Ատոմ Մարգարյան. Պետպարտքի տարանջատումը զուտ տեխնիկական լուծում է

15.07.2015 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ: ՀՀ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ պետական պարտքից առանձնացնել Կենտրոնական բանկի պարտքը, որը, տարբեր մասնագետների կարծիքով, կարող է ռիսկային քայլ համարվել՝ ավելացնելով արտաքին պարտքի ավելացման հնարավորությունները:

Banks.am-ը օրենքի փոփոխության եւ դրա հնարավոր ազդեցության մասին զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հետ:

Ատոմ Մարգարյանի փոխանցմամբ՝ պետական պարտքի տարանջատումը՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ, ընդունված մոտեցում է բազմաթիվ երկրների պետական կառավարման ու տնտեսական քաղաքականության  պրակտիկայում:

«Կան մի շարք երկրներ, որոնք սահմանազատում են կառավարության եւ ԿԲ պարտքը: Կառավարության լիազորություններն այլ ոլորտում են, Կենտրոնական բանկինը՝ այլ: Հետեւաբար` նման մոտեցումն արդարացված է: Այլ հարց է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների եւ պարտավորությունների համար։ Մյուս կողմից՝ պետական պարտքի ձեւավորումն ու կառավարումը պետք է իրականացվի մեկ ընդհանուր կոնցեպցիայի շրջանակում»,- ասել է Ատոմ Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտքի սահմանազատումը ավելի դյուրին ու հասցեական կդարձնի պետական պարտքի կառավարման համակարգը:

«Երբեմն, կարծիքներ ենք լսում այն մասին, թե այս բաժանումը կարող է բերել արտաքին պարտքի ավելացման, սակայն դրա հետ համակարծիք չեմ, քանզի օրենսդրությունը նման իրավիճակի համար որոշակի զսպումների մեխանիզմ է առաջարկել: Մասնավորապես, «Պետական պարտքի» մասին գործող օրենքով սահմանված է, որ ՀՀ պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60%-ը, իսկ եթե, այնուամենայնիվ այն գերազանցում է ՀՆԱ-ի 50%-ը, ապա հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը չպետք է անցնի 3%-ից: Սա ինքնին զսպում է արտաքին պարտքի հավելյալ ու չհիմնավորված, ասել է թե՝ ռիսկային չափաբաժնի ներգրավման հնարավորությունը»,- ասել է Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ փոփոխությունն ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում:

Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի երկրի ընդհանուր պարտքի պորտֆելի դինամիկային, ինչի արդյունքում առաջացած լարվածությունը բացասական ազդեցություն է ունենում մյուս կառույցների եւ պետական բյուջեի վրա:

«Մասնավոր սեկտորի պարտքի անկառավարելի աճը եւս կարող է լուրջ խնդիրներ ստեղծել երկրի համար, ինչից խուսափելու միջոցն օրենսդրության վերանայումն է այն հաշվով, որպեսզի այդտեղ էլ նախատեսվեն զսպումների անուղղակի մեխանիզմներ»,- ասել է Ատոմ Մարգարյանը:

Մյուս կողմից, նա հավելել է, որ պետական պարտքի գերազանցումը օրենքով սահմանված չափաքանակը (մեր պարագայում՝ ՀՆԱ-ի 60%-ը), կարող է լրջորեն խաթարել ներդրողների եւ վարկատուների հավատը երկրի վճարունակության նկատմամբ։

Թեեւ կատարված օրենսդրական փոփոխությամբ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտքը տարանջատվում են միմյանցից, այդուհանդերձ, ըստ փորձագետի, մակրոտնտեսական առումով դրանք անբաժանելի են, փոխկապակցված են ու փոխլրացնում են միմյանց։

«Ցանկալի վիճակն այն է, երբ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը զգալիորեն փոքր է երկրի ՀՆԱ-ի աճի տեմպից։ Այդ դեպքում կառավարությունը կարող է ավելացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառությունների, ասել է՝ պետական պարտքի ծավալները,-ընդգծել է Ատոմ Մարգարյանը։ -Ցավոք, մեզանում նման վիճակ չկա. ավելի շուտ ճիշտ հակառակն է՝ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ավելի քան երեք անգամ  գերազանցում է երկրի ՀՆԱ-ի աճի տեմպը, ինչը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առումով աննպատակահարմար է դարձնում երկրի պետական պարտքի հետագա ավելացումը»:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 5681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW