“Ինեկոթրեյդեր” ծրագիրը հնարավորություն է տալիս ճկուն կերպով դիվերսիֆիկացնել արժութային պորտֆելը եւ ստանալ եկամուտ"Կապիտալ"Դեկտեմբեր 19, 2007 թ.Շուրջ երկու տարի է, ինչ “Ինեկոբանկն” իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում գործառնություններ իրականացնել միջազգային արժույթի FOREX շուկայում: Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն գործառնություններ իրականացնել շուրջ 130 արտարժութային զույգերով: Իրականացվում են ինչպես սփոթ, այնպես էլ ֆորվարդներով եւ օպցիոններով գործարքներ: Այս ծառայության շրջանակներում բանկն իր հաճախորդներին ընձեռում է ոչ միայն գործարքներ իրականացնելու, այլեւ ֆինանսական տեղեկատվություն ստանալու եւ վերլուծություններ իրականացնելու լավագույն հնարավորություններ: Այս ծառայության հետ կապված մեր հարցերին պատասխանել է “Ինեկոբանկ” ՓԲԸ-ի միջազգային ֆինանսական շուկաներում գործառնությունների ստորաբաժանման ղեկավար Ռուբեն Պապիկյանը: - Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում ծառայության մատուցման համար: - Մեր ծառայությունները մատուցվում են “Ինեկոթրեյդեր” գործարքային ծրագրի միջոցով: Վերջինս մեր եւ հաճախորդի միջեւ ինտերակտիվ կապ է ապահովում ինտերնետի միջոցով: ՙԻնեկոթրեյդերն՚ ունի մոդուլներ, որոնք հաճախորդին տրամադրում են ժամանակի տվյալ պահի փոխարժեքներ, գներ եւ նորություններ: Կան մոդուլներ, որոնք ապահովում են վերլուծություններ իրականացնելու հնարավորություններ: Բացի նշվածներից կան նաեւ գործարքներ իրականացնելու, ինչպես նաեւ Բանկի դիլերների հետ հաղորդակցվելու համար ստեղծված մոդուլներ: Մեր հանրապետությունում դեռեւս առկա են ինտերնետային կապի խափանման կամ ոչ բավարար արագությամբ ինտերնետային կապի առաքման խնդիրները: Նման խնդիրները շրջանցելու եւ հաճախորդի կողմից կատարվող գործարքների անխափան իրականացումն ապահովելու համար “Ինեկոթրեյդեր” ծրագրի առեւտրահաշվարկային կենտրոնը ներկայումս տեղադրված է Հայաստանից դուրս: Վերջինս Հայաստանից դուրս գտնվող մեր հաճախորդներին այս ծրագրով գործարքներ իրականացնելու հնարավորություն է ընձեռում նույնիսկ այն պահերին, երբ ինտերնետային կապը Հայաստանում ամբողջովին խափանված է: - Ինչպիսի՞ գործարքային հնարավորություններ է ընձեռում “Ինեկոթրեյդեր” ծրագիրը եւ ինչպե՞ս են վերջինիս միջոցով իրականացվում արտարժույթի առքուվաճառքի գործարքները: - Ամենակարեւորը` այն մեր հաճախորդին հնարավորություն է ընձեռում գործարքներ իրականացնել, ստանալ տեղեկատվություն եւ խորհրդատվություն` առանց բանկ հաճախելու: Ցանկացած վայրից եւ ցանկացած պահի միջազգային արժույթի FOREX շուկայում հաստատված փոխարժեքներով հաճախորդը կարող է իրականացնել առքուվաճառքի գործարքներ` մոտ 130 արտարժութային զույգերով: Մեր կողմից հաճախորդներին տրամադրվում են սփոթ, ֆորվարդային եւ օպցիոններով գործարքների հնարավորություններ: Բացի նշվածից, տրամադրվում են նաեւ ոսկու եւ արծաթի շուկայական գներով գործարքներ իրականացնելու հնարավորություններ: Առքուվաճառքի գործարքները հաճախորդն իրականացնում է անմիջականորեն Ինեկոբանկի հետ: Գործարքներց ստացված արդյունքը Բանկը հաշվեգրում է հաճախորդի առեւտրային հաշվին: Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում գործարքն իրականացնել վարկային լծակի միջոցով (ավելի մեծ ծավալներով, քան սեփական միջոցները): Բացի դրանից, “Ինեկոթրեյդերի” միջոցով հաճախորդը կարող է հետեւել իր առեւտրային հաշվի փոփոխություններին, կատարել վերլուծություններ, հետեւել միջազգային նորություններին, հաղորդակցվել բանկի դիլերների հետ: - Ովքե՞ր են հիմնականում օգտվում Ձեր ծառայությունից: - Ծառայությունից օգտվողները հիմնականում փորձառու թրեյդերներ են, որոնք տիրապետում են FOREX շուկայում գործարքներ իրականացնելու համար անհրաժեշտ հմտությունների: Մեր հաճախորդների թվում կան ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Մինչեւ առեւտրային հաշիվ բացելը մենք փորձում ենք պարզել հաճախորդի նպատակները, ունակությունները, ֆինանսական գործարքներից վերջինիս ակնկալիքները: Իսկ հաճախորդների նպատակները հիմնականում լինում են երկու ուղղվածության: Ունենք հաճախորդներ, որոնք FOREX շուկայում գործարքներ են իրականացնում փոխարժեքային տատանումներից եկամուտ ստանալու նպատակով եւ հաճախորդներ, որոնց գործարքները նպատակաուղղված են ակտիվների դիվերսիֆիկացանը կամ այլ ռիսկերի կրճատմանը: Նոր հաշիվներ բացելիս մենք հետամուտ ենք լինում, որ ծառայությունից օգտվեն ռիսկերի կառավարման եւ գնահատման համար բավարար փորձ ու գիտելիքներ ունեցող հաճախորդները:- Այդ դեպքում, ինչպե՞ս կարող է աշխատանքի փորձ չունեցող հաճախորդը համագործակցել Ձեզ հետ: - Նույնիսկ ամենափորձառու թրեյդերի համար մենք ունենք պարտադիր պահանջ. մինչեւ իրական առեւտրային հաշվով գործարքներ իրականացնելը, հաճախորդը պարտավոր է բացել ոչ իրական` վիրտուալ, առեւտրային հաշիվ եւ գործարքներ իրականացնել “Ինեկոթրեյդեր” ծրագրով տրամադրվող ոչ իրական` փորձնական հաշվով: Իր համար փորձնական հաշիվ կարող է բացել ցանկացած անձ` անկախ հետագայում իրական հաշիվ բացելու նպատակներից: Ընդ որում, փորձնական հաշիվ կարելի է բացել առանց ՙԻնեկոբանկ՚ այցելելու` www.inecotrade.am ինտերնետային կայքում, որն իր այցելուներին հրամցնում է ոչ միայն մեր ծառայություններից օգտվելու հնարավորությունները, այլեւ տվյալ պահի փոխարժեքներ եւ գներ, նորություններ, վերլուծություններ, ուսուցողական նյութեր: - Ինչպիսի՞ պահանջարկ կա ծառայության նկատմամբ եւ ի՞նչ փոփոխություների է ենթարկվել այն հատկապես վերջին շրջանում` փոխարժեքների կտրուկ տատանումներով պայմանավորված: - Այսօրվա դրությամբ շարունակվում են ֆինանսական շուկաների ինտեգրման գործընթացները: Հիմնականում դա արդյունք է վերջին տասնամյակների ընթացքում նկատվող տեխնոլոգիական զարգացման բարձր տեմպերի: Ինտեգրման գործընթացների արդյունք է նաեւ մեր ծառայությունը: Մեր հաճախորդների գործարքներն իրականանում են ժամանակի տվյալ պահի միջազգային գնանշումներով եւ մեկ տասնորդական վայրկյանի ընթացքում: Ծառայությունը տնտեսվարողներին` մասնավորապես ներմուծող եւ արտահանող կազմակերպություններին, հնարավորություն է տալիս առանց դժվարությունների կառավարել արտարժութային ռիսկերը: “Ինեկոթրեյդեր” ծրագրով արտարժույթի առքուվաճառքի գործարքների հնարավորության տրամադրումը բանկային ծառայությունների եւ բարձր տեխնոլոգիաների համատեղման վառ օրինակ է: Իսկ դա միշտ հրապուրիչ է հաճախորդի համար: Վերջին չորս ամիսների ընթացքում կրկնապատկվել է մեր ծառայությունից օգտվող հաճախորդների թիվը: Ծառայության նկատմամբ պահանջարկն աճում է: - Մրցունա՞կ են արդյոք ձեր սակագները:- Այո: Նմանատիպ ծառայությունները մատուցվում են հիմնականում ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով, եւ հաճախորդներին հասանելի են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա ֆինանսական կառույցների առաջարկները: Հետեւաբար` մենք չենք կարող մեր ծառայությունների որակով, այդ թվում` սակագներով, զիջել արեւմտյան ֆինանսական կառույցներին: Ծառայության որակը գնահատողը հաճախորդն է: Ունենք հաճախորդներ, որոնք նախկինում առեւտրային հաշիվներ էին ունեցել եվրոպական եւ ամերիկյան բանկերում: Մենք զգոն ենք մեր կողմից մատուցվող ծառայության որակի հարցերում: Ունենք նաեւ մեր առավելությունները: Մեզ հետ աշխատող եւ ՀՀ տարածքում գործող հաճախորդները չունեն արտասահման գումարներ փոխանցելու, օտար լեզուներով եւ օտարերկրյա դիլերների հետ հաղորդակցվելու, ինչպես նաեւ կոնկրետ խնդիրների պարզաբանման համար արտասահման մեկնելու անհրաժեշտություն: Մեր կողմից տրամադրվող առքուվաճառքի գները չեն զիջում արեւմտյան լավագույն բանկերի կամ ներդրումային ընկերությունների կողմից տրամադրվող գներին: Իսկ վարկային լծակը տրամադրվում է ռիսկերի նկատմամբ հաճախորդի նախասիրություններին համապատասխան:- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:- Մեր ծրագրած փոփոխությունները կավելացնեն ինչպես գործարքների համար հաճախորդներին տրամադրվող ֆինանսական գործիքները, այնպես էլ գործարքների իրականացման ձեւերը: Մասնավորապես` 2008թ. մարտից պլանավորված է “Ինեկոթրեյդեր” ծրագրով միջազգային բորսաներում գրանցված գործիքների` մասնավորապես բաժնետոմսերի, ֆյուչերսների տրամադրումը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ բջջային հեռախոսակապով գործարքների իրականացման հնարավորությունների ուղղությամբ: - Գործընկե՞ր, թե՞ թրեյդեր. ո՞րն է Բանկի մոտեցումը հաճախորդների հետ հարաբերություններում: - “Ինեկոթրեյդեր” ծրագրով ընդունված ցանկացած գործարքի պատվեր տվյալ պահին մեր կողմից հաղորդվում է միջազգային շուկա, ուստի մեզ մոտ առկա չէ գործարքի իրականացման համար անհրաժեշտ փոխհակադարձ շահերի սկզբունքը: Ի տարբերություն նմանատիպ ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների` մեր ծառայությունից ձեւավորվող եկամուտները համեմատական են մեր հաճախորդների գործարքներից ստացված դրական եւ ոչ թե բացասական ֆինանսական արդյունքին: Մենք մեր հաճախորդների հետ ունենք ընդհանուր նպատակ` գործարքների միջոցով ավելացնել հաճախորդների ակտիվները եւ եկամուտները: Իսկ միեւնույն գործարքից միեւնույն ուղղվածության նպատակներ ունենում են գործընկերները: Զրուցեց Սասուն Խաչատրյանը Tweet Դիտում՝ 7344