EY երեւանյան գրասենյակը նշում է հիմնադրման 10-ամյակը եւ «Ծիրանի տոնը»

27.07.2018 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#EY #Ծիրանի տոն
Աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY (Ernst & Young) ընկերության երեւանյան գրասենյակն այս տարի՝ հուլիսի 20-22-ը, վեցերորդ անգամ անցկացրել է «Ծիրանի տոն» (Apricot Party) հավաք-միջոցառումն աշխարհի տարբեր երկրների EY գրասենյակներում աշխատող հայազգի ներկայացուցիչների եւ Հայաստանի օտարազգի ընկերների համար:


Այցի շրջանակում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի գործարար եւ մշակութային կյանքին: Նրանք, մասնավորապես, այցելել են  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերին, նորարարություններին ու կրթական նախաձեռնություններին: Հյուրերը եղել են նաեւ Հաղարծինի վանքում, Երեւանի թանգարաններում ու Մատենադարանում:

Այցելություն COAF-ի ՍՄԱՐԹ-կենտրոն

Այս տարի EY ընկերության երեւանյան գրասենյակը նշում է նաեւ հիմնադրման 10-ամյակը։ Այս կապակցությամբ հուլիսի 20-ին EY ընկերությունը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին ոչ միայն «Ծիրանի տոն» միջոցառման հյուրերը, այլ նաեւ Հայաստանի պաշտոնյաներ, տեղական եւ միջազգային գործարարներ, EY ընկերության գործընկերներ։

«Մեր ընկերությունն ինձ հնարավորություն ընձեռեց ավելի սերտ կապվել հայրենիքի հետ 10 տարի առաջ: Այն փաստը, որ EY ընկերությունը Հայաստանում գրասենյակ չուներ, շատ ցավոտ էր ինձ եւ իմ գործընկեր հայրենակիցների համար: EY ԱՊՀ տարածաշրջանի ղեկավարությունն աջակցեց մեզ, եւ մենք հիմնեցինք գրասենյակը 2008թ.՝ ներգրավելով ամբողջ մեր ցանցի եւ, մասնավորապես, մեր հայրենակիցների ներուժը: Կարծում եմ՝ տասը տարի անց կարող ենք արձանագրել, որ դա ճիշտ ներդրում էր  եւ ոչ միայն ֆինանսապես»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է EY Հայաստանի կառավարիչ գործընկեր Էրիկ Հայրապետյանը:

Նա շնորհակալություն է հայտնել նաեւ բոլոր հաճախորդներին, որոնք վստահել են ընկերությանն այս տարիների ընթացքում:

«Առանց իրենց՝ այս հաջողությունն անհնար կլիներ: Բոլորս դեռ շատ անելիքներ ունենք, եւ ես վստահ եմ, որ փոքր գործերով մեծ հաղթանակների կհասնենք: Այս առումով «Ծիրանի տոնի» գաղափարը, այն է՝ նպաստել մեր հայրենակիցների եւ Հայաստանին ոչ անտարբեր բոլոր մարդկանց կապերի ամրապնդմանը, ինձ շատ հարազատ է»,- հավելել է Էրիկ Հայրապետյանը:

Հակոբ Սարգսյանն ու Էրիկ Հայրապետյանը

EY ընկերության երեւանյան գրասենյակի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ շնորհավորել է նաեւ EY ԱՊՀ տարածաշրջանի գործարքների ուղեկցման խորհրդատվության բաժնի գնահատման ծառայությունների ղեկավար, հիմնադիր գործընկեր Հակոբ Սարգսյանը։

«Մենք մեր գործունեությունը սկսել ենք 2-3 աշխատողով, այս պահին արդեն ունենք 60 աշխատակից։ Իհարկե, կարեւորը ոչ թե աշխատակիցների թիվն է, այլ թե ինչ ենք արել այս ժամանակահատվածում։ Այս տարիների ընթացքում փորձել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման գործում։ Մենք ակտիվ ենք եղել նաեւ մի շարք բարեգործական նախաձեռնություններում, որն ինձ համար մեծ նվաճում է»,- ասել է EY ԱՊՀ տարածաշրջանի գործարքների ուղեկցման խորհրդատվության բաժնի գնահատման ծառայությունների ղեկավար, հիմնադիր գործընկեր Հակոբ Սարգսյանը։

Այցելություն Հաղարծինի վանք

Անդրադառնալով ավանդույթ դարձած «Ծիրանի տոն» միջոցառմանը՝ Հակոբ Սարգսյանն ընդգծել է, որ այսպիսի նախաձեռնությունները միշտ լավ արդյունքներ են տալիս։

«Երբեմն հայկական արմատներ ունեցող աշխատակիցներն իրար նույնիսկ չեն ճանաչում՝ աշխատելով նույն գրասենյակում։ Շատերն են իրար հետ ծանոթացել մեր այս ամենամյա միջոցառման շրջանակում։ Սա օգնում է, որ մարդիկ սկսեն իրար հետ ավելի արդյունավետ աշխատել։ Նրանք նաեւ փորձում են Հայաստանի համար ավելի լավ գաղափարներ առաջ քաշել։ Այս դարում գաղափարները շատ կարեւոր են, մարդկանց համախմբումը եւ այստեղ տիրող էներգետիկան հրաշալի արդյունքներ են տալիս։ Բացի այդ, վերջին տարիներին տեխնիկայի զարգացումը վնասում է մարդկային անմիջական շփմանը։ Կարեւոր է իրար ձեռք սեղմել, միմյանց աչքերի մեջ նայել. դրա շնորհիվ աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում։ Մեր հյուրերը հետագայում հաճույքով վերադառնում են Հայաստան իրենց ընտանիքների եւ ընկերների հետ, նաեւ բոլորին պատմում են, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հրաշալի մարդկանցով»,- պատմել է EY հիմնադիր գործընկերը՝ նշելով, թե կարեւոր է, որ հյուրերը զգան, թե ինչով են «ապրում եւ շնչում» հայերը։

Այցելություն Մատենադարան

EY ընկերության ԱՊՀ տարածաշրջանի կառավարիչ գործընկեր Ալեքսանդր Իվլեւը, առաջին անգամ չէ, որ ներկա է գտնվում այս հավաքին։

«Ինձ հաճելի է գտնվել այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ գնահատում են իրենց արմատները, մշակույթը, իրենց հստակ նույնականացնում են տվյալ ազգության հետ։ Հաճելի է, որ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայերն ամեն տարի մասնակցում են մի այնպիսի միջոցառման, որը նվիրված է հայրենիքի հանդեպ սիրուն։

Այստեղ լավ տրամադրություն է տիրում. տարբեր երկրների գրասենյակների ներկայացուցիչները շփվում են եւ կապեր հաստատում։ Շփման այս ձեւաչափը թույլ է տալիս վստահելի հարաբերություններ ստեղծել, քանի որ մարդիկ իրար ավելի լավ են ճանաչում։ Կարեւոր է նաեւ այս ձեւաչափով շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ բիզնես հարաբերությունների մեջ ենք»,- ասել է նա։

Շնորհավորելով EY ընկերության երեւանյան գրասենյակին 10-ամյակի կապակցությամբ՝ Ալեքսանդր Իվլեւը մաղթել է ընկերությանը միշտ առաջինը լինել հայկական շուկայում։

Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կառավարիչ գործընկեր Յացեկ Կեձիորն առաջին անգամ է հրավիրվել Հայաստան։ Banks.am-ի հետ զրույցում չի թաքցրել, որ շատ դրական միջավայրում է անցկացնում ժամանակը։

Ալեքսանդր Իվլեւը եւ Յացեկ Կեձիորը

«Հայաստանը հրաշալի պատմության եւ ավանդույթների երկիր է։ Ես բավականին շատ կարդացել էի Հայաստանի մասին եւ սպասում էի այս այցելությանը։ Կարդացել էի, որ Երեւանն ավելի հին է, քան Հռոմը։ Գիտեի, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է։ Գիտեի նաեւ երկրի ցավալի պատմության մասին՝ կապված Ցեղասպանության հետ։ Լեհաստանում էլ հայերի հետ շփումներից հասկացել էի, որ հայերի շրջանում լավ գիտնականներ եւ մաթեմատիկոսներ կան։ Այցի շրջանակում նաեւ ՀՀ նախագահին հանդիպելու հնարավորություն ունեցանք։ Հայաստանում շատ դրական էներգիա կա եւ նա մեզ վստահեցրեց, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվելու։  

Մեր հայ գործընկերները հրաշալի գաղափար ունեն՝ միավորելու ամբողջ աշխարհի հայերին եւ Հայաստանի ընկերներին։ Այս համախմբման շնորհիվ մենք հասկանում ենք, թե ինչ ունենք միմյանց առաջարկելու։ Մարդկանց շփումների եւ կապերի շնորհիվ ստեղծվում է մի ցանց, որը կօգնի առաջխաղացնել Հայաստանը»,- պատմել է նա։

Ազգային պարեր

Յացեկ Կեձիորի կարծիքով՝ Հայաստանում 10-ամյա փորձ ունեցող EY ընկերությունը կարող է նշանակալի ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում, եւ այս ուղղությամբ շատ բան ունի առաջարկելու։

«Դրան կարող է նպաստել նաեւ EY-ի հայկական համայնքը։ Բացի ընկերության ավանդական ծառայություններից, մենք կարող ենք նպաստել նաեւ օտարերկրյա ներդրումների ավելացմանը, երկրի առաջխաղացմանը միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ ստարտափ ընկերությունների զարգացմանը»,- նշել է նա։  

«Ծիրանի տոն» միջոցառմանն առաջին անգամ մասնակցել է նաեւ ԱՊՀ տարածաշրջանում տրանսֆերային գնագոյացման ծառայությունների խմբի ղեկավար Եվգենիա Վետերը, որն ամենալավ տպավորություններով է հեռանալու այստեղից։


«Չէի սպասում, որ այսքան մեծ հույզեր, այսքան ջերմ եւ ընտանեկան կոլորիտ է լինելու։ Շատերն էին ինձ ասում, որ սա մտերմիկ եւ իր բնույթով յուրօրինակ հավաք է, հիմա ինքս էլ կարող եմ հաստատել դա։ Այստեղ շատերը հանդիպում են երկար բաժանումից հետո, շատերն առաջին անգամ են հանդիպում, բայց գաղափարը միավորում է բոլորին եւ ամենաբազմազան թեմաներ քննարկելու հնարավորություն տալիս։

Կարծում եմ՝ սա ամենաճիշտ եւ ամենաարդյունավետ ձեւաչափն է գործընկերային հարաբերությունների զարգացման համար։ Այստեղ ամուր գործընկերային հարաբերություններ են ստեղծվում անձնական շփումների եւ վստահության շնորհիվ, իսկ Հայաստանի եւ հայկական արմատների գաղափարն ընտանեկան մթնոլորտ է ստեղծում։

Ցանկանում եմ բոլորին՝ մեր գործընկերներին, EY երեւանյան գրասենյակի աշխատակիցներին եւ մեր հաճախորդներին, հաջողություն եւ բարգավաճում։  Տեսնում եմ, թե որքան էներգիայով լի են այստեղի մարդիկ։ Ցանկանում եմ, որ այդ էներգիայի շնորհիվ բոլորը կարողանան իրագործել իրենց երազանքները»,- ասել է Եվգենիա Վետերը։

Մարիամ Մանոյան
Լուսանկարները`EY-ի
Դիտում՝ 28224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW