Երկու ընկերների «արվեստ-բիզնեսը»՝ գինու շշերի վրա

21.02.2019 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Նաղաշ գինիներ #Դավիթ Նաղաշյան #Արման Անտոնյան
Ընկերներ Դավիթ Նաղաշյանն ու Արման Անտոնյանը մոտ 3 ամիս առաջ սեփական միջոցներով բիզնես հիմնեցին՝ «Նաղաշ գինիները»: Նրանք գինու շշերի վրա սկսեցին արվեստի ստեղծագործություններ պատկերել: Banks.am-ի թղթակիցը զրուցել է երիտասարդների հետ՝ պարզելու բիզնեսի մանրամասները:

Բրենդի գաղափարն ու անվանումը

Դավիթը մասնագիտությամբ ցանցային ադմինիստրատոր է, Արմանը՝ վեբ դիզայներ: Բրենդի անվանումը կապված է Դավիթի ազգանվան հետ՝ «Նաղաշյան»:

«Սկզբում ընտրեցինք յուղաներկ, բայց զգացինք, որ այն շատ ուշ է չորանում: Ավելի ուշ գտանք համապատասխան ներկեր, ընտրեցինք նկարները, ֆեյսբուքյան էջի վրա աշխատեցինք եւ որոշեցինք՝ որն է մեր թիրախը»,- պատմում է Դավիթը:  


Տղաների սկզբունքն է շշերի վրա նկարել բացառապես ձեռքով եւ որ ամենակարեւորն է՝ արվեստի ստեղծագործություններ: Պատվերներ նույնպես ընդունում են, բայց, ասում են, միայն այն դեպքում, երբ համապատասխանում է իրենց ձեւաչափին:

«Անհատական պատվերների դեպքում մենք զգուշացնում ենք, որ նկարները միայն արվեստին պիտի վերաբերեն: Սա էլ մի ձեւ է մարդկանց արվեստին ծանոթացնելու»,- նկատում է Արմանը:  

Արման Անտոնյանն ու Դավիթ Նաղաշյանը

Գինիների տեսակները եւ գները

«Նաղաշ գինիների» միջին գինը 7500-15 000 դրամ է: Ներկայում տղաները նկարում են միայն «Նուարտ Ազնունի» կարմիր գինու շշի վրա:

Գինիների շշերի վրայից արտադրող ընկերության պիտակը չի հեռացվում.

«Մենք նկարում ենք շշի մի կողմում, իսկ հակառակ կողմում մնում է համապատասխան պիտակը, որտեղ ներկայացված են գինու շշալցման վայրը, բաղադրությունը, ինչպես նաեւ համապատասխան կոդավորումը»:

Առաջիկայում կավելանան նաեւ սպիտակ եւ վարդագույն գինիները, ինչպես նաեւ կսկսեն համագործակցել «Ոսկեվազ» գինու գործարանի հետ:


Բիզնես՝ զրո ֆինանսավորմամբ

Դավիթն ու Արմանը սեփական միջոցներն են ներդրել գինիների բիզնեսը սկսելու համար: Ֆինանսավորման աղբյուրներ չեն փնտրել, բայց ասում են՝ բաց են համագործակցության համար:

Նրանց խոսքով՝ «Նաղաշ գինիների» հիմնական գնորդները երիտասարդներն են, իսկ մեծահասակները նախընտրում են ավելի թանկ գինիները։

«Առաքում չունենք, բայց պայմանավորվելով՝ փոխանցում ենք գնորդին։ Խանութներում ներկայացված չենք, քանի որ մեծ հավաքածու տեղաշարժելու դեպքում պատկերները կարող են վնասվել։ Չենք բացառում, որ մեր արտադրանքը հետագայում ներկայացված լինի խանութներում»,- ասում է Արմանը։


Եկամուտն ու ապագայի պլանները

Երկու ընկերները վաճառքից ստացված գումարով նոր նյութեր ու վրձիններ պիտի գնեն: Իսկ եթե շատ գումար աշխատեն, որոշել են՝ կներդնեն արվեստի զարգացման մեջ:

«Օրինակ՝ դասախոսություններ, բաց դասեր, վարպետության դասեր կանցկացնենք, եւ այդ ամենը կուղեկցվի գինու հյուրասիրությամբ»,- նշում է Դավիթը։


«Նաղաշ գինիները» ներկայացված են Ֆեյսբուքում եւ Ինստագրամում: Տղաները քննարկում են նաեւ կայքի ստեղծումը։

Բիզնեսը կատարելագործելու հետաքրքիր միտք էլ ունեն. մտածում են շշերը զարդարելու համար օգտագործել ոսկու սալիկներ, թանկարժեք մետաղներ։

Արման Անտոնյանն ու Դավիթ Նաղաշյանը

Եվ չնայած փոքր բիզնեսի դժվարություններին՝  խոստովանում են. եթե կա միտքն ու աշխատելու ցանկությունը, ոչինչ չի կարող խոչընդոտ դառնալ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 10872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW