Հայաստանը՝ զբոսաշրջային հարկի ներդրման ճանապարհին

07.08.2019 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Հռիփսիմե Գրիգորյան #զբոսաշրջային հարկ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ միտված զբոսաշրջության զարգացմանը։

Հռիփսիմե Գրիգորյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնության մանրամասները։

Քաղաքային կամ զբոսաշրջային հարկ

Օրենսդրական նախաձեռնությունն իրենից ներկայացնում է հավելյալ ֆոնդի կամ բյուջեի ստեղծում, որն ուղղվելու է երկրի գովազդին եւ հանրահռչակմանը։ Այն ձեւավորվելու է զբոսաշրջիկի կողմից վճարվող հարկի միջոցով, որն աշխարհի շատ երկրներում հայտնի է որպես City Tax՝ քաղաքային հարկ։

Այսինքն, զբոսաշրջիկը հյուրանոցի կամ հյուրատան ծառայությունից օգտվելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար վճարում է փոքր հարկ՝ $1-1,5-ի սահմաններում: Հարկի հստակ չափը կորոշվի քննարկումների եւ հաշվարկների արդյունքում եւ սկզբունքային առումով կունենա սենյակի գնի հետ որոշակի համամասնություն։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս կերպ հնարավոր է հավաքագրել բավական մեծ գումար՝ զբոսաշրջային արդյունքի փաթեթավորման, երկրի դիրքավորման եւ գովազդի համար։

Հռիփսիմե Գրիգորյանը

Շոշափելի արդյունքներ

Երկրի մարքեթինգի եւ գովազդի իրականացումը բազմաթիվ զարգացած զբոսաշրջային երկրներում իրականացվում է համապատասխան կառույցի կողմից։ Այն ենթակա է ոլորտի քաղաքականություն մշակող մարմնին եւ ունենում է մարզային կառույցներ, որոնք տեղական մակարդակում իրականացնում են մարքեթինգային, զբոսաշրջային արդյունքի փաթեթավորման եւ դիրքավորման գործառույթներ։ Սա ամենաարդյունավետ ճանապարհն է համակարգված կերպով ներկայացնելու երկիրը՝ որպես գրավիչ ուղղություն թիրախային շուկաներում։

ՀՀ կառավարությունը վերջերս Զբոսաշրջության կոմիտեին 90 մլն դրամ գումար հատկացրեց՝ Հայաստանը մի շարք թիրախային շուկաներում ներկայացնելու համար։


Այսօր, երբ աշխարհում Հայաստանի մասին խոսվում է իբրեւ ժողովրդավարական երկիր, լավագույն ժամանակն է՝ ներկայացնելու Հայաստանը եւ դիրքավորելու այն ուղերձներով, որոնցով ցանկանում ենք աշխարհը մեզ ճանաչի։ Այս բոլորը ցանկալի մակարդակով եւ մասշտաբով կազմակերպելը պահանջում է զգալի ֆինանսական ռեսուրսներ, որոնք հասնում են մի քանի միլիոն դոլարի։

Գտնվելով նաեւ տարածաշրջանային մրցակցության մեջ՝ պետք է հաշվի առնել այն ռեսուրսները, որոնք հարեւան երկրները ծախսում են գովազդի վրա։

Զբոսաշրջային կամ քաղաքային հարկի եւ պետական աջակցության մեկտեղման արդյունքում հնարավոր կլինի գրանցել շոշափելի արդյունքներ։

Պետություն-մասնավոր ոլորտի համագործակցություն

Անհրաժեշտ է մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը դնել ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Եվ հենց վերը նշված կառույցի միջոցով կարելի է ապահովել մասնավորի մասնակցությունը երկրի մարքեթինգին եւ գովազդին։

Հռիփսիմե Գրիգորյանը

Մասնավոր հատվածը կարեւորում է պետության հետ համագործակցության բարձր մակարդակը եւ երբ տեսնում է, որ պետությունը զգալի գումար է ներդնում ոլորտի զարգացման եւ երկրի գովազի համար, ապա իր կողմից պատրաստակամություն է հայտնում մասնակցել այդ գործընթացին։

Կարիք կա նաեւ բազմազանեցնելու զբոսաշրջության արդյունքը եւ զբոսաշրջիկին հնարավորություն տալու շատ ավելի մեծ գումարներ ծախսել երկրում։

Ժամկետներ

Շահագրգիռ կողմերի հետ որոշ քննարկումներ եղել են, արձագանքները դրական են։ Ավելի լայն շրջանակով հանդիպումներ-քննարկումներ են նախատեսվում աշնանային նստաշրջանում։ Մի շարք հարցեր դեռեւս պետք է հստակեցվեն. ընթացակարգային գործընթացները ժամանակատար են։

Օրենքի կիրարկման համար բոլոր մանրամասները մշակելուց եւ համաձայնեցնելուց հետո օրինագիծը կարող է ներառվել ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ։

Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է Հռիփսիմե Գրիգորյանի հետ

Գորգերի հանրայնացում ԱԺ-ում

Քանի որ Վարդավառն ունի նաեւ հայտնության խորհուրդ, որոշվեց օգտագործել տոնը եւ առավել հանրայնացնել հայկական գորգը։

Միջոցառումը մեկնարկեց Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ եւ շարունակվեց Ազգային ժողովի այգում ամբողջ օրվա ընթացքում հայկական ձեռագործ գորգերի ցուցադրմամբ։

Միջոցառումը բազմամարդ էր, ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ:


Հայկական գորգը կարող է լինել Հայաստանի այցեքարտերից մեկը, որն այսօր շատ քիչ է հանրահռչակվում։

Միջոցառմանը բարձրաձայնվել է նաեւ հայկական գորգի թանգարան ունենալու անհրաժեշտության մասին, որը վստահաբար, կդառնա ամենաայցելվող թանգարաններից մեկը։

Հռիփսիմե Գրիգորյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Դիտում՝ 9618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW