Մեղրանուշ կամ հայկական աղանդերային մեղր՝ արտադրված Հայաստանում, բայց ռուսների ձեռքով. B’arev Honey բրենդը շուկայում առաջին պտուղներն է տվել: Բրենդի հիմնադիր, «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի շրջանավարտ, հայկական բրենդներին քաջատեղյակ Մարիա Սոբոլեւան դեռ մեկ տարի առաջ հայկական մեղրի մասին ոչինչ չէր լսել: Մինչ այդ նա գրեթե 5 տարի զբաղվել էր «Արարատ» բրենդի մարքեթինգով՝ կուտակելով հայկական բրենդի հետ աշխատելու մեծ փորձ:Լոռվա մեղրը համտեսելուց հետո նա սկսում է հետաքրքրվել հայկական մեղրի գաղտնիքով եւ փորձում հասկանալ, թե ինչու է այն այդքան անհայտ: Իր համային հատկանիշներով եզակի մեղրն ապագա ձեռներեցին միանգամից է գրավում: Մարիա Սոբոլեւան սկսում է մտածել, թե ինչպիսին կարող է լինել արտահանվող հայկական մեղրի բրենդը եւ ինչ արտասովոր բան է կարելի ստեղծել լիովին ազատ ոլորտում: Երկար պրպտումներից հետո նա որոշում է արտադրել մեղրային ապրանքների շարք` չրերով ու բույսերով: «Հայաստան տեղափոխվեցինք 2015թ. մայիսի սկզբին եւ սկսեցինք աշխատել: Առաջին արտադրանքն ունեցանք սեպտեմբերին: Հինգ ամիսը, ինչպես հասկանում եք, բավական կարճ ժամանակ է զրոյից արտադրանք տալու համար: Ռուսաստանում, հավանաբար, արտադրություն սկսելու ժամկետներն ավելի երկար կլինեին»,- Banks.am-ին պատմում է Մարիա Սոբոլեւան: Շուկայում աղանդերային մեղրը նորություն է: Արտադրման տեխնոլոգիան, ինչպես նշում է Մարիան, ինչ-որ առումով հիշեցնում է հայկական գյուղերում կարագ հարելու պրոցեսը: «Նույնը մենք անում ենք մեղրի հետ: Ցածր ջերմաստիճանի տակ հարում ենք այն, ապա հրաշքներ գործում՝ տարբեր բաղադրիչներ՝ հայկական չոր մրգեր, խոտաբույսեր եւ համեմուքներ խառնելով: Այս պահին արտադրում ենք աղանդերային մեղր թթի, կոճապղպեղի (իմբիր), դարչինի, դաղձի եւ ընկույզի հավելումներով»,- ասում է նա: Photo: Barev HoneyԲոլորովին վերջերս վաճառատախտակներին հայտնված B'arev Honey աղանդերային մեղրը տարբերվում է ոչ միայն իր յուրահատուկ բաղադրությամբ, այլեւ դիզայնով: Մարիա Սոբոլեւայի խոսքով՝ փաթեթավորման մեջ հնարավորինս փորձել են ներկայացնել այն ամենը, ինչով հարուստ եւ հայտնի է Հայաստանը: Յուրաքանչյուր տարայի վրա օգտագործված է հայկական մեկ զարդանախշ: «Մենք շատ երկար դիտարկել եւ ուսումնասիրել ենք զարդանախշերը եւ դրանք վերցրել ենք նախորդ դարի հայկական կարպետներից: Բրենդի անվանումը եւս հատուկ ենք ընտրել: Այստեղ բառախաղ կա. «բարեւ արեւ», այսինքն մեղր՝ ամենաբարի մաղթանքներով: Անվանումը հայկական է, բարի, բոլորը հասկանում են, թե ինչ նշանակություն ունեն «բարեւ», «արեւ» բառերը: Հայաստան նոր ժամանած բոլոր զբոսաշրջիկներն արդեն երկու ժամ անց գիտեն «բարեւ ձեզ»-ը»,- հավելում է բրենդի հիմնադիրը: Բրենդի դիզայնը Մարիա Սոբոլեւան ինքնուրույն է արել՝ հիմնականում օգտագործելով Մատենադարանի նյութերը. «Մենք օգտագործել ենք տարրեր, որոնք շատ լավ հայտնի են որպես հայկական: Այդ ամենն արվել է նրա համար, որ միանգամից տարբերակվի, որ սա հայկական արտադրանք է: Տարայի վրա 8 լեզվով գրված է՝ «Մեղուներից՝ սիրով», մենք ցանկանում էինք որպեսզի տարբեր երկրից եկած զբոսաշրջիկն ու սփյուռքահայն իրենց հետ տանեին այդ փոքրիկ տարան եւ կիսվեին հնարավորինս մեծ թվով մարդկանց հետ»:Մեղրի տարայի վրա կա «Եթե ցանկանում ես երիտասարդ մնալ, ապա մեղր կեր» գրությունը: Հիմնադրի համար կարեւոր է եղել ընդգծել, որ մեղրը ոչ միայն քաղցրեղեն է, այլեւ իսկապես շատ օգտակար է: Photo: Barev HoneyB'arev Honey աղանդերային մեղրը, հայաստանյան մի քանի առեւտրային ցանցերից բացի, կարելի է ձեռք բերել տուրիստական կետերում եւ օդանավակայանի Duty Free խանութներում: Երկրորդ դիրքավորումն արտասահմանյան շուկայում կլինի՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԱՊՀ եւ եվրոպական երկրներ: Տեղական շուկան հիմնականում մաքուր եւ ոչ թե աղանդերային մեղրի պահանջարկ ունի: B'arev Honey-ն էլ սպառողի պահանջարկները փոխելու խնդիր չունի: Տեղական շուկայում աշխատում են նաեւ կորպորատիվ հաճախորդների հետ:«Արտահանվող մեղրի հավանական գնորդների թվում են նաեւ այլ երկրներում ապրող Սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր գիտեն հայկական մեղրի մասին: Մենք ցանկանում ենք նաեւ, որպեսզի օտարները եւս իմանան հայկական մեղրի համն ու օգտակարությունը»,- նշում է Մարիա Սոբոլեւան:Մարի ԹարյանP.S. Այն մասին, թե ինչպես է ինքն ապրում եւ աշխատում Հայաստանում, Մարիա Սոբոլեւան պարբերաբար պատմում է Mediamax.am կայքի իր սյունակներում: Tweet Դիտում՝ 37915