Գրավատուն. Ռիսկեր եւ հնարավորություններ

12.12.2016 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ մարդուն շտապ գումար է անհրաժեշտ, որի դիմաց նա պատրաստ է վճարել բարձր տոկոսներ: Ոմանք պարտք են վերցնում ծանոթներից, ոմանք` վարկ բանկից կամ վարկային կազմակերպությունից, իսկ մի մասն էլ դիմում է մոտակա գրավատուն, որը տրամադրում է գույքի գրավադրմամբ արագ վարկ` առանց ավելորդ «հարցուփորձի»:

Banks.am-ը,Կենտրոնական բանկի` շուկայի վարվելակերպի կարգավորման եւ վերահսկողության գծով կոորդինատոր Սեւակ Միքայելյանի օգնությամբ, փորձել է պարզել, թե ինչ վտանգներ եւ հնարավորություններ են թաքված այդքան տարածված, սակայն քիչ լուսաբանված ոլորտում:
      
Ի՞նչ է գրավատունը եւ ի՞նչ «սպասել» նրանից

Գրավատունը քաղաքացիներին տրամադրում է շարժական գույքով ապահովված (ոսկի, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա եւ այլն) կարճաժամկետ դրամային վարկեր: Դրանք, ըստ էության, սպառողական վարկեր են, նման են բանկերի լոմբարդային վարկերին, որոնք եւս տրամադրվում են շարժական գույքի գրավով:

Այդուհանդերձ, գրավատան եւ ֆինանսական մյուս կառույցների միջեւ առկա են ակնհայտ տարբերություններ:

Ի տարբերություն բանկերի` գրավատներն աչքի են ընկնում վարկերի տրամադրման արագությամբ. գործընթացն իրականացվում է առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի եւ վարկունակության ստուգման: Բացի այդ, գրավատները կարող են վարկ տրամադրել առավելագույնը 6 ամիս մարման ժամկետով (հիմնականում` մեկ ամսով), իսկ բանկերի համար նման սահմանափակում գոյություն չունի:

Գրավատնից վարկ վերցնելու համար բավարար է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ գրավադրման ենթակա շարժական գույք (որոշ դեպքերում կարող են լինել այլ փաստաթղթերի պահանջներ):

Գրավատան ընդունած գրավը վարկի մարման ամբողջ ընթացքում մնում է նրա հսկողության տակ. փոքր շարժական գույքն ի պահ է ընդունվում գրավատան տարածքում` երկաթբետոնե պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում, իսկ մեծ գույքի, օրինակ՝ մեքենայի դեպքում, այն կարող է պահպանվել օրենսդրության պահանջներին համապատասխանող վայրում:

Համեմատության համար նշենք, որ բանկում գրավադրված ավտոմեքենան վարկի մարման ամբողջ ընթացքում շարունակում է օգտագործվել սեփականատիրոջ կողմից:

Վատն ու լավը հարաբերական են

Ցանկացած երեւույթի դրական եւ բացասական կողմերը հնարավոր է դիտարկել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տեսանկյուններից: Գրավատան հետ հարաբերություններում գերակշռում է սուբյեկտիվը այն իմաստով, որ քաղաքացին, սպառողը, նախապես տեղյակ լինելով պրոդուկտի առանձնահատկությունների մասին, ինքն է որոշում, թե որքանով են դրանք համապատասխանում իր պահանջմունքներին:

Գրավատուն դիմելու դրական կողմերն են վարկի ստացման արագությունը, պարզ ընթացակարգը, վարկունակության վերաբերյալ պահանջների բացակայությունը, քիչ թղթաբանությունը:

Բացասական կողմերն են համեմատաբար բարձր տոկոսադրույքները, մարման կարճ ժամկետները, վարկի համեմատաբար փոքր գումարը եւ այլն:

Գրավատները չեն դիտարկում վարկային պատմությունը, իրենք էլ իրենց հերթին ուշացումների վերաբերյալ տվյալներ չեն տրամադրում վարկային բյուրոյին:

Ինչ վերաբերում է գաղտնիության ապահովմանը, ապա, չնայած «բանկային գաղտնիք» հասկացությունը չի տարածվում գրավատների վրա, այդուհանդերձ, գրավատների մասին համապատասխան օրենքը եւս սահմանում է հաճախորդների հետ կապված տեղեկատվության գաղտնիության ապահովման պահանջներ:

Այսպիսով, եթե քաղաքացին ի վերջո դիմում է գրավատուն՝ օգտվելով դրա առաջարկած առավելություններից, ապա նա, միանշանակ, գիտակցում եւ հաշվի է առնում նաեւ դրա բացասական կողմերը:

Ի՞նչ կլինի, եթե...

Եթե քաղաքացին սահմանված գրաֆիկով չի կատարում իր պարտավորությունները, անգամ մեկ օր շեղումը հիմք է գրավատան համար` պահանջելու վարկառուից ամբողջությամբ մարել վարկը, իսկ հակառակ դեպքում՝ սահմանված կարգով սկսելու գրավի իրացման գործընթացը: Այդուհանդերձ, գործնականում գրավատները հաճախորդներին տալիս են բուֆերային ժամանակ եւ փորձում նրա հետ համաձայնության գալ` առաջարկելով վարկի վերաձեւակերպում ավելի ճկուն պայմաններով:

Տույժ-տուգանքների հարցը կարգավորվում է պայմանագրային հիմունքով, իսկ միջնորդավճարներ գրավատները սովորաբար չեն կիրառում:

Եթե վարկառուն որոշի կատարել վարկի վաղաժամկետ մարում, ապա գրավատունը չի կարող կիրառել որեւէ տույժ-տուգանք: Նույնը գործում է բանկերում՝ բոլոր սպառողական վարկերի դեպքում:

Գույքի օտարումն իրականացվում է արտադատական կարգով` համաձայն Հրապարակային սակարկությունների մասին օրենքի: Գրավատունը պարտավոր է քաղաքացուն ծանուցել ժամկետանց պարտավորությունների մասին, որից հետո վերջինիս տրվում է 2 ամիս՝ մարումներ իրականացնելու համար: Ժամկետը լրանալուն պես գրավի առարկայի մասին տվյալներն ուղարկվում են ապրանքային որեւէ բորսա, որտեղ էլ կատարվում է իրացման գործընթացը:

Մինչեւ 100 հազ. դրամ արժողությամբ գրավի իրացումը գրավատունը կարող է կազմակերպել ներքին իրավական ակտերով սահմանված ձեւով, իսկ դրանից ավելին պարտավոր է կատարել հրապարակային սակարկությունների միջոցով.  գործնականում գրավատները նախընտրում են կիրառել սակարկությունների մեթոդը` դժգոհություններից խուսափելու համար:

Եթե գրավի իրացումից ստացված գումարը ծածկում է վարկը եւ մնում է լրացուցիչ գումար, ապա այն պետք է վերադարձվի քաղաքացուն:

Ռիսկեր եւ վեճեր

Հաճախորդի ռիսկը գրավատան հետ հարաբերություններում սահմանափակվում է գրավի առարկայով. այսինքն` այն առավելագույն կորուստը, որը հաճախորդը կարող է ունենալ, գրավադրված շարժական գույքն է:

Գրավի առարկան օրենքով ենթակա է ապահովագրման բնական աղետներից, գողությունից եւ այլ նման ռիսկերից. ծախսն իր վրա է կրում գրավատունը:

Մյուս կողմից, գրավատունը կրում է գրավի առարկայի կեղծ կամ գողացված լինելու, ներկայացված բնութագրիչներին չհամապատասխանելու ռիսկը. հենց այս պատճառով գրավատան աշխատակիցները պատշաճ ստուգում են գրավի առարկայի բոլոր պարամետրերը:

Քաղաքացին, գրավադրելով իր գույքը, պայմանագրում հստակ նշում է, որ այն պատկանում է հենց իրեն եւ գրավատոմսում ներկայացնում գույքի հիմնական բնութագրիչները: Բոլոր այն դեպքերում, երբ խնդիրներ են առաջանում գրավի առարկայի կեղծ, փոփոխված, վնասված լինելու հետ, ապա հարցը լուծվում է իրավապահ մարմինների միջոցով:

Գրավատուն-հաճախորդ հարաբերությունում ծագած խնդիրների դեպքում քաղաքացին, առաջին հերթին, պետք է դիմի հենց գրավատուն՝ փորձելով այն լուծել վերջինի հետ: Եթե բանակցությունների արդյունքը չբավարարի նրան, քաղաքացին կարող է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ: Եթե այս դեպքում եւս ելքը գոհացնող չլինի նրա համար, ապա հարցն արդեն պետք է քննարկվի դատական համակարգում: Միաժամանակ, սպառողն ազատ է ցանկացած պահի դիմելու ԿԲ-ին՝ որպես ոլորտի վերահսկիչի:

Օրենսդրական կարգավորում  

Հայաստանյան շուկայում այսօր գործում է 145 գրավատուն, որոնց գործունեությունը կարգավորում է ՀՀ Կենտրոնական բանկը` համաձայն «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքի: Գրավատների առանձին ենթատեսակներ օրենքը չի սահմանում:

Գրավատան հետ հարաբերություններում իրազեկման խնդիրը, որպես այդպիսին, բացակայում է: Բոլոր այն սպառողներն ու քաղաքացիները, որոնք օգտվել, օգտվում կամ ցանկանում են օգտվել գրավատան ծառայություններից, արդեն բավարար տեղեկացված են վերջինի մասին:

Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանությանը, ապա, համաձայն օրենքի, բոլոր գրավատների սրահում՝ դիմապակու վրա, փակցված են վեճերը կարգավորելու բոլոր քայլերը` ըստ հերթականության:

Բողոքներ գրավատներից, որպես կանոն չեն ստացվում: Բացառիկ դեպքերում լինում են վեճեր գրավի առարկայի հետ կապված, որի դեպքում «սլաքներն» ուղղվում են դեպի իրավապահ մարմիններ:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 17838
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW