Աուդիտի շուկան զարգանում է տնտեսությանը զուգընթաց

01.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց աշխարհ" (Երեւան), 1 մարտի, 2007թ.

2007 թվականը առանձնահատուկ տարի է Հայաստանում աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկի` “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի համար. այս տարի լրանում է ընկերության հիմնադրման 10 տարին: Բնականաբար ամենեւին էլ միայն հոբելյանական միջոցառումներից չէ բաղկացած լինելու այս տարին “Գրանթ Թորնթն Ամիօ”-ի համար: Ընկերության ծրագրերի մասին է մեր հարցազրույցը գործադիր տնօրեն-բաժնետեր ԱՐՄԱՆ ՓԻՆԱՐԲԱՍՈՒ հետ:

- Պարոն Փինարբասի, ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ աուդիտի ոլորտում աճի դինամիկան զգալի չափով պայմանավորված է հայաստանյան ամբողջ տնտեսության եւ բանկային համակարգի զարգացմամբ: Այս տեսանկյունից կանխատեսո±ւմ եք այս տարվա ընթացքում էական փոփոխություններ աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների հայաստանյան շուկայում:

-Միանշանակորեն իրավիճակը աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների շուկայում սերտորեն կապված է երկրի տնտեսական զարգացումների ու միտումների հետ: Որքան բարձր տեմպերով է զարգանում տնտեսությունը, այնքան աճում է աուդիտ եւ խորհրդատվական ծառայություններ ստանալու պահանջարկը տնտեսավարող սուբյեկտների շրջանում: Այս տարի էլ ակնկալում ենք, որ տնտեսական աճի միտումները կպահպանվեն, բայց գուցե նախորդի համեմատ փոքր-ինչ ավելի ցածր տեմպերով:

Այս տեսանկյունից ելնելով` կարող եմ կանխատեսել աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների նկատմամբ պահանաջարկի որոշակի աճ: Նման կարծիք հայտնելու համար հիմք է հանդիսանում հայաստանյան տնտեսության մեջ ներդրումների աճի միտումը, որոնք իրականացվում են ինչպես մասնավոր ներդրողների, այնպես էլ միջազգային ֆինանսատնտեսական կառույցների եւ միջազգային բանկային հաստատությունների կողմից:

Աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների հանդեպ պահանջարկի աճը պայմանավորված է լինելու նաեւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման բավական բարձր տեմպերով: Որպես հաջորդ գործոն կնշեի բանկային համակարգում առկա զարգացման միտումները, մասնավորապես մեծ հետաքրքրություն է նկատվում արտասահմանյան ներդրողների շրջանում հայաստանյան բանկային համակարգում ներդրումներ իրականացնելու տեսանկյունից:

Աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների բիզնեսի զարգացման եւ աճի համար լուրջ գրավական կհանդիսանա նաեւ վերամշակման արդյունաբերության զարգացման ներկայիս տեմպերը: Եւ վերջապես հզոր դրական ազդեցություն մեր ոլորտի վրա կարող է թողնել հանքարդյունաբերության զարգացումը: Այս ոլորտը Հայաստանում նույնպես բարձր տեմպերով զարգացում է ապրում, ինչին նպաստում է միջազգային շուկայում օգտակար հանածոների գների աճը:

- Վիճակագրական եւ այլ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն անկասկած աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանում: Իսկ ինչ նոր ծրագրեր է իրականացնելու ձեր գլխավորած ընկերությունը այս տարվա ընթացքում:

- Մինչ բուն մեր ծրագրերին անդրադառնալը կուզենայի ուշադրություն հրավիրել հաշվապահական եւ աուդիտորական մասնագիտություններին առնչվող մի քանի գլոբալ հարցերի վրա, որոնք իրենց ազդեցությունն են թողնում ինչպես մեր ընկերության ծրագրերի, այնպես էլ ընդանուր առմամբ հայաստանյան աուդիտի եւ խորհրդատվական շուկայի վրա: Առաջին հերթին լուրջ ազդեցություն է թողնում անցած տարվա նոյեմբերին Փարիզում` աուդիտի եւ խորհրդատվական ոլորտի համաշխարհային վեց խոշորագույն առաջատար ընկերությունների համաժողովը, որտեղ քննարկվեցին կիրառվող միջազգային ստանդարտների հետ առնչվող հարցեր: Խնդրո առարկայի շուրջ ընդունվեց մի հուշագիր, որի վերաբերյալ, ի դեպ, հրապարակումներ եղան նաեւ հայաստանյան մամուլում:

Երկրորդ կարեւոր գլոբալ բնույթի իրադարձությունը այն է, որ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտները (IFRS) բոլորովին վերջերս վերանայվել են IFAC կազմակերպության` միջազգային հաշվապահական ֆեդերացիայի կողմից, որի թղթակից անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը: Կատարված փոփոխությունները նախատեսում են ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների երկու տարբերակ` արժեթղթերի միջազգային շուկաներում չներկայացված կազմակերպությունների (հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկությունների) եւ այդ շուկաներում ներկայացված ու այնտեղ գործառույթներ իրականացնող խոշոր ընկերությունների եւ կորպորացիաների համար:

Եւ վերջապես, կարեւորագույն խնդիր է նաեւ, որ օր օրի խստանում են պահանջները ռիսկերի գնահատման եւ կառավարման հանդեպ: Նշված գլոբալ փոփոխությունները բնականաբար իրենց ներազդեցությունն ունեն ցանկացած երկրում գործող աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպությունների գործունեության վրա: Եւ այս առումով բնականաբար բացառություն չէ նաեւ “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը”, որն այսուհետ կազմակերպչական եւ մարտավարական առումով ավելի ճկուն կառույց է լինելու:

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր ընկերության այս տարվա ծրագրերին, ապա արդեն իսկ պատրաստ ենք ներկայացնել մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մի նոր փաթեթ, որը կոչվում է SAS-Specialist Advisory Services եւ ներառում է ծառայությունների մի քանի տարատեսակներ: Մասնավորապես “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` գործարար ռիսկի, կորպորատիվ ֆինանսների, ծրագրի ֆինանսավորման, կազմակերպությունների վերականգման եւ վերակազմակերպման ոլորտներում:

Մյուս կարեւոր ուղղությունը, որ ձգտելու ենք այս տարվա ընթացքում զարգացնել, ՏՏ-ին առնչվող տեխնոլոգիական աուդիտն է: Այստեղ խոսքը ոչ թե կոնկրետ ՏՏ ընկերություններում աուդիտ կամ խորհրդատվական ծառայություն մատուցելուն է վերաբերում, այլ նրան, որ ցանկացած ընկերությունում, որտեղ կա ՏՏ կոմպոնենտ` ցանցեր եւ համակարգեր, մենք կարող ենք աուդիտ անցկացնել եւ համապատասխան մասնագիտական կարծիք հայտնել գործող ցանցերի եւ համակարգերի վերաբերյալ: Նման ծառայությունները այլ երկրներում բավականաչափ կայացած են եւ զարգացում են ապրում, բայց Հայաստանում նման ծառայություններ մատուցողներ դեռ չկան: Ներկայումս վերապատրաստում ենք մի քանի մասնագետների, որպեսզի նրանք միջազգային ստանդարտներին համապատասխան որակավորում ստանան:

Իսկ ընդհանուր առմամբ “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն այս տարի ձգտելու է ոչ միայն պահպանել իր տեղն ու դերը հայաստանյան շուկայում, այլեւ դրանք էլ ավելի բարելավել:

- Հայտնի ճշմարտություն է, որ շուկայական ազատ մրցակցությունն է բիզնեսի ցանկացած ոլորտի զարգացման գրավականը: Հայաստանի դեպքում խոսել աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման շուկայում լուրջ մրցակցության մասին թերեւս շուտ է: Ըստ ձեզ, 2007թ. ընթացքում Հայաստանում ի հայտ կգան նոր մրցունակ ընկերություններ:

- Թույլ տվեք աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների շուկայի վիճակին վերաբերվող ձեր գնահատականի հետ չհամաձայնել: Այդ շուկան իրականում ձեւավորված է եւ գոյություն ունի լուրջ մրցակցություն: Մեր ընկերության պարագայում, օրինակ, կարծում եմ, որ ունենք հինգ-վեց մրցակիցներ: Իսկ ընդհանուր առմամբ աուդիտի շուկան այսօր լիովին համապատասխանում է մեր տնտեսության պահանջներին:

Չեմ կարծում, որ 2007-ին կամ մոտակա երկու տարում որեւիցե լուրջ, միջազգային համբավ ունեցող աուդիտորական կազմակերպություն մուտք կգործի հայաստանյան շուկա: Մի պարզ պատճառ կա այս տեսակետը պնդելու համար. Հայաստանում արդեն իսկ գործում են մոտ երեսուն աուդիտորական եւ շուրջ հարյուր խորհրդատվական կազմակերպություններ: Հայաստանյան շուկան փոքր է, առաջարկը` մեծ: Ավելին` հայաստանյան աուդիտորական եւ խորհրդատվական շուկայի առաջատար ընկերությունները, այդ թվում եւ մերը, այսօր արդեն իրենց ծառայությունները արտահանում են: Մեր մասնագետները մեծ պահանաջարկ ունեն Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ այլ երկրներում: Այսինքն` ռեգիոնալ առումով էլ տրամադրվող որակյալ ծառայությունների կարեւորությունը աճում է, իսկ Հայաստանի շուկան արդեն մեզ համար էլ է փոքր:

- Այս տարի լրանում է հայաստանյան շուկայում “Գրանթ Թորնթն Ամիօ”-ի գործունեության տասը տարին: Բայց շատերին է հայտնի, որ ձեր ընկերության ապրանքային նշանը կամ, այսպես կոչված, բրենդը հայաստանյան շուկայում շատ ավելի վաղ է հայտնվել: Խնդրում եմ պարզաբանեք, ինչո±ւ է խոսվում ընդամենը 10-ամյակի մասին:

- Սա շատ հետաքրքիր հարց է, եւ դուք ճիշտ նկատեցիք, որ մեր ընկերության ապրանքային նշանը Հայաստանում հայտնվել է դեռեւս 90-ականների սկզբներին: Մինչեւ 1994թ. “Գրանթ Թորնթոն” Ֆրանսիայի ընկերության մասնագետները այցելություններ էին կատարում Հայաստան, ուսումնասիրում շուկան, համապատասխան գործնական կապեր ստեղծում եւ այլն: Իսկ արդեն 1994թ. որոշում ընդունվեց ստեղծել այդ ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Այն իր այդ կարգավիճակում գործեց մինչեւ 1997 թվականը, երբ հիմնվեց արդեն առանձին ռեզիդենտ կազմակերպություն: Այն սկզբում ստացավ ՙԱմիօ Էքսկո Հայաստան՚, իսկ հետագայում էլ իր ներկայիս անունը` “Գրանթ Թորնթոն Ամիօ”:

Սա է այն փոքր “գաղտնիքը”, որի պատճառով մենք ոչ թե նշում ենք, ասենք, մեր 15-ամյակը, այլ 10-ամյակը: Այս առիթով հետաքրքիր ծրագրեր ունենք, որոնց մասին առայժմ չենք ուզում խոսել: Միայն կասեմ, որ, մեր կարծիքով, ընկերության 10-ամյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները հաճելի անակնկալներ կմատուցեն մեր հաճախորդներին եւ բոլոր շահագրգիռ անձանց:

Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտում՝ 8401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW