Մեծանում է տարադրամային ճնշումը դրամի վրա հանգեցնելով փոխարժեքների տատանումների

19.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Հայոց աշխարհ” (Երեւան), 19.06.07.

Արժութային շուկայում վերջին շրջանում նկատվում է տարադրամային ճնշման ուժեղացում, ինչը փորձում է մեղմել Կենտրոնական բանկը: Այդ ամենի հետեւանքով արձանագրվում են փոխարժեքների որոշակի տատանումներ. դրամը մերթ ուժեղանում է, մերթ թուլանում` շուկան պահելով լարվածության եւ անորոշության մեջ:

Արժութային շուկայում դրամի նկատմամբ տարադրամային ճնշման ուժեղացման միտումները նկատվեցին հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո: Ազգային արժույթը սկսեց արժեւորվել: Առաջին անգամ դոլարի հարաբերությամբ դրամի միջին փոխարժեքը իջավ 350-ից ցածր եւ կազմեց ընդհուպ մինչեւ 345 նիշ: Սակայն, դրանով հանդերձ, տարադրամային ճնշումը չմեղմացավ: Շուկայում հայտնվել էր մեծ քանակության դոլարի լրացուցիչ զանգված: Այդ են վկայում նաեւ արժութային բորսայում վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացված գործարքները:

Ընդհանրապես ֆինանսական այս կառույցում ակտիվություն է նկատվում հատկապես այն ժամանակ, երբ շուկայում ձեւավորվում են որոշակի սպասումային տրամադրություններ, որոնք հարթելու անհրաժեշտություն է առաջանում: Պատահական չէ, որ արժութային բորսայում կատարվող գործարքների ծավալը խիստ տատանողական բնույթ ունի: Սովորական պայմաններում այստեղ իրականացվում է օրական 600-800 հազար դոլարի առք ու վաճառք: Ինչը, սակայն, չի կարելի ասել անկայուն իրավիճակների մասին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում արժութային բորսան եղել է խիստ ակտիվ վիճակում. միջին օրական գործարքները` շուրջ 2 մլն դոլար: Չնայած պետք է ասել, որ անգամ այդ պայմաններում նկատելի են նաեւ կտրուկ փոփոխություններ: Առանձին օրերին բորսայական առք ու վաճառքի ծավալը հասավ ընդհուպ մինչեւ 7 մլն դոլարի:
Հունիսի 4-5-ին արժութային բորսայում կատարվել է 12 մլն դոլարի գործարք: Սովորաբար նման խոշոր գործարքներին մասնակցում է Կենտրոնական բանկը: Ուստի կարելի է ենթադրել, որ այդ օրերին ԿԲ-ն շուկայից մեծ ծավալի դոլար է ձեռք բերել: Եւ այդ պատճառով հունիսի 6¬ից դրամը սկսեց դանդաղ թուլանալ` 344-ից միջին փոխարժեքը հասավ 348-349 դրամի: Սակայն դա երկար չպահպանվեց, որովհետեւ շարունակվեց տարադրամային ճնշումը: Այսօր դրամի փոխարժեքը տատանվում է 343-346 դրամի սահմաններում:

Արժութային շուկայի այս զարգացումից հետո վերջին օրերին բորսայական գործարքները դարձյալ սկսեցին աշխուժանալ: Մասնավորապես, հունիսի 15-ին կատարվեց ավելի քան 3 մլն դոլարի առք ու վաճառք: Ենթադրվում է, որ այս ակտիվությունը կպահպանվի նաեւ առաջիկա երկու-երեք օրերին, որպեսզի հնարավոր լինի խուսափել դրամի ավելի կտրուկ արժեւորումից: Մի բան ակնհայտ է, որ արժութային շուկայում առկա է տարադրամի լրացուցիչ զանգված, որը եւ խախտում է հավասարակշռությունը: Երբ փոքր-ինչ դանդաղում է դրա դուրսբերումը շուկայից, այն անմիջապես սկսում է ազդել փոխարժեքների վրա:

Հայաստանի արժութային շուկայում վերջին շրջանում դրամի նկատմամբ ճնշման ուժեղացումը պայմանավորված է մի շարք գործոններով, թեեւ դրանցից ամենաազդեցիկը տնտեսականն է: Հարց է առաջանում, ինչո±ւ հատկապես ընտրություններից հետո շուկան հայտնվեց նման տատանումների մեջ:
Ինչպես հայտնի է, մինչ այդ տնտեսության որոշ ոլորտներում նկատվեց ակտիվության էական նվազում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է շինարարությանը, որը այսօր Հայաստանի տնտեսության ամենաներդրումատար ոլորտներից է: Պայմանավորված ընտրություններով` այստեղ ձեւավորվեցին որոշակի սպասումներ: Թերեւս պատահական չէր, որ շինարարության ոլորտում հավելաճը խիստ դանդաղեց: Տարեսկզբի չորս-հինգ ամիսների արդյունքներով, այն կազմեց ընդամենը 6,7 տոկոս, նախորդ տարվա 28-30 տոկոսի դիմաց:

Ընտրությունների ավարտից հետո ներդրումային ռիսկերը չեզոքացվեցին: Շինարարության ոլորտում աշխուժությունը վերսկսվեց: Մի բան, որ ուղղակիորեն մեծացրեց տարադրամային միջոցների ճնշումը արժութային շուկայի վրա: Ակնհայտ է, որ Հայաստանում իրականացվող շինարարությունը հիմնականում ֆինանսավորվում է դրսի միջոցների հաշվին, որոնք մեծ մասամբ ուղղակիորեն մտնում են արժութային շուկա:

Մյուս կողմից` ինչպես հայտնի է, դրամը գտնվում է երկարատեւ ուժեղացման գործընթացում, որը պայմանավորված է ինչպես արտաքին ֆինանսական զարգացումներով, այնպես էլ ներքին միջամտություններով:

Ամեն դեպքում, գոնե այս պահին դրամի հատուկ ուժեղացման հիմքեր կարծես չկան: Գնաճը գտնվում է նախատեսված տիրույթում: Հունիսին շուկայի վրա լրացուցիչ ճնշումներ չեն նկատվել: Ավելին` առկա են գնանկումային երեւույթներ: Արտաքին հատվածից եւս առայժմ գնաճային լարվածություն չի նկատվում:

Այս պայմաններում, կարելի է ասել, չկան լուրջ խոչընդոտներ դրամի նկատմամբ տարադրամային ճնշման չեզոքացման կամ մեղմացման համար: Առավել եւս, որ դրամի շարունակվող ուժեղացումը տնտեսությանը ձեռնտու չէ:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 6832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW