Հյուրատունը հիմնադրվել է 2017թ. հոկտեմբերին, իրենից ներկայացնում  է սոցիալական ձեռնարկություն: «Հուգա Հաուս»-ի նախագիծն ուղղված է՝ նպաստելու Կալավան համայնքի շարունակական սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ նպատակ ունի համայնքի բնակիչներին պահել համայնքում եւ ստեղծել բարենպաստ պայմաններ՝ Կալավանում նոր աշխատատեղեր ստեղծելու համար։

Սկսած հյուրատան կառուցման առաջին իսկ օրվանից՝ թիմի համար սկզբունքային է եղել տեղաբնակների ներգրավումը: Հյուրատան կառուցման աշխատանքներն իրականացվել են տեղացի շինարարների եւ արհեստավորների կողﬕց՝ ստեղծելով համայնքում գումար վաստակելու հնարավորություն: Մենք չենք առաջնորդվում ծառայության մատուցման մոդելով, այլ շեշտը դնում ենք երկարաժամկետ զարգացման եւ սոցիալական ազդեցության վրա:

Հյուրատուն «Հուգա Հաուս»

Մենք լայն ենք մտածում եւ առավելագույնս օգտագործում ենք տուրիզմի մուլտիպլիկացիոն էֆեկտը՝ սոցիալական ազդեցության հասնելու համար: Հյուրատուն մուտք գործելու հենց առաջին իսկ պահին «Հուգա»-ի բոլոր հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում որոշել, թե որտեղ են ցանկանում ուղղել իրենց սպառած ծառայություններից եւ գնված ապրանքներից ստացված եկամտի 5%-ը՝ հօգուտ համայնքի:

Հյուրատուն «Թայմ Լենդ», Աստղիկ Ղուկասյան

«Թայմ Լենդ»-ը Կալավանի առաջին հյուրատունն է եւ այն համայնքի բնակիչներին մոտիվացնելու նպատակ ունի: Այս պահին հյուրերի համար ունենք 2 սենյակ՝ իր բոլոր հարմարություններով: Նախատեսում ենք ավելացնել եւս մեկ սենյակ ու այդքանով բավարարվել:

Հյուրատուն «Թայմ Լենդ»


Հյուրատուն «Կալավան7/8», Արթուր Գրիգորյան
  
Այս հյուրատան հիմնական առանձնահատկություններից են հարմարավետությունն ու հյուրերի համար էկոլոգիապես մաքուր սննդի ապահովումը: Հյուրատանը կից այգում աճեցվում է օրգանական սերտիֆիկացում ունեցող սննդամթերք, որը հյուրերը կարող են իրենց ձեռքով քաղել եւ պատրաստել:

Հյուրատուն «Կալավան7/8»

Հյուրատան վերնահարկում գործում է սրճարան՝ հրաշալի տեսարանով, որից կարող են օգտվել նաեւ Կալավանում գործող այլ հյուրատների այցելուները:

Հյուրատունը հագեցած է կորպորատիվ հավաքներ եւ ոչ մեծ կոնֆերանսներ կազմակերպելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով (սրահ, տեխնիկական հագեցվածություն եւ այլն): Հյուրատանը կարող են կազմակերպվել կոկտեյլ երեկույթներ:

Հյուրատուն «Անուկի», Արթուր Ամիրխանյան

Մեր հյուրատանը այցելուները կարող են ծանոթանալ օրգանական մեղրի արտադրությանը, ինչպես նաեւ վայելել Կալավան գյուղի եւ հարակից լեռների հմայքը: Մենք մարդկանց կծանոթացնենք մեղվապահության հետ կապված ամբողջ գործընթացին:

Հյուրատուն «Անուկի»


Կալավանի խնդիրները

Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ 2018թ. համար հիմնական խնդիրը ճանապարհների վերանորոգումն է լինելու (6,5 կմ), ինչպես նաեւ մենաշնորհների դեմ պայքարը: «Մինչ օրս մեծ դժվարությամբ ենք կարողացել կասեցնել «խոշոր խաղացողների» մուտքը Կալավան, սակայն օրեցօր այդ երեւույթի դեմ պայքարը դառնում է ավելի դժվար ու վտանգավոր»,- նշում է Ռոբերտ Ղուկասյանը:


«Կալավանը մոռացված եւ կործանման եզրին կանգնած գյուղից դարձել է գրավիչ հենց բնակիչների ջանքերի ու մեծ երազանքների շնորհիվ: Կալավանի գրավչությունը առաջ է ընկել, իսկ բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը դանդաղեցնում է զարգացման ընթացքը, որից էլ փորձում են օգտվել մեծ բիզնեսները:

Ինչեւէ, Կալավանը պատրաստվում է թեւակոխել երկրորդ փուլ՝ ծաղկման շրջան 2018-2020 թթ.»,- եզրափակել է «Թայմ լենդ» հիմնադրամի տնօրենը:

Ի դեպ, ապրիլի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայանալիք «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ համաժողովի ընթացքում կներկայացվեն Կալավան համայնքի զբոսաշրջային պրոդուկտները:
Դիտում՝ 26302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW