Հայաստանն ունի բոլոր նախադրյալները՝ գյուղատնտեսության զարգացման գործը բարձր տեխնոլոգիաների «ուսերին դնելու» եւ այն նոր՝ high-tech ուղղությամբ տանելու համար:Իլինոյսի համալսարանի Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի տնօրեն, IntelinAir ընկերության համահիմնադիր Նաիրա Հովակիմյանը կարծում է, որ Հայաստանը, լինելով ավանդաբար գյուղատնտեսության զարգացած երկիր եւ ունենալով Գյուղատնտեսական համալսարան, չունի փորձագետների պակաս, որոնք գիտեն երկիրը, հողերի հատկությունները, տարիներ շարունակ մշակել են դրանք: «Միեւնույն ժամանակ, Հայաստանն ունի գերժամանակակից ՏՏ պոտենցիալ, որը կարող է աշխատել ծրագրերի ստեղծման վրա եւ գյուղատնտեսական փորձագետների ու ֆերմերների գիտելիքները տեղափոխել թվային հավելվածներ՝ բարելավելով գյուղատնտեսության եւ սննդի արտադրության արդյունավետությունը»,- Մեդիամաքսին ասում է Նաիրա Հովակիմյանը:Ենթադրվում է, որ 2050թ. աշխարհի բնակչությունը կհասնի 9 մլրդ-ի, իսկ այսօրվա գյուղատնտեսական տեխնոլոգիաներով, ինչպես նկատում է Նաիրա Հովակիմյանը, հնարավոր չէ կերակրել այդքան մարդու: Այսպիսով, ըստ նրա՝ տեխնոլոգիաները պետք է զարգանան՝ ապահովելու համար յուրաքանչյուր հեկտար հողից ավելի շատ սնունդի ստացումը: «Դա ներառում է ֆերմայի անոմալիաների վաղ ահազանգման համակարգեր, սննդի կառավարման արդյունավետ համակարգեր, գյուղատնտեսական ռոբոտներ եւ այլն: Սա հաջորդ բազմամիլիարդ արդյունաբերությունն է»,- ասում է IntelinAir ընկերության համահիմնադիրը: IntelinAir-ի համահիմնադիրներ Ալ Եսայանը եւ Նաիրա Հովակիմյանը Լուսանկարը՝ www.chicagobusiness.com IntelinAir-ի հնարավորություններըIntelinAir ընկերությունը հիմնադրվել է 2015թ., ունի գրասենյակներ Սան Խոսեում (Կալիֆոռնիա), Շամպեյնում (Իլինոյս) ու Երեւանում: Այն զբաղվում է օդային պատկերների վերլուծությամբ եւ աշխատում է գյուղատնտեսության ոլորտում՝ օգնելով ֆերմերներին ստանալ ճշգրիտ տեղեկատվություն, դրանց հիման վրա կայացնել հիմնավոր որոշումներ: IntelinAir–ը համակարգչային նորարար ալգորիթմների միջոցով վերլուծում է դրոններից, ինքնաթիռներից կամ արբանյակներից արված լուսանկարները:Ընկերության առաջնային գործիքը՝ AgMRI-ը, դաշտերում հիվանդությունների վաղաժամ նախազգուշական համակարգ է, որը ֆերմերներին հնարավորություն է տալիս կառավարել իրենց գործողությունները՝ վստահորեն հիմնվելով ճշգրիտ տեղեկատվության վրա: Նաիրա Հովակիմյանի խոսքով՝ IntelinAir-ը կարող է մասնագիտացված վերլուծել հայկական մշակաբույսերի արտադրությունը: Իսկ ամենը, ինչ անհրաժեշտ է, այդ ուղղությամբ ներդրումներն են:AgMRI-ի հեռանկարները Հայաստանում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի աշխատակից, տնտեսագիտության դոցենտ Իռա Փանոսյանը Մեդիամաքսին ասում է, որ IntelinAir–ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպումների եւ քննարկումների արդյունքներից ելնելով՝ եկել են այն կարծիքին, որ համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում հնարավորություն կտա ստանալու հստակ վիճակագրական տվյալներ, թե որ տարածքում ինչ մշակաբույսեր են մշակում, հողատարածքների որ մասն է մշակվում, որ մասը՝ ոչ, որ տարածքներն են առաջիկայում ենթարկվելու ռիսկերի եւ այլն: «Հետագայում դրոնների զարգացումը թույլ կտա նաեւ կատարել հողի քիմիական կազմի որոշումը, ոռոգման ջրի կորուստների բացահայտումը, բերքի նախնական կանխատեսումները»,- ասել է նա: Լուսանկարը՝ www.jltspecialty.com Հայ մասնագետների դերը AgMRI-ի ներդրման գործումԻռա Փանոսյանը կարծում է, որ այս ծրագրի ներդրման գործում Ագրարային համալսարանի ներգրավումը մեծ դերակատարում կարող է ունենալ: Ըստ նրա՝ հարկավոր է ձեւավորել մասնագիտական խումբ, որում պետք է ընդգրկվեն՝ տեղեկատվության եւ խորհրդատվության մասնագետ, ագրարային տնտեսագետ, հողագիտության մասնագետ եւ բուսաբուծության հարցերով մասնագետ: «Մասնագետների միջոցով պետք է կատարվի գյուղատնտեսության կարիքների բացահայտում, որի արդյունքները հիմք կհանդիսանան, որպեսզի հստակ ձեւակերպվի խնդիրը: Ցանկալի եւ անհրաժեշտ է ծրագիրն իրականացնել փորձնական կարգով՝ մեկ կամ երկու մարզում, որից հետո արդյունքները կգնահատվեն եւ կկիրառվեն մյուս մարզերում: Ծրագրի ամբողջ ընթացքում համալսարանից ձեւավորված խումբը փորձագիտական եւ խորհրդատվական աշխատանքներով կաջակցի IntelinAir-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքին»,- ասում է տնտեսագիտության դոցենտը:Նաիրա Հովակիմյանը եւս նկատում է, որ անհրաժեշտ մասնագետներն առկա են ինչպես Ագրարային համալսարանում, այնպես էլ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում: «IntelinAir-ում մենք ունենք տվյալագետներ եւ ճարտարագետներ, որոնք գիտեն՝ ինչպես աշխատել գյուղատնտեսական տվյալների հետ: Վստահ եմ, որ կարող ենք գտնել հողի մասնագետներ եւ ֆերմերներ: Որպես առաջին քայլ՝ կարող ենք աջակցություն փնտրել կառավարությունից՝ դասընթաց (workshop) կազմակերպելու հարցում, որտեղ կկարողանանք այդ բոլոր մարդկանց միավորել, հայ մասնագետներին ներկայացնել IntelinAir-ի առաջընթացն ու այն, թե ինչ է հնարավոր անել զարգացած գյուղատնտեսական տեխնոլոգիաներով: Այնուհետեւ, կարող է ռազմավարական պլան ձեւավորվել՝ ներդրումներ ներգրավելու եւ առաջ շարժվելու համար»,- ասում է Նաիրա Հովակիմյանը: Լուսանկարը՝ president.am Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ներուժըՀայաստանում կա եւս մեկ ներուժ, որը կարող է օգտագործվել այս ոլորտի զարգացման համար: Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնված օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, ըստ Նաիրա Հովակիմյանի, կարող է համագործակցել IntelinAir-ի հետ՝ մշակելու օդային հարթակներ, որոնք կարող են օգնել հետազոտության նպատակներով տվյալների հավաքագրման գործում:Այդ հարթակները ճիշտ սենսորների կարիք ունեն: Սենսորների տեսակները, նրա խոսքով, պետք է որոշվեն գյուղատնտեսության մասնագետների կողմից: Տվյալների հավաքագրումից հետո IntelinAir-ի ինժեներները եւ տվյալագետները կարող են վաղաժամ վերլուծել տարբեր անոմալիաները եւ կանխարգելել խոշոր աղետները, ինչը կբարելավի եկամտաբերությունը եւ սննդի արտադրությունը:Գյուղատնտեսության նախարարության անելիքներն ու ներդրումներըՄասնագետների խոսքով՝ հիմնական խնդիրը պետք է ձեւակերպի Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը: Առաջարկը եւ տեխնիկական առաջադրանքը եւս պետք է տա նախարարությունը՝ հստակ նշելով ծրագրի մասնակից կողմերից յուրաքանչյուրի պարտականությունները: «Համապատասխան ներդրումների դեպքում Հայաստանի գյուղատնտեսության զարգացումը առավել ակնհայտ կլինի, քանի որ քաղաքականությունը կմշակվի ճիշտ տեղեկատվության հիման վրա: Գյուղոլորտի մասնագետները կարող են, AgMRI-ի հետ համագործակցելով, աշխատել եւ ապահովել հիանալի արդյունքներ»,- համոզված է Իռա Փանոսյանը:Ինչպես նկատում է Նաիրա Հովակիմյանը, ներդրումները պետք է լինեն տարբեր բնույթի: Բացի վենչուրային կապիտալից, որը պետք է արագացնի գերժամանակակից ծրագրերի իրականացումը, շարունակական կայուն բյուջե է պետք հատկացնել կրտսեր աշխատուժի կրթության եւ վերապատրաստման համար: «Զարգացման տեմպերը կորոշվեն՝ կախված ներդրումների մակարդակից: Դանդաղ ներդրումների դեպքում կարող ենք տանուլ տալ մրցավազքում եւ արդյունքում տեխնոլոգիաները ներկրենք այլ երկրներից, որոնք գուցե լավ չհամապատասխանեն եւ օպտիպալացված չլինեն տեղական հողին, կլիմային, ջրին եւ լանդշաֆտին»,- ասում է Նաիրա Հովակիմյանը:Մարի Թարյան Tweet Դիտում՝ 9715