Լեւոն Ալթունյան. ՀՀ-ում չկա բուժապահովագրության գիտակցված պահանջարկ

26.04.2016 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի հարցազրույցը Banks.am-ին:

- Պրն Ալթունյան, օրերս «Ինգոսստրախ» ընկերության ներկայացուցիչը հոռետեսական գնահատական հնչեցրեց Հայաստանում անհատական բուժապահովագրության վերաբերյալ: Ըստ Ձեզ, ի՞նչն է խոչընդոտում այս շուկայի կայացմանը ՀՀ-ում:

- Անհատական բուժապահովագրության մասին «Ինգոսստրախ»-ի ներկայացուցչի հայտարարությունը ոչ թե գնահատական էր, այլ փաստ: Ֆիզիկական անձանց կամավոր բժշկական ապահովագրություն Հայաստանում, ըստ էության, գոյություն չունի:

Ինչ վերաբերում է դրա կայացման խոչընդոտներին, հիմնական պատճառը, թերեւս, բնակչության մոտ գիտակցված պահանջարկի բացակայությունն է, որը ոչ թե ենթադրում է գոյություն ունեցող հիվանդության բուժում, այլ ապահովագրություն հնարավոր ռիսկերից:

Այնուամենայնիվ, բնակչության սոցիալական պայմաններն իրավիճակի միակ «մեղավորը» դարձնելը, ըստ իս, անհիմն է: Մարդիկ շատ ավելի մեծ գումարներ են ծախսում ոչ պետքական գնումների վրա: Եթե նայենք մեր շրջապատի մեքենաներին, մարդկանց հագուկապին ու սրճարանների մարդաշատությանը, կհամոզվենք, որ իրականում գոյություն ունի սոցիալական խավ, որն ի վիճակի է օգտվել բժշկական ապահովագրությունից: Այլ հարց է, որ ցանկություն չկա:

Տեղեկացնեմ, որ մոտ օրերս (ամենաուշը` այս տարվա հունիսից) «Ինգո Արմենիան» նախատեսում է գործարկել բժշկական ապահովագրության նոր պրոդուկտ ֆիզիկական անձանց համար: Այլեւս ոչ ոք չի կարող ասել, թե անհատների բուժապահովագրության ծառայություն Հայաստանում չկա:
 
- Ինչպե՞ս կգնահատեք կորպորատիվ բժշկական ապահովագրության ոլորտը ՀՀ-ում: Նախկինում, որպես կանոն, այս ծառայությունից օգտվում էին միջազգային կազմակերպությունները. ի՞նչ միտումներ կան այսօր:

- Կորպորատիվ բժշկական ապահովագրության հիմնական «սպառողները» շարունակում են մնալ միջազգային կազմակերպություններն ու արտասահմանյան կապիտալով ընկերությունները: Իրենց աշխատակիցներին սոցիալական փաթեթի շրջանակում բժշկական ապահովագրություն են տրամադրում հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ֆինանսական ոլորտի կազմակերպությունները: Սրանք այն ոլորտներն են, որոնք համարվում են ՀՀ տնտեսության զարգացման հիմնական լոկոմոտիվները:

Խոսքն այստեղ չի գնում հանքաարդյունաբերության մասին, որն ապահովում է ՀՀ տնտեսության հիմնական շրջանառությունը: Այս ոլորտը դուրս է մնում կորպորատիվ ապահովագրությունից: Պատճառը, հավանաբար, այն է, որ հանքաարդյունաբերական գործարանները մեծամասամբ տեղակայված են հեռավոր մարզերում, որտեղ բժշկական ենթակառուցվածքներն այնքան էլ զարգացած չեն, իսկ աշխատակիցների` մայրաքաղաք տեղափոխումն ու բուժումն աննպատակահարմար է: Մեր հաճախորդների 99,5%-ն այսօր Երեւանից են:

Այստեղ գործում է փակ շղթա. եթե բժշկական ապահովագրությունը չզարգանա, չեն զարգանա նաեւ առողջապահական ենթակառուցվածքները, իսկ բուժապահովագրության համար, որպես կանոն, անհրաժեշտ են որոշակի զարգացվածության ենթակառուցվածքներ:

- Իսկ ինչպիսի՞ն է բանկերի հետաքրքրությունը կորպորատիվ բժշկական ապահովագրության նկատմամբ:

- Ընդհանուր առմամբ, Հայաստանում գործող առեւտրային բանկերից կորպորատիվ բուժապահովագրումից օգտվում են 9-ը, որոնցից 5-ը «Ինգո Արմենիա»-ի հաճախորդ են: Այստեղ եւս ակտուալ է ոլորտի հիմնական միտումը. աշխատակիցներին ապահովագրում են, մեծամասամբ, արտասահմանյան կապիտալով բանկերը: Խնդիրն այստեղ ոչ այնքան արտասահմանյան կապիտալի մեջ է, որքան ազգային մտածելակերպի ու հասունության աստիճանի:

- Պրն Ալթունյան, որքանո՞վ են արդյունավետ գործում ԱՊՊԱ շրջանակում տուժածի, ապահովագրական ընկերության եւ բուժհաստատության միջեւ հարաբերությունները:

- Պետք է փաստեմ, որ ԱՊՊԱ-ի շրջանակում բժշկական ապահովագրության ինստիտուտը հաճախորդների համար գործում է չափազանց արդյունավետ: Տուժածները ստիպված չեն լինում սպասել, թե երբ կորոշվեն ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) պատահարի մեղավորները, որպեսզի սկսեն բուժում ստանալ: Ոչ մի ՃՏՊ տուժող մերժում չի ստացել մեր կողմից, բոլորը պատշաճ կերպով ստացել են բուժօգնություն ապահովագրական ընկերության հաշվին:

- Շուրջ երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը որոշեց բյուջետային աշխատակիցների առողջության ապահովագրությունը մասնավորից փոխանցել պետական հատվածին: Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ էր այդ որոշումը:

- Կարող եմ ասել, որ մեր ընկերության ներքո այդ համագործակցությունը չափազանց արդյունավետ էր իրականացվում. հաճախորդները շատ գոհ էին եւ պատրաստ էին շարունակել այն: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց:

Իսկ հարցին, թե արդյոք արդյունավետ է գործում պետության կողմից տրամադրվող ապահովագրությունը, ոչինչ չեմ կարող ասել, ճիշտ կլինի հարցնել անմիջապես բյուջետային աշխատակիցներին:

- Ըստ Ձեզ, պետպատվերն ու արդյունավետությունը կարո՞ղ են միասին հանդես գալ:

- Նորություն չեմ ասի տնտեսագիտությունից, որ պետությունն ու տնտեսական արդյունավետությունը տարբեր ոլորտներ են: Ցանկացած մասնավոր ընկերություն կգործի շատ ավելի արդյունավետ, քան պետությունը: Պետական համակարգի գործն է տարբեր ոլորտներում քաղաքականության մշակումը, քաղաքական եւ սոցիալական գործառույթների իրականացումը: Երբ այս կառույցների վրա դրվում է տնտեսական գործառույթ, արդյունավետություն ակնկալել պետք չէ:

- Իսկ այս որոշումն ինչ-որ կերպ անդրադարձե՞լ է «Ինգո Արմենիա»-ի ցուցանիշների վրա:

- Հաշվե՛ք ինքներդ. բյուջետային ծառայողների ապահովագրության ընդհանուր գումարը գնահատվում էր 5-5,5 մլրդ դրամ, մեր պորտֆելում այն ներկայացված էր շուրջ 1 մլրդ դրամի չափով: Ստացվում է, որ այդ 1 մլրդ ապահովագրավճարները, որ պետք է հավաքագրվեր, չենք հավաքագրել: Իսկ թե ինչպես է այն անդրադարձել մեր ցուցանիշների վրա, կարող եմ ասել, որ ընկերությունը դրանից առանձնապես չի տուժել: «Ինգո Արմենիա»-ի 2015թ. ապահովագրական պրեմիաները կազմում են այնքան, որքան բյուջետային աշխատակիցների պարտադիր ապահովագրության  գործարկման տարում:

Պետական աշխատողների բուժապահովագրության այդ բացը մենք լրացրինք այլ ոլորտների հաշվին: Գուցե մյուս դեպքում մեր հավաքագրած ապահովագրական վճարերը լինեին 1 մլրդ դրամով ավելի, ամեն դեպքում, այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:

Եթե կառավարությունը կրկին որոշի հանձնել այդ ոլորտը մասնավորին, մենք կհամապատասխանեցնենք մեր բիզնես գործընթացներն այդ իրողությանը, իսկ մինչ այդ կշարունակենք աշխատել մեր որդեգրած մոդելով:

- Իսկ ինչպե՞ս է ազդել վերջին շրջանում ՀՀ տնտեսական աճի դանդաղումը «Ինգո Արմենիա»-ի բժշկական ապահովագրության պորտֆելի վրա:

- Բժշկական ապահովագրությունն այսօր զբաղեցնում է «Ինգո Արմենիա»-ի ընդհանուր ապահովագրական պորտֆելի 17%-ը: ՀՀ տնտեսական աճի դանդաղումը, կարելի է ասել, ոչ մի կերպ չի անդրադարձել ընկերության այս պորտֆելի վրա: Այն ոլորտներում, որտեղ գործում են մեր հիմնական հաճախորդները (ՏՏ եւ ֆինանսական), տնտեսության վատթարացումն էական ազդեցություն չի թողել: Մենք ունենք ապահովագրած անձանց նույն թիվը, ինչ ունեինք անցյալ տարի: Այլ բան է, որ այս ուղղությամբ չի արձանագրվել նաեւ աճ:

- Պրն Ալթունյան, իսկ դուք ապահովագրե՞լ եք Ձեր առողջությունը:

- Իհա՛րկե: Առողջության ապահովագրությունը էժան բան չէ, բայց ոչ էլ թանկ է: Այն մոտավորապես արժե մեկ ավիատոմսի գին: Եթե մարդիկ հաշվեն, թե տարեկան որքան են ծախսում անիմաստ գնումների վրա, կտեսնեն, որ դրա փոխարեն կարող են ապահովագրել իրենց առողջությունը՝ դառնալով քաղաքակիրթ հասարակության լիարժեք մաս:

Սա զարգացած երկրների անցած ուղին է. նրանք գնում են այդ ճանապարհով եւ մտադրված չեն փոխել այն: Իսկ մե՞զ համար:

Լեւոն Ալթունյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 20158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW