Բանկերը տարին օգուտով են սկսել

19.04.2018 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#հաշվետվություն
Հայաստանի բանկային համակարգը 2018թ. առաջին եռամսյակում շարունակել է ֆինասական ցուցանիշների՝ 2017թ. դրական դինամիկան: Ընդ որում, ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճը եղել է համեմատաբար համեստ, մինչդեռ շահույթի գծով թռիչքաձեւ աճ է գրանցվել: Ուշագրավ է, որ տարվա առաջին եռամսյակն օգուտով են փակել բոլոր առեւտրային բանկերը:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2018թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվները համեստ աճ են գրանցել

ՀՀ բանկային համակարգը 2018թ. առաջին եռամսյակում արձանագրել է ակտիվների դրական, սակայն համեմատաբար համեստ դինամիկա:

Այսպես, ակտիվների ընդհանուր ծավալը հաշվետու եռամսյակում 2017թ. վերջի համեմատ աճել է շուրջ 1,4%-ով՝ կազմելով 4 416,2 մլրդ դրամ:

Համեմատության համար նշենք, որ անցած եռամսյակ ակտիվների աճը կազմել էր 6,7%:

Միաժամանակ, վարկավորման ծավալներն առաջին եռամսյակում ավելացել են 1,7%-ով եւ կազմել 2 677,9 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Չնայած բանկը 2017թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 2,6% անկում, սակայն շուրջ 660 մլրդ դրամով շարունակում է գլխավորել ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 14,9%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (458,9 մլրդ դրամ, անկում՝ 4,3%):


Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Հայբիզնեսբանկն է, որի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 6%-ով` կազմելով 609,6 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 391,6 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարեվերջի ցուցանիշը 4%-ով:

Նրան հաջորդում են Արդշինբանկը՝ 557,8 մլրդ դրամ (2017թ. վերջի համեմատ՝ 1,8% անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 319,7 մլրդ դրամ (աճ`2,8%) եւ Ինեկոբանկը՝ 273,1 մլրդ դրամ (անկում՝ 1,7%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 405,4 մլրդ դրամ (աճ՝ 3,3%), 185,7 մլրդ դրամ (աճ՝ 6,6%) եւ 177,5 մլրդ դրամ (աճ՝ 2,5%):

Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 54,8%-ը:

Պարտավորություններն ավելացել են

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2018թ. առաջին եռամսյակում 2017թ. վերջի նկատմամբ ավելացել է 0,8%-ով՝ կազմելով 3 690,2 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2018թ. առաջին եռամսյակում նվազել է 5,1%-ով՝ կազմելով 576,9 մլրդ դրամ:

Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Հայբիզնեսբանկն է՝ 569,4 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝6,2%):

Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 491,1 մլրդ դրամ (2017թ. վերջի նկատմամբ՝ 2,1% անկում), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 256,1 մլրդ դրամ (աճ` 2,2%) եւ Ինեկոբանկը՝ 222,9 մլրդ դրամ ցուցանիշով (անկում՝ 2,9%):

Կապիտալիզացիան ավելացել է
 
Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 4,2%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը 725,9 մլրդ դրամի:

Ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 83,1 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 18,9%-ով:

66,7 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը, որն արձանագրել է ցուցանիշի 0,5% աճ:

Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 63,6 մլրդ դրամ (աճ` 5,4%), Ինեկոբանկը՝ շուրջ 50,2 մլրդ դրամ (աճ՝ 4,1%), եւ Անելիք Բանկը՝ 47,4 մլրդ դրամ (աճ` 1,3%):

Բոլոր բանկերը շահույթ են ստացել

ՀՀ առեւտրային բանկերը 2018թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ գրանցել են շահույթի թռիչքաձեւ աճ:

Հաշվետու եռամսյակում բանկերը վաստակել են 20,2 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 87,2%-ով գերազանցում է 2017թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Ուշագրավ է, որ տարվա առաջին եռամսյակն «օգուտով» են փակել բոլոր առեւտրային բանկերը:

Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Արցախբանկը: Այն 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով վաստակել է 2 829,2 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 531,6 մլն դրամ վնասի փոխարեն:

2 563,5 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Ամերիաբանկն է, որի շահույթը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55,9%-ով:

Նրան հաջորդում են Արդշինբանկը՝ 2 189,6 մլն դրամ (աճ՝ 76,3%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 2 160,2 մլն դրամ (աճ`46,4%): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն առաջին եռամսյակում արձանագրել 2 028,8 մլն դրամ շահույթ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 1 705,3 մլն դրամի փոխարեն (աճ՝ 19%):

Միայն հինգ առաջատար բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 58,4%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2018թ. 1-ին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2017թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2017թ. առաջին եռամսյակի համեմատ):

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Սիրանուշ Սիմոնյան
Դիտում՝ 12807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW