Աշխարհում լայն տարածում գտած ու աստիճանաբար ավելի մեծ թափ հավաքող օնլայն խանութներն աստիճանաբար մուտք են գործում նաեւ հայկական շուկա: Մի շարք օնլայն հայկական հարթակներից հայ սպառողները կարող են գնել բազմազան իրեր ու հաշված օրերի ընթացքում ստանալ դրանք:Դրանցից է նաեւ MediaMarket.am-ը, որի առանձնահատկությունն այն է, որ կայքում ներկայացված են միայն հայկական արտադրության ապրանքներ:Banks.am-ի թղթակից հետ զրույցում MediaMarket-ի տնօրեն Գոռ Սաղաթելյանը պատմում է, որ նման հարթակի ստեղծման գաղափարը ծագել է դեռ 15 տարի առաջ:«Ցանկանում էինք հայկական գրքեր, դրոշմանիշեր վաճառել, բայց չստացվեց: Այն ժամանակ ինտերնետն այսքան հասանելի ու տարածված չէր մեր երկրում: Հիմա ամեն ինչ զարգացել է, ես ու եղբայրս արդեն 7 ամիս է բացել ենք MediaMarket-ը»,- պատմում է Գոռը:Եղբայրները որոշել են վաճառել միայն տեղական ապրանքներ, քանի որ առաջին հերթին՝ յուրահատուկ է, երկրորդ՝ ցանկանում են ինչ-որ կերպ օգուտ տալ հայաստանյան տնտեսության զարգացմանը:«Թե Հայաստանի, թե արտերկրի սպառողները չեն կարող ինտերնետի օգնությամբ ինչ-որ տեղեկություն ստանալ հայկական արտադրանքի մասին, քանի որ այն պարզապես ներկայացված չէ, կամ էլ քիչ ինֆորմացիա կա: Մենք էլ մտածեցինք, որ օնլայն խանութ ունենալով՝ կարող ենք ցույց տալ ապրանքներն ու այդպես աջակցել երկրի տնտեսությանը»,- ընդգծում է նա:Բնականաբար, նորաբաց հարթակում ներկայացված ընկերությունները քիչ էին՝ 10, սակայն այսօր դրանց թիվն արդեն անցնում է 70-ը: Համագործակցում են ինչպես խոշոր, այնպես էլ մանր ու միջին ընկերությունների հետ: «Խոշոր ձեռնարկատերերը դժվար էին համաձայնվում, կոնկրետ մասնագետ չունեն, որ զբաղվի նման հարցերով: Բացի այդ, չէին հավատում, որ հնարավոր է օնլայն հարթակում հաջողություն ունենալ, բայց մեզ հետ համագործակցողներն արդեն զգում են տարբերությունը»,- պատմում է Գոռը:Կայքում թարմացումներ արվում են ամեն օր, քանի որ գրանցված ընկերությունների թիվն անընդհատ ավելանում է: Այժմ MediaMarket-ում վաճառվում են թեթեւ արդյունաբերության ապրանքներ, սակայն շուտով կներառվեն նաեւ այլ ոլորտներ:Այս կամ այն ապրանքն իրենց մոտ տեղադրելու ամենակարեւոր հանգամանքը՝ որակն է: Գոռի խոսքով՝ իրենք միայն որակյալ արտադրանք են ներկայացնում, քանի որ չեն ցանկանում խաբել սպառողին ու հեղինակազրկվել: «Օնլայն տարբերակով Հայաստանից գնումներ կատարելու մշակույթը կամաց-կամաց ձեւավորվում է: Ապրանքների մեծ մասն անվճար է առաքվում, մարդիկ տանը նստած ընտրելու հնարավորություոն ունեն, նկարները տեսնում են, մանրամասն նկարագությունը կարդում ու պատվիրում: Ինտերնետային վաճառքն ավելի է զարգանալու, ու վաղ թե ուշ ամեն ինչ ինտերնետ հարթակ է տեղափոխվելու»,- բացատրում է երիտասարդ գործարարը: Մինչ գնում կատարելը հնարավոր է հագուստը կամ էլ կոշիկը փորձել, այդ ժամանակ առաքվում է մի քանի չափս: Ու երբ պատվիրատուն չի ցանկանում այն գնել, միայն առաքման գումարն է վճարում: Օնլայն հարթակում ապրանքների գներն ու նաեւ զեղչերը սահմանում են ընկերությունները. ֆիրմային խանութի ու MediaMarket-ի գները միմյանցից չեն տարբերվում: MediaMarket-ից օգտվողների թիվը, ըստ մեր զրուցակցի, աճում է: Իրենք արդեն ունեն մշտական հաճախորդներ: Առաքումը գործում է ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում ու արտերկրում: Ապրանքներն առաքվում են «Հայփոստի» միջոցով: «Օնլայն խանութ ունենալը դեռեւս շահավետ բիզնես չէ, բայց հույս կա, որ այդպիսին կդառնա: Վերջերս կարդացի, որ մեր բնակչության միայն 4,2 տոկոսն է օգտվում օնլայն խանություներից, սակայն համոզված եմ, որ մոտ ապագայում այս թիվն աճելու է: Իսկ կաճի, երբ մեզ նման խանութները պատշաճ ու բարեխիղճ աշխատեն, գնորդը համոզված լինի, որ իրեն չեն խաբում»,- ընդգծում է Գոռը:Գոհար Նալբանդյան Tweet Դիտում՝ 10331