Ակտիվների աճ ու շահույթի անկում՝ բանկային համակարգում

19.04.2019 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #հաշվետվություն
Հայաստանյան բանկերը 2019թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ, մինչդեռ ֆինանսական արդյունքների առումով պատկերն այդքան էլ «տպավորիչ» չի եղել: Այսպես, համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 3,4%-ով, պարտավորությունները՝ 3,5%-ով, կապիտալը՝ 2,7%-ով, իսկ շահույթը կրճատվել է 20,3%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2019թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներն ավելացել են

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. վերջի համեմատ աճել է 3,4%-ով՝ կազմելով 5 125,4 մլրդ դրամ:

Միաժամանակ, վարկավորման ծավալները հաշվետու եռամսյակում ավելացել են 2%-ով եւ կազմել 3 110,1 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը, որը, չնայած 2018թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 0,5% անկում, 775,9 մլրդ դրամով գլխավորել է ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 15,1%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (537,1 մլրդ դրամ, անկում՝ 2%):

Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Հայբիզնեսբանկն է, որի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 10%-ով՝ կազմելով 707,3 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 462 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարեվերջի ցուցանիշը 5,5%-ով:

Նրան հաջորդում են Արդշինբանկը՝ 667,4 մլրդ դրամ (2018թ. վերջի համեմատ՝ 0,8% անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 398,5 մլրդ դրամ (աճ`13,8%) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 310,8 մլրդ դրամ (աճ՝ 7,6%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 452,7 մլրդ դրամ (անկում՝ 0,9%), 222,1 մլրդ դրամ (աճ՝ 8,3%) եւ 171,7 մլրդ դրամ (աճ՝ 3,2%):

Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 55,8%-ը:

Պարտավորությունները եւս աճել են

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. վերջի նկատմամբ ավելացել է 3,5%-ով՝ կազմելով 4 340,7 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2019թ. առաջին եռամսյակում նվազել է 1%-ով՝ կազմելով 682,8 մլրդ դրամ:

Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Հայբիզնեսբանկն է՝ 664,5 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 10,8%):

Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 597,8 մլրդ դրամ (2018թ. վերջի նկատմամբ՝ 1,6% անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 332,9 մլրդ դրամ (աճ` 16,5%) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 260,4 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 9,2%):

Կապիտալիզացիան ավելացել է
 
Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 2,7%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը 784,8 մլրդ դրամի:

Ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 93,1 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 3,7%-ով:

69,6 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը, որն արձանագրել է ցուցանիշի 6,4% աճ:

Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 65,6 մլրդ դրամ (աճ` 2%), Ինեկոբանկը՝ 53 մլրդ դրամ (աճ՝ 3,2%), եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՝ 50,4 մլրդ դրամ (անկում` 0,1%):

Գրանցվել է շահույթի զգալի անկում

ՀՀ առեւտրային բանկերը 2019թ. առաջին եռամսյակում վաստակել են 16,1 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 20,3%-ով զիջում է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Եռամսյակը շահույթով են փակել բոլոր առեւտրային բանկերը, 11 առեւտրային բանկի մոտ արձանագրվել է շահույթի ցուցանիշի որոշակի անկում:

Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ամերիաբանկը: Այն 2019թ. առաջին եռամսյակի տվյալներով վաստակել է 3 099,4 մլն դրամ, որը գերազանցում է բանկի նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը 20,9%-ով:

2 230,1 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Արդշինբանկն է, որի շահույթը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,9%-ով:

Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 1 789,2 մլն դրամ (անկում՝ 12,5%) եւ Արցախբանկը՝ 1 674,6 մլն դրամ (անկում`40,8%): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Կոնվերս Բանկը, որն առաջին եռամսյակում արձանագրել 1 399,1 մլն դրամ շահույթ (աճ՝ 38,8%):

Միայն հինգ առաջատար բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 63,3%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2019թ. 1-ին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2018թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2018թ. առաջին եռամսյակի համեմատ):

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Սիրանուշ Սիմոնյան
Դիտում՝ 11117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW