Ընտանեկան բիզնեսը Հայաստանում. օրենք եւ մենթալիտետ

07.10.2016 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Ընտանեկան բիզնեսում գլխավոր մարտահրավերը համատեղելն է բիզնեսի ամենառացիոնալ աշխարհն ընտանիքի ամենաէմոցիոնալ աշխարհի հետ»,- իր հարցազրույցներից մեկում մի անգամ ասել է Ernst & Young-ի Համաշխարհային ընտանեկան բիզնեսի գերազանցության կենտրոնի ղեկավար Պետեր Էնգլիշը:

Banks.am-ը` «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի օգնությամբ, փորձել է պարզել՝ որքանով են համատեղելի այդ աշխարհները հայկական իրականության մեջ, եւ ինչ առանձնահատկություններ ունի ընտանեկան ձեռնարկատիրությունը Հայաստանում:

Ընտանեկան ձեռնարկատիրությունն աշխարհում

Դեռ 1880թ. Թուրքիայից Երուսաղեմ ուխտագնացություն կատարող Մազլումյանների ընտանիքը որոշեց մնալ Հալեպում եւ այստեղ փոքրիկ հյուրատուն հիմնել՝ «Արարատ» անունով: Ավելի ուշ փոքրիկ հյուրատունը վերածվեց Մերձավոր Արեւելքի հանրահայտ «Բարոն» հյուրանոցի, որը պետք է փոխնացվեր եւս երեք սերունդների, եւ որտեղ տարբեր ժամանակներում պետք է հանգրվանեին Ագաթա Քրիստին, Շարլ դը Գոլը, Թեոդոր Ռուզվելտը...

Աշխարհում ընտանիքի անդամների մասնակցությամբ փոքր բիզնես վարելու ավանդույթը դարերի պատմություն ունի: Այսօր արդեն դժվար է պատկերացնել, որ հենց այդ մոդելի վրա է զարգացել պաստայի արտադրությունը Իտալիայում, ձեթի արտադրությունը Հունաստանում կամ գինու արտադրությունը Ֆրանսիայում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում ընկերությունների 2/3-ը հիմնված է հենց ընտանեկան բիզնեսի վրա:

Ժամանակակից աշխարհում ընտանեկան միկրոբիզնես սկսելու համար առավելապես նախընտրելի են համարվում զբոսաշրջության, արհեստների, սպասարկման ոլորտները: Բիզնեսի այս մոդելը գերազանցապես զարգացած է Հարավային Եվրոպայում, Հեռավոր Արեւելքում եւ Մերձավոր Արեւելքի արաբական երկրներում:

Հայաստանում՝ ըստ օրենքի

Հայաստանում, չնայած ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվելու բազմամյա փորձերին, այդ մոդելի բիզնեսին աջակցող օրենք ընդունվել է միայն 2014թ.: Ըստ «Հարկերի մասին» օրենքում կատարված լրացումների՝ ընտանեկան ձեռնարկատիրություն համարվում է «ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը», ընդ որում, որպես ընտանիքի անդամներ դիտարկվում են ծնողը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը: Ընտանեկան բիզնեսն ազատվում է բոլոր տեսակի ձեռնարկատիրական հարկերից  եւ շարունակում է մնալ ընտանեկան, քանի դեռ տարեկան շրջանառությունը չի գերազանցել 18 մլն դրամը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2016թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործում է ավելի քան 1541 ընտանեկան ձեռնարկատիրություն, որոնցից 746-ը՝ Երեւանում, 795-ը` մարզերում: Ընդ որում, 2015թ. այդպիսի սուբյեկտների թիվը հասնում էր 1047-ի:

Նշանակությունը

Օրենքը մեծ հնարավորություն է ընձեռում ընտանեկան միկրոբիզնեսների զարգացման համար, ինչը անչափ կարեւոր նշանակություն ունի:

Ընտանեկան ձեռնարկատիրությունը, նախ, լուծում է սոցիալական խնդիր. ընտանիքի անդամներին ապահովում է աշխատանքով: Մյուս կողմից, թեթեւացնում է պետության բեռը, որն իր ռեսուրսները կարող է ուղղել այլ տեղ, քանի որ արդեն հազարավոր մարդիկ ապահովված են աշխատանքով: Երրորդ, թեեւ ընտանեկան բիզնեսն ազատվում է հարկերից, սակայն իր գործունեությամբ խթանում է, որպեսզի այդ հարկերը գեներացվեն գործընկերների հետ հարաբերություններում:

Եթե ենթադրենք, որ երկրում գործում է 10 հազ. ընտանեկան ձեռնարկատիրություն, ապա դրա հաշվին ապահովվում է շուրջ 20 հազ. աշխատատեղ: Իսկ եթե նրանցից յուրաքանչյուրն ամսական կատարում է, օրինակ, մոտ 700-800 հազ. դրամի գնում, ապա դա խթանում է նրանց գործընկերների բիզնեսի զարգացումը, որոնք էլ, իրենց հերթին հարկեր են վճարում. այստեղ գործում է մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Բացի տնտեսական ու սոցիալական նշանակությունից՝ ընտանեկան բիզնեսը փոխում է մտածելակերպը, մասնավորապես՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի հարցում: Այսպես, ծնվելով «բիզնեսի մեջ» եւ հետագայում ներգրավվելով դրանում՝ ընտանիքի երեխաները հստակ գիտակցում են՝ ինչ գիտելիքներ են իրենց անհրաժեշտ: Արդյունքում կրթություն ստանալը, կոնկրետ մասնագիտություն կամ հմտություն ձեռք բերելը դառնում է ոչ թե ինքնանպատակ քայլ, այլ՝ անհրաժեշտություն:

Կոլեկտիվ պատասխանատվությունից՝ տոտալ անպատասխանատվություն

Հայաստանում պակասում է բիզնես վարելու մշակույթը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան բիզնեսին:

Մասնավորապես, ընտանեկան ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտող ամենակարեւոր հանգամանքներից մեկն ընտանիքի անդամների միջեւֆունկցիաների բաշխման բացակայությունն է, ինչը, օրինակ, արտասահմանում շատ հստակ է:

Ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ դա դիտարկվում է ոչ թե որպես բիզնես, այլ ընտանիքը պահելու միջոց: Ֆունկցիոնալ առումով բաշխում չկա. ով է պատասխանատու հաճախորդների հետ աշխատելու համար, ով է պատասխանատու մատակարարման համար, ներքին կարգուկանոնի կամ արտադրության համար:

Փոխարենը մեկ հոգու վրա դրվում է մի քանի առաջադրանք, արդյունքում ոչինչ էլ չի արվում: Ստացվում է այնպես, որ բոլորն ամեն ինչ անում են, եւ ինչպես միշտ, կոլեկտիվ պատասխանատվությունը բերում է տոտալ անպատասխանատվության:

Հայկական իրականության մեջ տարածված եւս մեկ ուշագրավ երեւույթ է ընտանեկան բիզնեսում հաշվապահության բացակայությունը: Դրա հետեւանքով ընտանիքի բյուջեն եւ բիզնեսի բյուջեն իրարից չեն տարանջատվում, եւ բազմաթիվ դեպքերում բիզնեսը գնահատվում է որպես անշահավետ եւ փակվում:

Սիրիահայերի մուտքը. նոր մենթալիտետ

Վերջին մի քանի տարվա ընթացքում Սիրիայի պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված հայերը նոր շունչ են հաղորդել ընտանեկան բիզնեսին:

Բնակվելով արաբական երկրում եւ իրենց վրա զգալով այդ մշակույթի ազդեցությունը՝ սիրիահայերն ընտանեկան բիզնեսի մոդելը հաջողությամբ ներդնում են Հայաստանում: Նրանց գործում արդեն հստակ երեւում է դերերի բաշխում: Մյուս կողմից, երեխան «մեծանում է բիզնեսում», տեսնում է՝ ինչպես է հայրը շփվում հաճախորդի հետ, նրանից սովորում է արհեստը, իսկ տարիներ հետո փոխարինում է նրան:

Բիզնես մենթալիտետի, բիզնես վարելու հմտությունների առումով սիրիահայերի մուտքը Հայաստան չափազանց դրական է. ով նրանցից չի սովորում, դուրս է մղվում, ով սովորում է, շարունակում է մրցակցել:

Միկրոբիզնե՞ս, թե՞ հարկային մարմիններ

Ընտանեկան բիզնեսին օրենքով տրված արտոնությունները, չնայած իրենց առավելություններին, երբեմն խոչընդոտ են հանդիսանում բիզնեսի ընդլայնման համար:

Թեեւ բազմաթիվ օրինակներ կան, երբ ընտանեկան բիզնեսն ընդարձակվել է եւ վերածվել միջին բիզնեսի, շատ գործարարների մոտ իշխում է այն մտածելակերպը, որ չպետք է գերազանցել 18 մլն դրամի շրջանառությունը՝ հարկային դաշտ մուտք չգործելու համար:

Թեեւ բիզնեսի տեսանկյունից դա այնքան էլ ճիշտ դիրքորոշում չէ, այնուամենայնիվ, դրա համար նրանք ունեն որոշակի պատճառներ:

Մասնավորապես, հարկային օրենսգրքի խճճվածության եւ բավարար գիտելիքներ չունենալու պարագայում շատերը պարզապես խուսափում են հարկային մարմինների հետ շփվելուց եւ նախընտրում են դուրս չգալ ընտանեկան բիզնեսի շրջանակից:

Եռակողմ աշխատանք՝ հանուն ապագայի

Բիզնեսի վարման, մասնավորապես՝ ընտանեկան բիզնեսի վարման գործում նշված բացթողումները ժամանակի հարց են: Դրանք լուծելու համար անհրաժեշտ է պետության, գործարարների եւ բիզնեսի աջակցմամբ զբաղվող մասնավոր կազմակերպությունների եռակողմ աշխատանքը:

Մասնավոր ընկերությունները պետք է մշակեն ընտանեկան միկրոբիզնեսների համար մոդել, կրթեն գործարարներին գիտելիքների, ունակությունների ամրապնդման եւ հոգեբանական տեսանկյունից: Պետության վրա ընկնում է արդար մրցակցային դաշտ ստեղծելու, օրենքների համաչափ կիրառության պարտականությունը, իսկ գործարարներին մնում է ընտանեկան բիզնեսը դիտարկել որպես իրական բիզնես՝ իր բոլոր կանոններով եւ առանձնահատկություններով:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 19924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW