Օնլայն շոփինգը Հայաստանում. նոր հնարավորություններ

06.11.2015 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում գործող բրենդային խանութների նկատմամբ վստահություն չկա, ներկայացված տեսականին փոքր է, գները՝ բարձր: Համացանցի լայն հասանելիությանը զուգահեռ վերջին տարիներին լայն թափ է հավաքում արտասահմանից ապրանքներ պատվիրելու փորձը: Banks.am-ը փորձել է պարզել, թե ինչպիսի հնարավորություններ կան համաշխարհային ռիթեյլերներից եւ խանութներից ապրանքներ պատվիրելու համար:  

Առցանց վաճառքը աշխարհում եւ Հայաստանում

2000-ականներին համացանցի եւ սոցցանցերի մասսայականացումն ամբողջ աշխարհում խթանեց դեռ 80-ականներից մանր քայլերով առաջ շարժվող առցանց առեւտրի զարգացումը:

Որպես առցանց առեւտրի հարթակներ գերազանցապես ծառայում են Alibaba-ն, Amazon-ը, eBay-ը, Walmart-ը: Հաճախորդի ժամանակը խնայելու ուղղությամբ են աշխատում նաեւ առանձին համաշխարհային ապրանքանիշեր, որոնք տալիս են առցանց գնումներ կատարելու հնարավորություն եւ առաքում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներ:



Հայաստանում առցանց առեւտրով զբաղվելու փորձը համեմատաբար ավելի ուշ է տարածվել՝ ուժեղ խթան ստանալով 2000-ականների վերջին, երբ երկրում ավելի մասսայական դարձավ համացանցը, եւ բարձրացավ մարդկանց տեղեկացվածության աստիճանը: Խոշոր ռիթեյլերներից մինչ օրս Հայաստան առաքում իրականացնում են միայն Ebay-ը եւ AliExpress-ը:

Մաքսավճարները՝ նախքան ՄՄ անդամակցությունը

Նախքան Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը, ֆիզիկական անձինք իրավունք ունեին փոստային կամ սուրհանդակային ճանապարհով առանց մաքսատուրք վճարելու ապրանքներ ներմուծել, եթե դրանց ընդհանուր քաշը մեկ օրացուցային ամսվա ընթացքում չէր գերազանցում 20 կգ-ը, իսկ ձեռքբերման արժեքը (որը որոշվում էր մաքսային տեսուչի կողմից) չէր գերազանցում 150 հազ. դրամը:

Իսկ եթե ընդհանուր քաշը չէր գերազանցում 20 կգ-ը, իսկ ձեռքբերման արժեքը գերազանցում էր 150 հազ. դրամը, սակայն չէր գերազանցում 300 հազ. դրամը, ապա գերազանցող գումարից գանձվում էր 2.5% մաքսատուրք:

20 կգ-ի սահմանը հատելու դեպքում վճարվում էր ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք (0 կամ 10%)՝ կախված ապրանքի տեսակից:

Մաքսավճարները` ՄՄ անդամակցությունից հետո

2015թ. հունվարից Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249 հոդվածի համաձայն, ՄՄ անդամ չհանդիսացող պետությունից ֆիզանձանց կողմից փոստային կամ սուրհանդակային ճանապարհով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար մաքսային վճար չի գանձվում, եթե մեկ անձի կողմից օրացուցային մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կգ-ը, իսկ մաքսային արժեքը՝ 200 հազ. դրամը:

Ընդ որում, մաքսային արժեք համարվում է ապրանքի հայտարարագրված արժեքը եւ մինչեւ Մաքսային միության սահման կատարված ծախսերը: Եթե ապրանքի հայտարարագրված արժեքի մասին փաստաթղթերը բացակայում են, կամ հիմքեր կան կասկածի տակ դնելու դրանց արժանահավատությունը, ապա մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

Եթե 1 ամսվա ընթացքում ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կգ-ը, իսկ մաքսային արժեքը՝ 200 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք դրամը (շուրջ 520 հազ. դրամ), ապա այդ գերազանցող գումարից գանձվում է 22,5% մաքսատուրք: Օրինակ, եթե ապրանքը արժե 200 հազ. դրամ, իսկ բեռնափոխադրումն արժեցել է 30 հազ. դրամ, ապա 22,5% մաքսավճարը գանձվում է 30 հազ. դրամից:

Իսկ եթե ապրանքների քաշը գերազանցում է 30 կգ-ը, կամ եթե մաքսային արժեքը հատում է 1000 եվրոյին համարժեք դրամի սահմանը, ապա գերազանցող յուրաքանչյուր կգ-ի դիմաց գանձվում է գերազանցող գումարի 30%-ը:



ԵՏՄ անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ապրանքներ ներմուծելիս թույլատրված չափաքանակը գերազանցելու դեպքում ավելացված մասի համար վճարվում է 20% ԱԱՀ: Ոչ առեւտրային համարվող ապրանքների ներմուծման չափաքանակին կարող եք ծանոթանալ այստեղ:  

Նոր հնարավորություններ

Այսօր Հայաստանում գործող մի քանի հարթակներ հնարավորություն են տալիս գնումներ կատարել արտասահմանյան այնպիսի խանութներից, որոնք Հայաստան առաքում չեն իրականացնում: Նմանատիպ հարթակներից առավել հայտնի են ShopinAmerica-ն եւ Onex-ը: Երկու տարբերակներում էլ սկզբունքը նույնն է. գրանցվելուց հետո օգտատիրոջը տրվում է վիրտուալ փոստային հասցե ԱՄՆ-ում, որտեղ էլ ուղարկվում է ծանրոցը, իսկ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու հոգսը ընկերությունները վերցնում են իրենց վրա:

Ընդ որում, պատվերը Հայաստան հասնում է շատ ավելի կարճ ժամանակում, քան Еbay-ից կամ Аliexpress-ից պատվիրելու դեպքում: Փոխարենը, գնորդը պարտավորվում է միջնորդ ընկերությանը վճարել որոշակի գումար՝ կախված առաքվող ապրանքի ծավալից եւ քաշից:

Ուշագրավ է, որ ի տարբերություն Fedex-ի կամ DHL Express-ի, այս ընկերությունների միջոցով ծանրոցներ պատվիրելու դեպքում վերը նշված, այսպես ասած, թույլատրելի 200 հազ. դրամի մեջ բեռնափոխադրման արժեքը չի ներառվում:

ShopInAmerica

Shopinamerica.am կայքը գործարկվել է «Հայփոստ Յու Էս Քորփ» կորպորացիայի կողմից: Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է «գնումներ կատարել այնպես, ասես ապրում եք Ամերիկայում»:



Այսպես, կայքում գրանցվելուց հետո օգտատիրոջն անվճար հասցե է տրամադրվում ԱՄՆ Գլենդել նահանգում, որից հետո հնարավոր է առցանց գնումներ կատարել ամերիկյան խանութներից՝ դա նշելով որպես առաքման հասցե:

Ծանրոցը Հայաստան է տեղափոխվում 7-14 աշխատանքային օրվա ընթացքում: Ծառայության դիմաց գանձվող գումարը տատանվում է 5-12.5 դոլարի սահմաններում՝ կախված ապրանքի գնից եւ ծավալային քաշից: Կայքում տեղադրված հաշվիչի օգնությամբ հնարավոր է մոտավորապես հաշվարկել առաքման գումարը:

ShopInAmerica-ի միջոցով հնարավոր է պատվիրել նաեւ այնպիսի ապրանքներ, որոնց քաշը գերազանցում է 150 կգ-ը եւ օդային ճանապարհով տեղափոխման ենթակա չէ: Տվյալ պարագայում փոխադրումն իրականացվում է ծովային ճանապարհով: Եթե պատվիրված ծանրոցը գերազանցում է 30 կգ-ը կամ 200 հազ. դրամը եւ ենթակա է մաքսազերծման, ապա հաճախորդը մաքսատուն հասնելու փոխարեն կարող է իր մաքսային պարտավորությունները վճարել մոտակա փոստային բաժանմունքում եւ այնտեղից էլ ստանալ ծանրոցը:

Online Express

Ընկերությունը լիցենզավորված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից:

Onex.am կայքում ներկայացված են աշխարհի լավագույն 5 ինտերնետային խանութները՝ Walmart, Ebay, Amazon, 6pm, ShopStyle, ինչպես նաեւ հագուստի, օծանելիքի, էլեկտրոնիկայի, ավտոպահեստամասերի ամենահայտնի համաշխարհային ապրանքանիշերը, իսկ առանձին խորագրում հավաքված են ակցիաներն ու թեժ առաջարկները:



Կայքում նշված խանութներից բացի՝ հնարավոր է պատվեր կատարել ցանկացած արտասահմանյան խանութից, որն առաքում է իրականացնում ԱՄՆ-ի տարածքում:

Կայքում գրանցվելու դեպքում օգտատերը ստանում է փոստային հասցե ԱՄՆ Դելավեր նահանգում, որտեղ հավելյալ հարկեր չեն գանձվում, եւ հեռախոսահամար, ինչը պարտադիր է մի շարք ամերիկյան առցանց հարթակներից գնումներ կատարելու համար:

Ծանրոցը Հայաստան է տեղափոխվում 7 օրվա ընթացքում՝ առանց քաշի եւ չափսերի սահմանափակումների: Բեռնափոխադրման գումարը կախված է ապրանքի չափսերից (ֆիզիկական անձանց համար 1 կգ-ի արժեքը 6000 դրամ է): Կայքում տեղադրված հաշվիչի միջոցով հնարավոր է մոտավորապես հաշվել բեռնափոխադրման արժեքը՝ մուտքագրելով փաթեթի պարամետրերը:

Կայքից բացի՝ ընկերությունը Երեւանում ունի ֆիզիկական գրասենյակ, որտեղից հնարավոր է ստանալ պատվիրված ապրանքները, վճարումներ կատարել եւ խորհրդատվություն ստանալ: Եթե տեղափոխվող ծանրոցը ենթակա է մաքսազերծման, ապա ընկերությունն ունի առանձին ծառայություն, որը լիազորագիր ստանալու դեպքում կարող է զբաղվել մաքսազերծման աշխատանքներով:  

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 16781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW