Համացանցում ամեն օր տասնյակ տեսանյութեր ենք հանդիպում, թե ինչպես կարելի է անպետք իրերին նոր կյանք տալ, երբեմն էլ՝ դրանցից արվեստի գլուխգործոցներ պատրաստել: Մասնագիտությամբ ինժեներ Արման Գասպարյանն անցած տարի որոշեց կենդանություն պարգեւել պալետներին, որոնք օգտագործվում են ծանր ապրանքների բեռնման եւ տեղափոխման ժամանակ: Ներկայում Արմանը վերջիններից կահույք ու դեկորացիաներ է պատրաստում: Արման Գասպարյանը Banks.am-ին պատմել է, թե ինչպես որոշեց շունչ տալ պալետին, որի արդյունքում էլ հիմնեց սեփական ստարտափը՝ Planka-ն:Ամեն ինչ սկսվեց լավ առաջարկի բացակայությունից Տան համար բազմոց էր պետք, շուկան ուսումնասիրեցի, հարմար գնով ոչ մի ապրանք չգտա: Ինտերնետը փորփրեցի, փնտրեցի, տեսա, որ կարելի է էժան ու ամուր նյութից գեղեցիկ, հարմարավետ կահույք պատրաստել: Պալետը արտասահմանում շատ է կիրառվում կահույքի պատրաստման մեջ: Գտա նաեւ որոշ գծագրեր, թե ինչպես կարելի է պատրաստել: Հայաստանն ավելի շատ ապրանք է ներկրում, քան արտահանում, ու բնական է, որ այդ բեռներից շատերը հենց պալետներով են տեղափոխում: Բավական հեշտ ու էժան կարողացա ձեռք բերել հումքն ու պատրաստեցի առաջին բազմոցը տանս համար: Առաջին գործս շատ հավանեցի, մտածեցի՝ ինչո՞ւ չփորձել նոր իրեր պատրաստել՝ արդեն վաճառքի համար: Սկսեցի ինտերիերի պարագաներ, կահույք պատրաստել ու տեղադրել ֆեյսբուքյան էջում: Հոբբին քիչ-քիչ դարձավ երկրորդ աշխատանք՝ ինձնից խլելով շաբաթ-կիրակիներս ու երեկոյան հանգստի ժամերս: Կես տարուց ավելի է՝ էջը կա, բազմաթիվ գործեր եմ վաճառել ու շարունակում եմ բազմոցների, խոհանոցային կահույքի, գինու պահարանների, դեկորացիաների պատվերներ ստանալ: Լուսանկարը՝ անձնական արխիվիցՀումքը ձեռք եմ բերում տարբեր ապրանքներ ներկրող կազմակերպություններից, որոնց համար փայտե տակդիրները գլխացավանք են դառնում բեռնաթափումից հետո: Պալետի ցածր գինը բերում է նրան, որ իմ արտադրանքը 40-50 տոկոսով էժան է շուկայում առկա մրցակիցներից: Բացի այդ՝ մի քանի տոննա բեռ կրող այս փայտը բավական ամուր է ու կարող է ծառայել տասնյակ տարիներ: Ստարտափից՝ կայուն բիզնեսՓոքր բիզնեսների զարգացման համար գրեթե միշտ վարկ է պետք լինում: Հայկական բանկերը նման ստարտափները դիտարկում են որպես ռիսկային բիզնեսներ՝ պարտադիր պահանջելով գրավ: Հենց դա է պատճառը, որ շատ սկսնակ բիզնեսներ չեն զարգանում: Լուսանկարը՝ անձնական արխիվիցԵս տեսնում եմ իմ սկսած գործի առաջխաղացման բոլոր ուղիները, չեմ բացառում, որ ապագայում կօգտվեմ վարկերից ու նոր սարքավորումներ ձեռք կբերեմ, նաեւ արհեստանոցի հարցը կլուծեմ, քանի որ ներկայիս տարածքը շատ փոքր է ու առանց օդափոխության: Մյուս կողմից, վարկն էլ պետք է խելամիտ տոկոսներով լինի, շատ դժվար է 10-15 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ գտնել փոքր բիզնեսի համար:Պատվերները հիմնականում ստանում եմ Facebook-ի միջոցով, կամ տեսնում են մեկի մոտ, հավանում, վերցնում կոնտակտներս: Հիմնական պատվիրատուներս անհատներն են, որոնք ունեն ամառանոցներ, հարմար միջավայր, որտեղ կարող են օգտագործել պալետից պատրաստված կահույքը: Շատ են պատվերները նաեւ գինետների, սրճարանների կամ փաբերի կողմից: Լուսանկարը՝ անձնական արխիվիցՈրպես գովազդային հարթակ դեռեւս օգտագործում եմ Facebook-ը, որը ներկայում ամենակիրառելի ու արդյունավետ գործիքն է նման ստարտափների համար: Ժամանակի սղության պատճառով դեռ չեմ համարձակվում ակտիվ գովազդել, որպեսզի հասցնեմ կատարել ստացվող պատվերները: Սուրեն Ստեփանյան Tweet Դիտում՝ 11516