Ճիշտ ինչպես հեքիաթում՝ բավական է հպվել նկարներին եւ դրանք շունչ ու մարմին կստանան։ Ճիշտ է, նկարի հերոսները կկենդանանան ոչ միանգամից, այլ մի քանի օրում, բայց փոխարենը կապրեն հավերժ:«Գունազարդ»-ը զբաղված է այդ գործընթացով՝ կենդանացնում-հավերժացնում է փոքրիկների առաջին նկարները։ Դեռ միակն է Հայաստանում, որ մտահաղացել է նման գաղափար ու որդեգրել է «ոչ» չասելու քաղաքականությունը՝ եթե երեխան է նկարել (անգամ եթե այն դժվար է նկար անվանելը), ուրեմն, կարող է զարդ դառնալ։«Գունազարդ»-ի բիզնեսի հեղինակը շուկայագետ Օֆելյա Մարտիրոսյանն է, որը պատմում է գաղափարի կյանքի կոչման ու մնացած մանրամասների մասին:Բրենդի զարգացմամբ ես եմ զբաղվում։ «Գունազարդ»-ի թիմում են նաեւ Մանուկը, Հրաչյան ու Անին։ Ստեղծագործական պրոցեսը նրանց ուսերին է։Նախագիծը մտահաղացել ենք 2017-ի դեկտեմբերին, կյանքի կոչել՝ 2018-ի հուլիսին։ Սկզբում շաբաթը մեկ էինք պատվեր ստանում, այնուհետ՝ երկու, հետո՝ երեք, ու ստարտափը սկսեց շնչել։ Գաղափարը շատ վաղուց կար, ինչ-որ տեղ տեսել էի, որ երեխաների նկարած նկարներով խաղալիքներ են պատրաստում։ Որոշեցի ես էլ նման մի բան անեմ Հայաստանում, բայց այդպես էլ չգտա մարդ, որն ինձ կսովորեցներ տիկնիկ պատրաստել։ Թվում էր, թե վերջ, գաղափարն այդպես էլ երազանք կմնա։ Բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, միտքը չափազանց համառ էր ինձ լքելու համար։Հավատում էինք ու հավատում ենք, որ ցանկացած փոքրիկի առաջին, երկրորդ կամ գուցե նաեւ երրորդ ստեղծագործությունը կարող է դառնալ կա՛մ կախազարդ, կա՛մ բրոշ ու հայտնվել ծնողներից որեւէ մեկի պարանոցին կամ հագուստին։ Շատ տարիներ առաջ հեռուստատեսությամբ մի հաղոդում կար, որի ընթացքում ցուցադրում էին երեխաների նկարած նկարները։ Ես իմ բոլոր նկարներն ուղարկում էի այդ հաղորդմանը, բայց այդպես էլ որեւէ անգամ չցուցադրվեցին, նկարներս էլ չվերադարձրին։ Տարիներ հետո գտա իմ ու քույրիկիս նկարած նկարներից մեկը ու վերածեցի բրոշի։ Գունավոր գնացք է։ Հաճախ եմ կրում, թեեւ ոճս գործնական է։ Զատիկն էր «Գունազարդ»-ի առաջին զարդը։ Կանացի բրոշ էր, բայց պատվեր չէր, նվեր էր ԱՄՆ-ում ապրող մեր ընկերներից մեկի համար՝ նրա երեխայի առաջին նկարն էր։ Առաջին պատվերը մեր գործընկերներից մեկն արեց: Նրա դուստրը մայրիկին էր պատկերել արքայադստեր կերպարով, մայրիկն էլ որոշել էր այն որպես կախազարդ կրել։ Զարդերը պատրաստվում են բացառապես արծաթից, էմալապատվում, եթե պատվիրատուն գունավորն է նախընտրում։ Դրանից է կախված զարդի արժեքը։ Անգույն մոդելների արժեքը տատանվում է 10-17 հազ. դրամի սահմաններում, իսկ գունավոր մոդելները սկսում են 22 հազ. դրամից։ Գինը պայմանավորված է մոդելի բարդությամբ։ Զեղչվում են, եթե նույն զարդից երկու օրինակ է պատվիրվում։Պատրաստման պրոցեսը բավական բարդ է, ժամանակատար։ Նախ, հատուկ ծրագրով հավաքվում է նկարի 3D մոդելը, այնուհետ, պրինտերի վրա տպվում է 3D ձեւաչափով՝ մոմի կամ համանման մեկ այլ նյութի վրա, որից հետո գործի են անցնում ոսկերիչները։ Աշխատանքը զգացմունքային է։ Դու չես կարող այս ամենին պարզապես որպես աշխատանք վերաբերվել, որովհետեւ յուրաքանչյուր նկարում չափից շատ զգացմունքներ են ապրում։Դեռ միայն բրոշ ու կախազարդ ենք պատրաստում նկարներից։ Քննարկվում է ճարմանդների գաղափարը։ Բանալիների կախազարդի առաջարկներ եղել են պատվիրատուներից, բայց մերժել ենք. արծաթը նուրբ մետաղ է, իսկ պատրաստված պատկերն ափսոս է, կվնասվի բանալիների հետ շփումից։ Մերժում ենք տարօրինակ առաջարկները։ Օրինակ, եղել են պատվիրատուներ, որոնք պատվիրել են լոգոներ կամ ինչ-որ մեկի դիմանկարը՝ լուսանկարից։ Մերժել ենք։ Ոչ ստանդարտ պատվերներից միակը, որը համաձայնել ենք պատրաստել, մի փոքրիկի սիրելի խաղալիքի կրկնօրինակն էր՝ բրոշի տեսքով։ Պատվիրատուները դեռ միայն հայեր են։ Սկսել ենք տեղական շուկայից, թեեւ նվերների տեսքով «Գունազարդ»-ի զարդերը հաճախ են արտերկիր ճանապարհորդում։ Երեխաների նկարներում մի ընդհանրություն ենք նկատել՝ գրեթե բոլոր պատկերազարդումներում մարդուկների ոտքերը երկար են, գլուխը՝ մեծ, մարմինը՝ չափազանց փոքր։ Աղջիկները սիրում են արքայադուստր նկարել, տղաները՝ փիղ ու ընձուղտ։ Երբ երեխաները նկարում են ծնողներին, ակնհայտ է դառնում փոքրիկի զգացմունքային կապվածությունը, հույզերը եւ այն, թե ինչ է զգում ընտանիքում։Նկարի հոգեբանական վերլուծություններով դեռ չենք զբաղվում, բայց չենք էլ բացառում, որ մոտ ապագայում կսկսենք հասկանալ, թե երեխան ինչ հաղորդագրություն է հանձնել թղթին։ Այս պահին մի բան գիտենք, որ հաստատ է՝ երբ նայում ես նկարից ստացված պատկերին՝ հասկանում ես, որ ժամանակը, այնուամենայնիվ, կարող է կանգ առնել։Լուսին Մկրտչյան Tweet Դիտում՝ 12789