Մասնագիտությամբ թուրքագետ Արմինե Աղաջանյանը ժամանակին «սխալմամբ» է հայտնվել այդ ֆակուլտետում: Ի սկզբանե արվեստագետ դառնալ ցանկացողին մինչ օրս դիմում են «Արվեստ» մականունով: Ճարտարապետ-նկարչի ընտանիքում ծնված լինելը հետագայում թողեց իր հետքը: Արմինեն, որը մանկուց սիրում էր նկարել եւ ձեւել մայրիկի շորերը, արդեն 9 տարի է՝ հայրենի Եղեգնաձոր քաղաքում զբաղվում է սեփական բիզնեսով: «Մոշ ստուդիո» անունը կրող նորաձեւության սրահում նկարում են հագուստի եւ աքսեսուարների վրա: Ասում է՝ թուրքագետի մասնագիտությունն էլ է որոշ չափով օգնել, քանի որ ամեն անգամ հագուստի պիտակի վրա կարդալով «Պատրաստված է Թուրքիայում»՝ որոշել է անպայման ունենալ իր տեղական արտադրանքը. «Այն, ինչ ունեմ այսօր, մանկությանս երազանքն է, անգամ շարադրություն ունեմ գրած 2001-ին, թե ինչ կլինի 2010-ին: Այնտեղ նկարագրում եմ հենց այն ամենը, ինչ ունեմ այսօր»,- անկեղծանում է Արմինեն: Ասում է՝ իր բրենդի սկզբունքն է «հայկական արտադրանք, որի վրա պարտադիր կա ձեռքի գործ»: Մանկուց ունեցել է նախընտրելի գունային գամմաներ, այդ պատճառով էլ դժվար է զանազանել նրա կիրառած գույները. «Գույները խառնած եմ սիրում, հստակ գույներ չեմ սիրում: Ինձ համար այն գույնն է հաճելի, որին նայելով՝ մտածում ես, թե ինչ գույն է»:«Մոշ ստուդիոն» համագործակցում է Վայոց ձորի վարպետների հետ՝ հելյունագործներ, ասեղնագործներ, ազգագրագետներ: Արմինեն ասում է, որ ունեն ազգագրագետ, որն իրենց օգնում է խորհուրդներով, պատմում, թե որ նախշն ինչ է նշանակում: Վայոց ձորում ստեղծագործողներին ուզում են հանրությանը ներկայանալու հնարավորություն տալ: «Տանը նստած հելյունագործին, ում ոչ ոք չի գնահատել, ես ցանկանում եմ հարթակ տրամադրել»,- նշում է Արմինեն՝ հավելելով, որ առաջիկայում ունենալու են նաեւ ծիսական տիկնիկներ: Բիզնեսին հասնելու ճանապարհը լի էր անակնկալներով: Դրանցից էր Արմինեի ստեղծագործական կյանքի մեծագույն բացահայտումը:«Ես ուսումնասիրեցի մեր վայոցձորյան ճարտարապետության զարդանախշերը ու գտա Մոմիկից կիսաքանդված մի խաչքար, որի վրա եզակի զարդանախշ կար: Ուսումնասիրեցի ամեն մի դետալը, սարքեցի վեկտորային տարբերակները: Զարդանախշը սերմ է, որը ծլում, դառնում է կոկոն, դառնում ծաղիկ, հետո նորից սերմն ընկնում է, ու կրկնվում նույնը: Դա կինն է, պտղաբերությունն ու հավերժությունը: Զարդանախշը նույնությամբ տեղադրեցի իմ կարած զգեստների, պայուսակների վրա»,- պատմում է մեր զրուցակիցը: Ուշագրավ է, որ պեղումների ժամանակ հենց նրա հայրն է գտել Մոմիկ ճարտարապետի տապանաքարն Ուլգյուրում, որի վրա վերջինիս մոր, եղբոր, քրոջ մահվան թվերն են գրված՝ բոլորինը՝ նույն օրը: Թեպետ նույն զարդանախշը նկարելուց արդեն փոքր-ինչ հոգնել է, սակայն ասում է՝ պահանջարկը գնալով մեծանում է: Հենց դա է պատճառը, որ զարդանախշի շնորհիվ մի քանի ժամում ունեցել են իրենց ամենամեծ եկամուտը. «Ուզում եմ այդպիսով շեշտել Մոմիկի՝ վայոցձորցի լինելը, քանի որ շատ ասեկոսեներ կան, թե նա, օրինակ, չինացի է եղել»: Արմինեն այժմ ուսումնասիրում է Մոմիկի մյուս զարդանախշերը՝ պատրաստելու մեծ հավաքածու: Առհասարակ որոշել է զբաղվել հայկական ճարտարապետության զարդանախշերի ուսումնասիրությամբ եւ նախընտրում է բուսային-ծաղկային զարդանախշերը. «Ինձ մոտ ծաղկային-ռոմանտիկ թեմատիկա է, ուզում եմ ավելի խորացնել դեպի ազգայինը: Ուզում եմ նռան թեմայից դուրս գալ, այնքան ենք տեսել, որ արդեն անգամ տուրիստներին է տհաճ: Իսկ այդ զարդանախշերը եւ՛ նոր են, եւ՛ ինֆորմացնող»: Ցուցահանդեսներին հետաքրքրվում են՝ Երեւանում «Մոշ ստուդիոն» մասնաճյուղ ունի՞, թե՞ ոչ: Արմինեի խոսքով՝ զարմանում են, երբ իմանում են, որ այն Եղեգնաձորում է:Այսօր կանանց ներգրավվածությունը բիզնեսում, ըստ Արմինեի, արդեն որոշ չափով լուծված խնդիր է: Ամեն դեպքում կարծում է, որ փոքր-ինչ բարդ է հատկապես ամուսնացած կանանց համար: Ասում է՝ շատերը դրան որպես երազանք են նայում: Խոսում է նաեւ մայր լինելու ու բիզնեսը համատեղելու մասին: 12-ամյա որդին նույնպես զարդանախշեր է նկարում, որոնք Արմինեն որոշել է ներառել մանկական հավաքածուի մեջ:Տեքստն ու լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի Tweet Դիտում՝ 13135