ՀՀ բանկերի ծրագրերը՝ 2017-ին ընդառաջ
07.09.2016 | 12:50
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ http://aastrea.ru/

Մնացել են հաշված ամիսներ, երբ ուժի մեջ կմտնի (2017թ. հունվարի 1-ից) ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը՝ հասցնելու բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափը 30 մլրդ դրամի:
2016թ. առաջին կիսամյակի դրությամբ ԿԲ նոր պահանջին բավարարել է 7 առեւտրային բանկ (Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Արդշինբանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Ինեկոբանկ եւ Արմսվիսբանկ), իսկ երկուսը՝ ՊրոԿրեդիտ Բանկն ու ԲՏԱ Բանկը, միավորվել են գործող այլ բանկերի հետ:
Banks.am-ը հարցումով դիմել է մնացած 12 բանկերին՝ հասկանալու, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց:
Հայբիզնեսբանկում նշել են, որ օգոստոսի 31-ի դրությամբ բանկի նորմատիվային կապիտալն արդեն իսկ բավարարում է ԿԲ պահանջին` կազմելով 31 785 946 հազ. դրամ, հետեւաբար բանկը շարունակելու է գործել շուկայում:
Պրոմեթեյ Բանկը նույնպես մնալու է բանկային համակարգում: Բանկի նորմատիվային կապիտալի մեծությունն օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 24,4 մլրդ դրամ, եւ այս պահին բանկը գտնվում է կապիտալի համալրման գործընթացում:
«Նորմատիվային կապիտալի մեծությամբ համակարգի առաջին տասնյակում գտնվող Պրոմեթեյ Բանկը, անշուշտ, շարունակելու է գործել ՀՀ բանկային համակարգում:
Ներկայում բանկը գտնվում է նորմատիվային կապիտալի մեծացման փուլում, որն իրականացվում է բանկի կանոնադրական կապիտալի համալրման, երկարաժամկետ ստորադաս փոխառության ներգրավման եւ բանկի նորմատիվայի կապիտալի մեծությունից պակասեցված գույքայնացված ակտիվների իրացման միջոցով:
Վերը նշված միջոցառումների արդյունքում Պրոմեթեյ Բանկի նորմատիվային կապիտալի մեծությունը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կկազմի առնվազն 33 մլրդ դրամ»,- նշել են բանկում:
Արարատբանկում հայտնել են, որ բաժնետերերի ընդհանուր ժողովը 2016թ. հունիսի 17-ին որոշում է կայացրել բանկի կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով լրացուցիչ թողարկել 482 230 հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 17 590 դրամ արժեքով:
Նշված բաժնետոմսերի տեղաբաշխումը սկսվել է հուլիսի 20-ին եւ նախատեսվում է ավարտել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Տեղաբաշխման արդյունքում բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կավելանա 8,5 մլրդ դրամով` գերազանցելով ՀՀ ԿԲ կողմից նորմատիվային կապիտալի համար սահմանված 30 մլրդ դրամ նվազագույն պահանջը:
Բանկում հիշեցրել են, որ բաժնետերերը օգոստոսի 31-ի դրությամբ արդեն իսկ 8,5 մլրդ դրամ են փոխանցել բանկում բացված համապատասխան հաշիվներին:
Կոնվերս Բանկը նույնպես կշարունակի գործել ՀՀ բանկային համակարգում:
«Օգոստոսի 1-ին Կոնվերս Բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում որոշում է կայացվել բանկի կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ, ընդ որում՝ բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման միջոցով բանկի բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից կանոնադրական կապիտալն ավելացվում է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:
Այսինքն` կանոնադրական կապիտալի 7 մլրդ դրամով ավելացումը գտնվում է փաստաթղթային ձեւակերպումների եւ գրանցման փուլում, որը կավարտվի սեպտեմբերի 15-ին: Նորմատիվային ընդհանուր կապիտալն առաջին փուլով համալրելուց հետո կկազմի 28 մլրդ դրամ:
Մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը կիրագործվեն նաեւ «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ով սահմանած չափին հասնելու համար 2-րդ փուլով անհրաժեշտ գործողությունները»,- ընդգծել են բանկում:
Յունիբանկի նորմատիվային կապիտալն օգոստոսի վերջի դրությամբ կազմել է մոտ 26 մլրդ դրամ: Ինչպես նշել են բանկում, կապիտալի համալրումն իրականացվում է ինչպես կանոնադրական հիմնադրամի աճով, այնպես էլ` շահույթի ձեւավորմամբ:
«Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում եւ ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը` էապես համալրելով կապիտալը եւ ապահովելով հետագա առաջխաղացումը շուկայում:
Հաշվի առնելով հասարակության եւ ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության եւ բաժնետոմնսերի նկատմամբ` 4-4,5 մլրդ դրամ ծավալով եւս մեկ թողարկում Յունիբանկը նախատեսում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին:
Կուտակված շահույթի եւ թողարկումների շնորհիվ Յունիբանկը լիովին կբավարարի ՀՀ ԿԲ-ի` նորմատիվային կապիտալի չափի վերաբերյալ պահանջը»,- նշել են բանկում:
Մելլաթ Բանկում հայտնել են, որ բանկն այս պահին գտնվում է նորմատիվային կապիտալի համալրման վերջին փուլում եւ առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտի այն` շարունակելով իր գործունեությունը Հայաստանում:
Հայէկոնոմբանկը եւս կհասնի ԿԲ-ի սահմանած շեմին: Բանկում հիշեցրել են, որ ԿԲ խորհրդի օգոստոսի 24-ի համապատասխան որոշման համաձայն` ԲՏԱ Բանկը միավորվել է Հայէկոնոմբանկին, իսկ օգոստոսի 31-ի դրությամբ բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 27 մլրդ դրամ:
«Ներկայումս բանկը հայտարարել է բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն 5 մլրդ դրամի չափով, որն ավարտվելու է այս տարվա սեպտեմբերի 30-ին: Տվյալ բաժանորդագրության նկատմամբ առկա է միջազգային կազմակերպությունների եւ հիմնական բաժնետերերի (Սուքիասյան ընտանիք) հետաքրքրությունը», հայտարարել են բանկում:
Անելիք Բանկում հայտնել են, որ բանկն այս պահին նորմատիվային կապիտալի համալրման գործընթացի մեջ է, որի արդյունքում այս ցուցանիշը կգերազանցի 30 մլրդ դրամը: Այսպիսով, բանկը կշարունակի իր գործունեությունը հայաստանյան բանկային համակարգում:
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում նշել են, որ բանկի նորմատիվային կապիտալի ապահովման հետ կապված առկա է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ խորհրդի համապատասխան որոշում, եւ բանկը շարունակելու է գործել ՀՀ բանկային համակարգում:
Բիբլոս Բանկ Արմենիայում էլ հայտնել են, որ բանկի բաժնետերերը որոշել են ավելացնել կանոնադրական կապիտալն ու ընդլայնել բանկի գործունեությունն ու ներկայությունը ՀՀ բանկային շուկայում:
«Հունիսի 22-ին Բիբլոս Բանկ Արմենիայի կանոնադրական կապիտալը համալրվել է 15,7 մլրդ դրամով եւ այս տարվա դեկտեմբեր 31-ի դրությամբ լիովին համապատասխանելու է նոր պահանջներին:
Բանկի նպատակն է առաջիկա հինգ տարիներին դառնալ Հայաստանի առաջատար բանկերից մեկը, եւ մենք շարունակելու ենք ակտիվ ֆինանսական գործունեությունը հայաստանյան շուկայում»,- հայտարարել են բանկում:
Զարգացման Հայկական Բանկը մտադիր է միանալ այլ բանկի:
«Համաձայն 2016թ. մայիսի 13-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշման` Զարգացման Հայկական Բանկը ներկայում գտնվում է հայաստանյան այլ բանկի հետ միացման բանակցային գործընթացում: Միաժամանակ հայտնում ենք, որ բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը 2016թ. օգոստոսի 30-ի դրությամբ կազմել է 10 մլրդ դրամ»,- նշել են բանկում:
Իսկ Արցախբանկում չեն պատասխանել Banks.am-ի հարցմանը:
Այսպիսով, ինչպես երեւում է բանկերի պատասխաններից, 2017թ. ՀՀ բանկային հատվածում կգործի առավելագույնը 18 բանկ:
Հիշեցնենք, որ Banks.am-ն ավելի վաղ անդրադարձել էր բանկերի կապիտալի խոշորացման ֆոնին սպառողների շահերի պաշտպանությանը:
Մասնավորապես, ԿԲ-ում նշել էին, որ սպառողները, այդ թվում՝ ավանդատուները, որեւէ կերպ չեն տուժի այս գործընթացից:
«Բանկերի միացման արդյունքում ձեւավորվող բանկը շարունակելու է իր բնականոն գործունեությունը` առանց որեւէ կերպ ազդելու բանկ-հաճախորդ հարաբերությունների վրա` ընդհուպ բանկերում ներդրված ավանդների երաշխավորման հարցում:
Այս նպատակով կատարվել են մի շարք բարեփոխումներ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում` ուղղված միացող բանկերի ավանդատուների շահերի պաշտպանությանը:
Այսպես, բանկերի միացման դեպքում միացող բանկերում առկա նույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները շարունակելու են երաշխավորվել որպես առանձին բանկային ավանդներ` մինչեւ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ ավանդները` միացման պահից սկսած 1 տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է միացող բանկերի ընթացիկ գործունեությանը, ապա միացումները որեւէ խնդիր չեն առաջացնում ավանդատուների շահերի պաշտպանության եւ բանկային համակարգի կայունության տեսանկյունից»,- նշել էին ԿԲ-ում:
Սիրանուշ Սիմոնյան
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: