Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Կարապետ Ավագյանն 800 քմ տարածքով իր ջերմատանն արդեն 6 տարի է, ինչ ալոե է աճեցնում։ Մասնագիտությամբ ինժեներ Կարապետն աշխատանքում կարեւորում է բովանդակային կողմն ու հետաքրքրությունը։ Նրա կարծիքով՝ ի տարբերություն բանջարեղենի, ծաղիկներ աճեցնելն ավելի բարդ է, բայց հետաքրքիր: «Քանի որ ջերմատան տարածքը քիչ է, աշխատում եմ սպեցիֆիկ բույսերի վրա։ Չեմ փորձում աճեցնել այնպիսի բույսեր, որոնք միայն եկամուտ են բերում՝ ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ աշխատանքը բովանդակալից լինի եւ խնդիրներ լուծի»։ Ալոեի լեզուն հասկանալ է պետքԱմեն ինչ սկսվել է քրիզանթեմներ աճեցնելուց, իսկ հետո, երբ ծաղկի մշակությունը զանգվածային է դարձել, նրան հետաքրքրել է աստրոմերիան։ Այս ծաղիկը եւս արագ է տարածվել, եւ քանի որ Կարապետը չէր ցանկանում ստանդարտ աշխատանքով զբաղվել, անցնում է նոր բույսի աճեցմանն ու մշակմանը։ Կարապետ Ավագյանը Հայաստանում դեռեւս միակն է, որ զբաղվում է ալոեի աճեցմամբ։ «Չեմ կարծում, որ այս գործը կարող է զանգվածային դառնալ։ Շատ մարդիկ կան, որ հետաքրքրվել են, ցանկացել են իրենք էլ աճեցնեն, սակայն, երբ հասկացել են, որ 3 տարի պետք է ներդրում կատարեն, աշխատեն ու նոր դրանից հետո եկամուտ ստանան՝ բոլորին դա անհանգստացրել է»,- ասում է Կարապետը:Ալոեն տարբերվում է մյուս մշակաբույսերից։ Սկզբում Կարապետի համար դժվար էր հասկանալ ալոեի լեզուն. «Պետք է կարողանաս իր ռեժիմը կարգավորես։ Առաջին երկու տարին դա չէր ստացվում։ Քանի որ անծանոթ բույս էր, եւ մասնագետներ Հայաստանում չկային, ես գրքերով, համացանցում կարդալով փորձում էի տեղեկություններ ստանալ։ Անհրաժեշտություն եղավ նաեւ իրանցի մասնագետներին դիմել։ Հիմա արդեն լեզուն հասկանում ենք։ Աճեցնելը բարդ չէ, բայց ոչ ստանդարտ է եւ չի համապատասխանում մյուս մշակաբույսերին»։Ալոեն լայն կիրառում ունի ինչպես բժշկության մեջ, այնպես էլ կոսմետոլոգիայում։ Բույսի աճեցման առանձնահատկությունն այն է, որ մինչեւ բերքահավաքը պետք է սպասել առնվազն 3 տարի։ Ալոեի տերեւները դեղարտադրության համար պիտանի են դառնում միայն 3 տարեկանից հետո, ընդ որում՝ որքան մեծ է բույսի տարիքը, այնքան արդյունավետ են տերեւները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Սածիլները ներկրվել են Իրանից, որոնց համար Կարապետ Ավագյանը $9300 է վճարել։ Հետագայում մի քանի անգամ ավելի ներդրումներ է կատարել, սակայն հումքի վաճառքն ուշանում է:Մթերողներին սպասելիս. մանրածախ վաճառքը հարց չի լուծում Նախքան գործի անցնելը Կարապետ Ավագյանը խոսել է որոշ դեղ արտադրող ընկերությունների հետ, որոնք ալոեի տերեւներն արտասահմանից էին ներկրում։ Համոզվելով, որ կա պահանջարկ, գյուղատնտեսը սկսել է աճեցնել ծառանման հալվե (լատ.՝ arborescens) տեսակը։ Այսօր նրա ջերմատան բույսերը 4-6 տարեկան են, սակայն մթերման պատրաստ մոտ 12 տոննա հումքը գնորդներ չունի. «Դեղ արտադրողները հրաժարվում են գնել հումքը՝ պատճառաբանելով, որ նախորդ տարիների համեմատ պահանջարկը նվազել է։ Հումքն արդյունավետ է դեղ արտադրության մեջ կիրառելու համար՝ 6 ամիսը մեկ տերեւները լաբորատոր փորձաքննություն են անցնում, ցուցանիշները համապատասխանում են որակական չափանիշներին: Սակայն մթերող գործարաններ չկան, եւ այսօր արտադրանքը ստատիկ վիճակում է»,- պատմում է Կարապետ Ավագյանը՝ հավելելով, որ որոշ դեղ արտադրողներ գնում են տերեւները, սակայն քիչ քանակությամբ՝ 20-30 կգ, ինչն էլ լինում է 3-4 ամիսը մեկ անգամ։ Ինչ վերաբերում է մանրածախ վաճառքին, ապա ժամանակ առ ժամանակ պատվերներ լինում են։ Գնում են 1-2 կգ տերեւ կամ կես լիտր հյութ, փորձում են, տեսնում արդյունավետությունն ու շարունակում պատվիրել: Կարապետ Ավագյանի խոսքով՝ պատվիրատուները տերեւներն ու հյութը գնում են հիմնականում աղեստամոքսային հիվանդությունների, շաքարային դիաբետի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժման, նիհարելու եւ այն խնդիրների լուծման համար։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Բայց եւ այնպես, ալոեն ոչ թե դեղ է որոշակի հիվանդության դեմ, այլ օրգանիզմը հավասարակշռված վիճակի բերելու միջոց, ինչի շնորհիվ էլ հետեւանք հանդիսացող հիվանդությունները բուժվում են»,- նշում է գյուղատնտեսը՝ հավելելով, որ մանրածախ վաճառքի քանակներն աստիճանաբար ավելանում են, բայց դա ջերմատան որեւէ խնդիր չի լուծում։ Ամեն տարի ջերմատան վրա ծախսվում է մոտ 3 մլն դրամ, որից 2-2,5 մլն-ը գազի ծախսն է. «Երբ ձմռանը կարողանում ենք 6-8 աստիճան ապահովել, դա բույսի համար նորմալ է, բայց շատ ավելի լավ է աճում 8-12 աստիճան տաքության դեպքում»: Ալոեից հաճելի ըմպելիք ստանալու մշուշոտ հեռանկարը Այսօր Հայաստանում չկան ալոեի հյութ արտադրող գործարաններ։ Դեղատներում եւ խանութներում վաճառվող հյութերը ներկրվում են արտասահմանից: «Ես հումք արտադրող եմ, ես չեմ զբաղվում հյութի կամ դեղի արտադրությամբ։ Պետք է հյութի բանաձեւ գտնել, փորձել օգտագործման համար հաճելի ըմպելիք ստանալ»,- նշում է գյուղատնտեսը՝ հյութի արտադրություն նախաձեռնողների բացակայությունը պատճառաբանելով պահանջարկի մասին պատկերացումների անորոշությամբ։ Այն ընկերությունները, որոնց հետ խոսել է Կարապետը, չեն ցանկացել ռիսկի դիմել։ Իսկ իր սպառողների հարմարության համար Կարապետը լուծում գտել է: Քանի որ ավելի հեշտ է ալոեի հյութը խմել, քան տերեւն ուտել, նա հյութաքամիչի օգնությամբ ստանում է ալոեի 100%-անոց մզվածք՝ մինչ այդ թարմ քաղած տերեւները ենթարկելով կենսախթանման (բիոստիմուլյացիա)։ Տերեւները ցուրտ կամ մութ պայմաններում հայտնվում են սթրեսային վիճակում, որի շնորհիվ առաջանում են կենսախթանիչ նյութեր։ Դրանք, հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող են բարձրացնել ընդհանուր դիմադրողականությունը, բուժել խրոնիկ հիվանդություններ եւ այլն։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հուսադրող վերջաբան Ռուսաստանյան որոշ կոսմետիկ ընկերություններ հետաքրքված են Կարապետ Ավագյանի արտադրանքով. «Ցուրտ կլիմայի պատճառով ռուսաստանյան արտադրողները ստիպված են ալոեն ներկրել։ Սակայն շատ կոսմետիկ ընկերություններ նախընտրում են եվրոպական երկրներից ալոեի փոշի ներմուծել եւ դա կիրառել։ Որոշ ընկերություններ հետաքրքրվում են իմ արտադրանքով, մենք նմուշներ ենք ուղարկել Սանկտ Պետերբուրգ, սակայն առայժմ լուրջ արձագանքներ չկան»։ Մինչ մեր զրուցակիցը գործընկեր է փնտրում մեծածախ վաճառք ապահովելու համար, ջերմատանն ալոեի տերեւները շարունակում են մեծանալ ու հարստանալ օգտակար նյութերով։ Նույն սածիլներն աճելու են դեռ 30-40 տարի՝ տարեցտարի ավելի շատ բերք ապահովելով։ «Աշխատանքի յուրահատուկ լինելն ինձ ավելի էր գրավել, քան հետագա շահույթը։ Ամեն դեպքում, բերքն ամսեամիս ավելանում է, բերքահավաքի կոնկրետ ժամանակ չկա, եւ հնանալուց էլ տերեւների որակն էլ ավելի է բարձրանում»,- եզրափակում է Կարապետ Ավագյանը։Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի Tweet Դիտում՝ 33422