Առաքելյանների այգին՝ նոր շունչ գյուղական տուրիզմում

09.08.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Arakelyans’ Garden #Անի Առաքելյան #Շինուհայր
Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում՝ «Տաթեւեր» ճոպանուղուց մոտ 4 կմ հեռավորության վրա, արդեն մեկ ամիս է՝ գործում է Arakelyans’ Garden էկո-ռեստորանը, որտեղ մատուցվում է բացառապես գյուղական սնունդ։ Banks.am-ի թղթակիցն այցելել է Շինուհայր եւ հիմնադիրների հետ զրուցել նորաբաց ռեստորանի առանձնահատկությունների ու գյուղական կյանքի նորովի ներկայացման մասին։

Վերադարձ հայրենի գյուղ

Շինուհայր գյուղի 5-րդ փողոցը գյուղացիները բարեկամության փողոց են կոչում. այստեղի գրեթե բոլոր բնակիչները միմյանց բարեկամ են։ Երեւանից վերադառնալով հայրենի գյուղ՝ հենց այս փողոցում գտնվող տան այգում էլ 21-ամյա Անի Առաքելյանը որոշեց հիմնել իր ընտանեկան բիզնեսը՝ Arakelyans’ Garden ռեստորանը։

Անիի համար նորաբաց ռեստորանը պարզապես բիզնես ծրագիր չէ․ այն նաեւ գյուղում կարծրատիպեր է կոտրում։

Անի Առաքելյանը

«Թեեւ այստեղ կան ժամանցի վայրեր, սակայն կանայք եւ աղջիկները չեն կարողանում այցելել իշխող կարծրատիպի պատճառով։ Եթե աղջիկը սրճարան է գնում, ապա դա ավելորդ խոսակցությունների առիթ կարող է դառնալ։ Իսկ Arakelyans’ Garden-ը վայր է, որտեղ կարելի է այցելել ընտանիքներով»,- պատմում է Անին՝ հավելելով, որ որպես ռեստորանի կառուցման վայր ընտրել է տան բակը հենց ընտանեկան միջավայրի լիարժեքության համար։

Այգին տարատեսակ պահեստամասերի, շինանյութի պահման վայր է եղել, ու ամենաբարդ աշխատանքը տարածքն ազատելն էր։ Հետո գյուղի երեխաների, ընկերների օգնությամբ ամբողջ գործն ավարտին են հասցրել՝ ծախսելով ընդամենը 15 օր։

«Թեեւ քաղաքում եմ ապրել, սակայն դեռ փոքրուց միշտ ձգտել եմ դեպի գյուղը, ջերմ շփում պահել այստեղի ընկերների հետ, եւ ի վերջո այնպես ստացվեց, որ նրանք բոլորն իմ կողքին եղան երազանքիս իրականացման ճանապարհին»,- պատմում է Անին։


Ունենալ սեփականը

Անիի գաղափարի իրականացմանը մեծապես աջակցել է զարմիկը՝ Տիգրան Առաքելյանը։ Ի պատասխան հարցի, թե որն էր նրա առաջին արձագանքը, երբ իմացավ Անիի մտահղացման մասին, Տիգրանը պատասխանում է. «Ասել եմ՝ չի ստացվի»։

«Անին միշտ ասում էր, որ չպետք է հաշվի առնել կողքի մարդկանց կարծիքները։ Մեկն ասում էր՝ կստացվի, մյուսը՝ չէ, երրորդն էլ պարզապես գալիս ու առանց որեւէ բառ ասելու սկսում էր օգնել։ Հետո բոլորս միահամուռ ուժերով ու Անիի հույսով կառուցեցինք ու ստացանք այն, ինչ ցանկանում էինք»,- հիշում է Տիգրանը։

Տիգրանն ու Անին

Անին պատմում է, որ սեփական բիզնես հիմնելը միշտ երազանք է եղել.

«Փորձել եմ այլ վայրերում աշխատել, միշտ ինչ-որ բան չի ստացվել, ու հասկացել եմ, որ թեկուզ չարչարանքով, խնայելով պետք է ձգտել քո անձնական աշխատանքն ունենալուն։ Ասում են՝ երբ հասնում ես երազանքիդ, այն արդեն անհետաքրքիր է դառնում, սակայն կարծում եմ, որ դրանից հետո միշտ ծնվում է հաջորդ երազանքը՝ այն ավելի լավը դարձնել ու շարունակել առաջ շարժվել»:

Ամեն ինչ գյուղացուց

Ռեստորանի մենյուն բազմազան է՝ ավելուկով աղցանից մինչեւ չորաթան, տնական կոմպոտ ու գյուղի սարերից հավաքված խոտաբույսերով թեյ։ Անհրաժեշտ մթերքները ձեռք են բերում կա՛մ սեփական այգուց, կա՛մ գնում գյուղացիներից՝ ապահովելով նրանցից շատերի զբաղվածությունը։


«Անձամբ մենք կաթնամթերքի արտադրությամբ չենք զբաղվում, այն գնում ենք հարեւաններից։ Օրինակ՝ հարակից Խնածախ գյուղում պանիրն է շատ համեղ, կաթը մեր գյուղի բնակիչներից ենք գնում՝ սովորականից բարձր գնով։ Գետի ձուկ ենք մատուցում, որն էլի գյուղացիներն են որսում։ Մենյուում չունենք ուտեստներ, որոնց բաղադրամասերը գյուղական սնունդ չեն հանդիսանում»,- մանրամասնում է Անին։

Հացը գնում են գյուղի թոնրատներից մեկից, որի հետ պայմանավորվածություն ունեն նաեւ զբոսաշրջիկներին հացի թխման արարողությանը ծանոթացնելու վերաբերյալ։


Անին նաեւ նախատեսում է կամավորական աշխատանքի հնարավորություն տալ գյուղի երեխաներին եւ հավաստագրեր տրամադրել՝ նշելով, որ օտարազգի այցելուների հետ շփումը կօգնի նրանց կատարելագործել լեզվական հմտությունները եւ ձեռք բերել աշխատանքային փորձ։

Աղո տատը

Ուտեստների պատրաստմամբ զբաղվում է Անիի տատիկը՝ 69-ամյա Աղունիկը, որին բոլորն Աղո տատ են դիմում:

«Անունս հեշտ է, հենց ինչ-որ բան է պատահում, բոլորը միասին սկսում են Աղո կանչել»,- կատակում է նա։

Աղո տատը 13 տարեկանից օղի է թորում, հմտությունները մորից է սովորել։ Մատուցվող տնական խմիչքները՝ թթի օղին եւ գինին, հենց նա է պատրաստում։ Ասում է, որ սիրով իր փորձը կկիսի հետաքրքրված այցելուների հետ։

Աղո տատը

«Տանը նստած էի, զանգ եկավ, թոռնիկս էր։ Ասաց՝ տատիկ ավարտել եմ համալսարանը, ինձ համար ի՞նչ ես անելու։ Պատասխանեցի, որ ինձնից ինչ կախված է, ես կանեմ։ Պատմեց, որ ուզում է իր հայրական օջախում բիզնես սկսել։ Հետո երկու թոռներս միացան ու երազանքն իրականություն դարձրին։ Ես շատ ուրախ եմ, որ տանը միշտ շարժ կլինի»,- ասում է նա։

Գյուղական կոլորիտ

Arakelyans’ garden-ի տարածքում կա նաեւ թոնրատուն, որը սակայն չի գործում ու յուրօրինակ թանգարան է դարձել։ Այցելուներն այստեղ կարող են տեսնել այն ամենը, ինչ հնում օգտագործել են գյուղացիները հաց թխելիս։

«Նույն սեւացած պատերով թոնրատունն է, որտեղ դեռ հայրիկիս տատիկն է հաց թխել։ Անգամ փոքր թախտն ենք թողել, որտեղ հացի թխման արարողությունից հետո ավանդաբար քնել է ամենափոքր երեխան՝ որպես տան ամենատաք անկյուն»,- ասում է Անին։


Այցելուներն Arakelyans’ Garden-ում կարող են նաեւ այգի մտնել ու սեփական ձեռքերով մթերքներ քաղել, ինքնաեռով թեյ պատրաստել, խարույկ վառել, կիթառ նվագել ու ինչպես հիմնադիրներն են նշում՝ վայելել գյուղական կյանքի քաղցրությունը։


Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 12836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW