Նոր սերնդի բանջարանոց կամ ակվապոնիկան Հայաստանում

22.04.2016 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արմավիրի մարզի Ապագա համայնքի գրեթե բոլոր տների բակերում պոլիէթիլենային ծածկերով ջերմոցներ կան: Նրանց կողքին մի խումբ երեւանցի երիտասարդներ իրենց ջերմատունն են կառուցել` Հայաստան բերելով գյուղատնտեսության նոր ու գերժամանակակից մի ճյուղ` ակվապոնիկան:  

Ի՞նչ է ակվապոնիկան

Ակվապոնիկան գյուղատնտեսության ժամանակակից ու ռեսուրսներ խնայող ճյուղ է: Փակ ջերմոցում հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, որը հարստացվում է հարեւանությամբ բազմացող ձկների արտաթորանքով: Ստեղծված շղթան այսպիսին է՝ ջուրը «կարաս» տեսակի ձկներով լցված ավազանից դուրս է գալիս ու անընդհատ շրջապտույտի մեջ լինելով հարստացնում բույսերը` արդեն մաքրված վերադառնալով ավազան:


Գրիգոր Ջանոյանը բույսերը խնամելիս

Փոքրիկ տարաների մեջ գտնվող մշակաբույսերի արմատներն անմիջապես ջրի մեջ ակտիվ սնուցվում են: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս թե՛ բանջարեղեն, թե՛ ձուկ արտադրել`ստանալով օրգանիկ մթերք:

Ակվապոնիկան մթերքի արտադրության գերխնայող մեթոդ է, ջրի կորուստը հասցված է նվազագույնի, անգամ ձկների օրգանիկ կերը աճեցվում է նույն ջրով լցված ավազանի մակերեսին:

Գաղափարից մինչեւ առաջին բերք

Ակվապոնիկան Հայաստանում ներդնելու միտքը կենսաբան Գրիգոր Ջանոյանի մոտ ծագեց դեռ Էդինբուրգի համալսարանում, որտեղ բնության պաշտպանություն եւ կառավարում էր ուսանում: Հայաստան վերադառնալով նա ընկերների հետ հիմնեց Green Age ՀԿ-ն, որտեղ զբաղեցնում է տնօրենի պաշտոնն ու համակարգում ակվապոնիկայի ծրագիրը:


Գրիգոր Ջանոյանը

«Ակվապոնիկան թույլ է տալիս օգտագործել ավազոտ ու աղակալած անպիտան հողատարածքները, որոնք Հայաստանում քիչ չեն: 2014թ. վերջին մեր առաջարկած ծրագիրը դրամաշնորհ ստացավ Նորվեգիայի կառավարությունից, որով Արմավիրի մարզի Ապագա համայնքում հող վարձակալեցինք ու ջերմոց կառուցեցինք,- ասում է Գրիգոր Ջանոյանը: -Փորձառություն չունեինք, ու 2015թ. մայիսին առաջին բերքը գրեթե ամբողջությամբ փչացավ»:

Տարվա երկրորդ կեսին Green Age-ի փորձարարական ջերմոցն արդեն 100 տոկոսով օրգանիկ բերք տվեց՝ լոլիկ ու կանաչեղեն, որն ամբողջությամբ իրացվեց հայկական շուկայում:

Որտե՞ղ սպառել արտադրված օրգանական մթերքը

«Ջերմոցում այս պահին աճում է անանուխ, հազար, ռուկոլա, իտալական ռեհան, չերրի լոլիկ, բրյուսելյան կաղամբ, բրոկոլի եւ օրեգանո: Աշխատում ենք երեւանյան սուպերմարկետների, սրճարանների ու ռեստորանների հետ: Բույսերը, որոնք դժվարությամբ են աճում դաշտային պայմաններում, մեր ջերմոցում հեշտությամբ ու արագ բերք են տալիս: Ակվապոնիկան թույլ է տալիս ջրի մեծ խնայողությամբ ու բնական հավելումներով օրգանիկ մթերք ստանալ: Մեր արտադրանքի դեպքում սպառման խնդիրը 100 տոկոսով լուծված է»,- հպարտանում է Գրիգոր Ջանոյանը:


Ակվապոնիկայով աճեցվող բույսերը
Պատրաստի մոդել գյուղացիական տնտեսությունների համար

Հայաստանում աճող օրգանիկ կանաչեղենն ու լոլիկը մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում: Այն ներկրվածից զգալիորեն էժան է ու մրցունակ: Ակվապոնիկայի մոդելը պատրաստի լուծում է հարթավայրային շրջանների աղակալած ու ավազոտ հողերի բնակիչների համար՝ մշակելն աշխատատար չէ, բերքը՝ որակյալ ու շուտ սպառվող:


Բույսերի սածիլները՝ ջրի մեջ  

«Green Age-ի թիմն իր առաջ նպատակ է դրել զարգացնել ծրագիրն ու ներդնել Հայաստանի շատ համայնքներում՝ նպաստելով հողերի օգտագործմանն ու առավելապես ջրի խնայողությանը»,- ասում է Գրիգոր Ջանոյանը:  

Ինքնաբավություն ու ռեսուրսների խնայողություն

Ապագա գյուղի ֆուտուրիստական ջերմոցն աշխատում է ջրի անընդհատ շրջապտույտի ու ֆիլտրման մեթոդով, չեն օգտագործվում քիմիական պարարտանյութեր, էլեկտրաէներգիան ամբողջությամբ կարող են ապահովել արեւային մարտկոցները: Ներկայում եկամուտը գրեթե ամբողջությամբ ծախսվում է զարգացման ու անձնակազմի վերապատրաստման վրա:

Առաջիկա տարիներին նորարարները նախատեսում են դիմել նոր դրամաշնորհների, երեք անգամ մեծացնել ջերմատունն ու նույն ռեսուրսներով մի քանի անգամ ավելի շատ բերք ստանալ:

Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 15629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW