"Հայաստանի Հանրապետություն" (Երեւան), 26.06.07.Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիների ընթացքում կարողացել է հնարավորինս բավարարել պահանջվող միջազգային բանկային չափանիշները, ինչի արդյունքում կարողացել է առավել սերտ ինտեգրվել միջազգային բանկային համակարգին։ Այս գործընթացին, բնականաբար, նպաստել է ՀՀ առեւտրային բանկերի եւ միջազգային ֆինանսական կառույցների ու օտարերկրյա բանկերի միջեւ տեղի ունեցած սերտ համագործակցությունը։ Առեւտրային բանկերը վերջին տարիներին նշանակալի զարգացումներ են ունեցել, որոնց մասին երեկ առավել մանրամասնորեն ներկայացվեց Հայաստանի բանկերի միության ամենամյա ժողովի ընթացքում։ ՀԲՄ-ի նախագահ Ստեփան Գիշյանը նախ հիշատակեց այն հանգամանքը, որ Հայաստանի բանկային համակարգը թեեւ ունի ընդամենը 16 տարվա պատմություն, սակայն այդ ժամանակահատվածում գործող առեւտրային բանկերին հաջողվել է հասնել բարձր նվաճումների։ Հայաստանի բանկային համակարգն ինքնին, իր որակական ցուցանիշներով գերազանցում է ԱՊՀ մի շարք երկրների բանկային համակարգերին եւ չի զիջում այն զարգացած երկրներին, որոնք ունեն բանկային համակարգի ձեւավորման հարյուրամյա պատմություն։ Բոլոր առեւտրային բանկերը վերջին երկու տարվա ընթացքում ապահովել են հիմնական ցուցանիշների բարձր աճ։ Ստեփան Գիշյանի հայտնած տվյալների համաձայն, իր բոլոր ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգը գերազանացում է ՀՀ ընդհանուր տնտեսության աճի տեմպերը։ «Առանց մտավախության կարելի է արձանագրել, որ Հայաստանի բանկային համակարգը հանդիսանում է տնտեսության ամենազարգացած ոլորտներից մեկը, սակայն չի կարելի սահմանափակվել ձեռքբերումներով։ Մենք գիտակցում ենք, որ բանկերի ֆինանսական միջնորդության մակարդակը դեռեւս հեռու է բավարար լինելուց։ Եթե, օրինակ, Եվրամիության երկրներում բնակչության ավանդների տեսակարար կշիռը ՀՆԱ -ում գերազանցում է 50 տոկոսը, ապա Հայաստանում 2006-ին այդ ցուցանիշը կազմել է 5, 2 տոկոս։ Այդ հանգամանքը պայմանավորված է նաեւ բանկային ոլորտի եւ տնտեսության իրական հատվածի միջեւ գոյություն ունեցող զարգացվածության տարբեր աստիճաններով։ Հայաստանում ցածր է նաեւ բանկայնացման աստիճանը եւ միության կողմից ողջունվում է բանկերի կողմից իրականացվող բոլոր այն քայլերը, որոնք նպատակաուղղված են հեռավոր մարզերում նոր մասնաճյուղերի բացմանը եւ բանկային ծառայությունների տեսակների ընդլայնմանը», - նշեց ՀԲՄ-ի նախագահը։ Նա հուսով է, որ առաջիկա երկու երեք տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգը իր գործունեության հուսալիության չափանիշներով չի զիջի Եվրամիության շատ երկրների բանկային համակարգին։ Իսկ միության գործունեությանն անդրադառնալիս, Ստեփան Գիշյանը հատկապես տարին նշանավորեց այն ձեռբերումներով, որոնք դրսեւորվել են ՀՀ կառավարության հետ համագործակցության տեսանկյունից։ Հայաստանի եվրոինտեգրման ռազմավարության ուղղվածության շրջանակներում ծավալվել է ակտիվ համագործակցություն եվրոպական բանկային ֆեդերացիայի հետ։ ՀԲՄ տարեկան ժողովին ներկա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ուրախությամբ արձանագրեց այն փաստը, որ բանկային համակարգը կարողացել է կիրառել բանկային փորձի միջազգային լավագույն ստանդարտները։ Նա բանկային համակարգի գործունեությունը համարեց կայուն՝ փաստելով, որ բանկերի նկատմամբ վստահությունը օրեցօր մեծանում է։ Սակայն այս ձեռքբերումներին զուգընթաց, Սերժ Սարգսյանը գտնում է, որ անելիքներ դեռեւս շատ կան, եւ դեռեւս ցածր են ֆինանսական միջնորդության ցուցանիշները, իսկ վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ -ում չի գերազանցում 10 տոկոսը։ «Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ բանկերի մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում դեռեւս անբավարար է։ Մենք պետք է ձգտենք, որպեսզի վարկային միջոցները հասանելի դառնան ե՛ւ յուրաքանչյուր գործարարի, ե՛ւ յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի վերջիններս կարողանան հիփոթեքի միջոցով բարելավել իրենց բնակարանային պայմանները։ ՀՀ կառավարությունը հաստատել է առաջիկա 5 տարիների համար գործունեության ծրագիր, որտեղ տեղ են գտել նաեւ բանկային համակարգի զարգացմանը վերաբերող խնդիրներ։ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու ԿԲ-ի եւ բանկերի միության հետ համատեղ մշակել եւ իրականացնել համապատասխան նշանակություն ունեցող ծրագրեր։ Մասնավոր հատվածի համար պետությունը պետք է ստեղծի առավել բարենպաստ պայմաններ եւ համատեղ ջանքերով փոխըմռնման ու համագործակցության մթնոլորտում իրականացնի արդիական մի քանի խնդիրներ։ Նախ եւ առաջ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, որի համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները։ Այսօր բանկային գործունեությունը կենտրոնացված է միայն Երեւանում, իսկ այն բանկերը, որոնք գործում են մարզերում, այդքան էլ ակտիվ չեն, եւ այդ փաստը մեր երկրի բնակչության մի հիմնական մասին զրկում է բանկային ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորությունից։ Բանկային համակարգը պետք է լինի տնտեսության իրական հատվածի զարգացման շարժիչ ուժը։ Անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաների բազմազան ծառայությունների ներդրում, որոնք կնպաստեն իրական հատվածի արդիականացմանը. խոսքը, մասնավորապես, վերաբերում է ակտիվների արժեթղթավորմանը, լիզինգի եւ բանկերի կողմից ձեռնարկությունների ներդրումային միջոցների ներգրավման հարցում աջակցություն ցուցաբարելու խնդրին»,-նշեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Տալով իր գնահատականը բանկային համակարգի զարգացման ուղղությամբ՝ նա նշեց, որ այսօր հիմնական ֆինանսական մտավոր ներուժը կենտրոնացված է բանկային համակարգում։ «Բանկային համակարգը պետք է կառավարման վառ օրինակ ծառայի իրական հատվածի ձեռնարկությունների համար. նկատի ունեմ կորպորատիվ կառավարման ստանդարտները, բիզնես գործընթացների արդյունավետ կազմակերպումը եւ ֆինանսական կառավարումը։ Եվ, ի վերջո, գտնում եմ, որ բանկերը՝ լինելով հասարակական ինստիտուտներ, պետք է իրենց վրա վերցնեն որոշակի սոցիալական պատասխանատվություն, ակտիվորեն մասնակցեն սոցիալական ծրագրերին եւ տարածեն գործարարության վարման օրինակելի ստանդարտներ։ Մենք երկար ուղի ենք անցնելու, եւ կառավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության»։ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը կարեւորում է կառավարության հետ սերտորեն համագործակցելու հանգամանքը եւ կարծում, որ եթե կառավարության հետ համատեղ իրենք իրենց առջեւ նման խնդիրներ դնեն, ապա կարճ ժամանակահատվածում հնարավորություն կստեղծվի ֆինանսական կենտրոնը Երեւանից տեղափոխել այլ վայրեր, ինչը որակական առումով նոր երեւույթ կլինի մեզանում։ 2006-ը ԿԲ նախագահը իսկապես բանկային համակարգի համար բարեհաջող տարի է համարում եւ նշում, որ այս համակարգում դրսեւորվել է մեծ պոտենցիալ։ «Կարծում եմ, որ այսուհետեւ 30 տոկոս տարեկան աճը մեզ համար բավարար չի լինելու այն պարագայում, երբ մենք նպատակադրված ենք հետամուտ լինել այօր առաջադրված խնդիրների լուծմանը», - վստահեցրեց ԿԲ նախագահը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կբարձրանա նաեւ ֆինանսական միջնորդության ցուցանիշը՝ ՀՆԱ-ի մեջ կազմելով 40-60 տոկոս։ Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ Tweet Դիտում՝ 6431