Որոշ գինեգործների կարծիքով՝ գինի պետք է կոչվի միայն խաղողից պատրաստված ոգելից խմիչքը, սակայն այսօր բավական տարածված են նաեւ պտղահատապտղային գինիները։ Վերջին տարում հայկական գինու աշխարհ են մուտք գործել մոլեկուլյար գինիները, որոնք հանդես են գալիս Butterfly միասնական բրենդի ներքո: Banks.am-ը զրուցել է մոլեկուլյար գինիների նորարարական տեխնոլոգիայի հեղինակ, մասնագիտությամբ դիվանագետ Գագիկ Թամազյանի հետ: Նրա համոզմամբ՝ գինիների ստացման այս եղանակը նորություն է ամբողջ աշխարհի համար։ Փոխելով հումքի մոլեկուլյար կառուցվածքըԳագիկ Թամազյանի հեղինակած տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ցանկացած մրգից կամ ծաղկից գինի ստանալ։ Butterfly-ի գինեգործները փոխում են գինու հումքի մոլեկուլյար կառուցվածքը եւ դարձնում այն իդենտիկ խաղողի մոլեկուլյար կառուցվածքին՝ ձեռք չտալով միայն համահոտային հատկանիշներին։ Դրանից հետո գինի են ստանում ստանդարտ արտադրական եղանակով՝ առանց համահոտային, սպիրտային եւ այլ հավելումների:«Պատկերավոր ասած, այս ամենը նման է նրան, որ կարողանաս խաղող աճեցնել, որից, օրինակ, բանանի համ ու հոտ կգա»,- նշում է Գագիկ Թամազյանը՝ հավելելով, որ դժվարությամբ ձեռք բերված արտադրական գաղտնիքը բացահայտել չեն շտապում։ Դա է պատճառը, որ գինիների պատրաստման հիմնական գործընթացին մասնակցում են միայն Գագիկն ու մի քանի մտերիմ ընկերներ։Քաղցր գինի՝ դառնահամ ծաղկիցՇարքի առաջնեկը խատուտիկի գինին էր, որի ստեղծման փորձերը տեւեցին ավելի քան 3 տարի։ Դառնահամ այս ծաղկից գինի ստանալու գաղափարը ծնվեց մոտ 4 տարի առաջ ամերիկացի հայտնի գրող Ռեյ Բրեդբերիի համանուն ստեղծագործության շնորհիվ: Լուսանկարը՝ Անձնական արխիվից «Մի աղջիկ կար, որ շատ էր հավանում Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը։ Փնտրում էի նման գինի, որպեսզի նվիրեմ իրեն։ Երկարատեւ որոնումներն անարդյունք եղան եւ որոշեցի ինքս ստեղծել»,- պատմում է Գագիկը։ Խատուտիկը հավաքում են Արագածի լանջերից՝ վարձու աշխատողների օգնությամբ։ Այժմ փորձում են նաեւ ջերմոցներում աճեցնել։Նոր չափի շշերի անհրաժեշտությունԹեեւ սկզբում դժվար էր պատկերացնել, թե ինչ կստացվի նախաձեռնությունից, սակայն հիմնական դժվարություններն առաջացան գինին ստեղծելուց հետո։ Հայաստանում արտադրվող ստանդարտ չափի շշերը խատուտիկի գինու համար այնքան էլ հարմար չէին։ Ավելի փոքր շշեր պատրաստելու անհրաժեշտություն առաջացավ։ «Մեր գինին բավական թանկ է ստացվում՝ իր աշխատատարության պատճառով։ Խատուտիկը հավաքում ենք միայն սարերից, որովհետեւ ճանապարհների եզրերի խատուտիկների վրա փոշի է նստում, որը փչացնում է ծաղիկը։ Լվանալ չենք կարող՝ ծաղկափոշին կկորցնենք։ Մեզ պետք էր ավելի փոքր շիշ, որ մարդիկ կարողանային փորձել գինին»,- բացատրում է Գագիկ Թամազյանը: Այս հարցի լուծման համար դիմել են ապակյա իրեր արտադրող ընկերության, որն էլ հատուկ Butterfly-ի համար սկսել է պատրաստել 300 մլ տարողությամբ ձեռագործ շշեր։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Գագիկի խոսքով՝ խատուտիկի գինին ավելի շատ բրենդի ճանաչման ու տարածման համար է, իսկ շահույթի մասին կհոգան սպասվող մյուս մոլեկուլյար գինիները։ Ներկայում խատուտիկի գինին հասանելի է Aperitivo եւ Enoteca գինետներում, Bureaucrat գրախանութ-սրճարանում, MacGuffin Art House-ում, Buy.am օնլայն խանութում, Kaiser սուպերմարկետներում։ Մեկ շիշ գինու արժեքը տատանվում է 6000-7000 դրամի սահմաններում, սակայն Butterfly-ում խոստանում են, որ մոլեկուլյար մյուս գինիները կլինեն ավելի մատչելի։ Արտահանման հեռանկարներԱրտադրության ծավալներն առայժմ մեծամասշտաբ չեն, սակայն առաջին քայլերն անելու նպատակով նախկինում միրգ-բանջարեղենի պահեստավորման համար նախատեսված սառնարանները վերափոխում են արտադրամասի։ Տարածքի մի մասը կծառայի որպես գինու պահպանման եւ հնացման վայր, մյուս մասում էլ կլինի բուն արտադրամասը։ Այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ։«Անհրաժեշտ արտադրական տեխնիկան արդեն պատվիրել ենք։ Ինչ-որ փոքր քանակներ կշարունակենք պատրաստել, բայց դա առայժմ կլինի միայն համտեսների ու ցուցադրությունների համար։ Հիմա արտահանման հարցով պայմանավորվածությունների փուլում ենք,- ասում է Գագիկ Թամազյանը։ -Քանի դեռ չկա մրցակցություն, քանի դեռ չկա «մոլեկուլյար գինի» անունով երկրորդ արտադրանքը, մենք շտապում ենք արտահանել, որպեսզի լինենք առաջինը»։ Գագիկ Թամազյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սեպտեմբերի վերջին նա անձամբ կմեկնի Գերմանիա՝ արտահանման համար պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Մոլեկուլյար գինիների շարքը կընդլայնվի«Երեւանի գինու օրերին» Butterfly-ի տաղավարում, խատուտիկի գինուց բացի, համտեսի համար ներկայացված էին բանանի եւ նարնջի մոլեկուլյար գինիներ։ Թեեւ արտադրամասի վերափոխման աշխատանքների պատճառով բանանի գինին շուկա դուրս բերելը հետ մղվեց, սակայն Գագիկը հույս է հայտնում, որ 2-3 ամսվա ընթացքում սպառողներն այն գնելու հնարավորություն կունենան։ Ինչ վերաբերում է նարնջի գինուն, ապա այն շարունակում է մնալ փորձարկումների փուլում։ Ավելի լայն շուկա գրավելու համար Butterfly-ի գինեգործներն այժմ աշխատում են գինի ստանալ կակաոյի հատիկներից։ Նրանց կարծիքով՝ խատուտիկի գինին կարող է գրավել Ռեյ Բրեդբերիի հայտնի ստեղծագործության սիրահարներին, մինչդեռ շոկոլադի «երկրպագուներն» ավելի շատ են։ «Մենք չենք ստանում շոկոլադի համով գինի կամ շոկոլադ խառնում գինուն։ Մենք փորձում ենք շոկոլադը վերափոխել գինու։ Իրականում, մեր տեխնոլոգիան մեզ թույլ է տալիս վերափոխել գինու գրեթե ամեն ինչ, եւ ոչ միայն գինու»,- եզրափակում է Գագիկ Թամազյանը։Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 28874