Օրգանական «առողջ եւ թանկ» կենսակերպ

25.05.2015 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Աշխարհում այդքան մեծ ճանաչում ունեցող օրգանական սնունդն աստիճանաբար իր տեղն է գտնում նաեւ հայկական շուկայում:

Banks.am-ը փորձել է պարզել, թե Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացման ինչ հեռանկարներ ունի, եւ ովքեր են գնում օրգանական սնունդ: Այդ նկատակով զրուցել ենք «Էկոգլոբ» ընկերության հիմնադիր-տնօրեն, գյուղատնտես-բնապահպան Նունե Դարբինյանի եւ օրգանական սննդամթերքի վաճառքով զբաղվող Green Day խանութի մենեջեր Նաիրա Մկրտչյանի հետ:
    
Հայաստանում օրգանական գյուղանտեսությունը սկսել է զարգանալ 2002թ. Արագածոտնի ու Արմավիրի մարզերի լեռնային գոտիներում: Ներկայում այդ նպատակով տրամադրված տարածքները զգալիորեն ընդլայնվել են ու ընդգրկել նաեւ Վայոց Ձորի, Սյունիքի ու Արարատի մարզերը:

2009թ. ընդունվել է «Օրգանական գյուղատնտեսության մասին օրենքը», որը կարգավորում է օրգանական գյուղատնտեսական մթերքի եւ հումքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման, իրացման, ինչպես նաեւ վայրի բույսերի մթերման հետ կապված հարաբերությունները:

Գոյություն ունի նաեւ ազգային օրգանական նշանը, որը պարտավոր են կիրառել տեղական շուկայում օրգանական սննդամթերք արտադրող բոլոր ընկերությունները:

Ամբողջ արտադրանքի վերահսկողությունն իրականացվում է անկախ ու որակավորված սերտիֆիկացնող մարմինների կողմից: Դրանցից մեկն էլ «Էկոգլոբ»-ն է, որի հիմնադիր-տնօրեն Նունե Դարբինյանը նշում է, որ օրգանական սնունդի մակնշման կամ պիտակի վրա պարտադիր պետք է առկա լինի նաեւ սերտիֆիկացնող մարմնի անունը:

«Եթե նշում չկա, ուրեմն դա ինքնահայտարարման ձեւ է եւ հակասում է օրենսդրությանն ու առկա ստանդարտներին: Դա ապօրինի կլինի, սպառողների մոտ կառաջացնի մոլորություն ու ոչ առողջ մրցակցություն»,- ասում է նա:

Ըստ Նունե Դարբինյանի` Հայաստանում արտադրվում է սահմանափակ քանակությամբ օրգանական սնունդ, ինչը, նրա խոսքով, կառավարությանը պետք է մտահոգի:

«Օրգանական սնունդ արտադրողները շատ անհավասար պայմաններում են գտնվում: Սովորական արտադրողները գոնե որոշակի պետական աջակցություն ստանում են: Օրգանական սնունդ արտադրելու Հայաստանի պոտենցիալը շատ մեծ է՝ հատկապես հաշվի առնելով նախալեռնային ու լեռնային տարածաշրջանների հնարավորությունները: Մենք կարող ենք ավելի մրցունակ արտադրանքով ապահովել թե՛ տեղական, թե՛ դրսի շուկան»,- նկատում է Նունե Դարբինյանը:

Ներկայում ՀՀ-ում հիմնականում արտադրվում են օրգանական միրգ ու վայրի հատապտուղներ, սակայն, Նունե Դարբինյանի խոսքով, լավ հնարավորություններ կան նաեւ ստանալու հացահատիկային մշակաբույսեր: Հայաստանում մեծ պոտենցիալ ունի նաեւ բանջարեղենի արտադրությունն ու վերամշակումը, մեղվապահության ու անասնապահության զարգացումը: Սակայն բոլոր ենթակառուցվածքներն օրգանական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելը բարդ ու աշխատատար գործընթաց է:

«Պետք է խթանել մասնավոր ներդրումները, որ ոլորտը զարգանա: Դրա շնորհիվ տնտեսական աճի հնարավորություն կստեղծվի մեր երկրի համար, ինչն էլ կմեծացնի արտահանման ծավալները, որը մեզ մոտ որդեգրված է որպես քաղաքականություն: Այդ եղանակով տարածաշրջանային ու միջազգային շուկաներում մեր արտադրողների մրցունակությունն էլ կբարձրանա»,- ընդգծում է նա:

Ի դեպ, ոլորտին սկսել են աջակցել նաեւ բանկերը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, օրինակ, նախաձեռնել է «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը:



Հայաստանում օրգանական սննդամթերքի վաճառքով զբաղվող Green Day խանութն արդեն 4 տարի է՝ գործում է Երեւանում: Խանութում հիմնականում վաճառվում են ներմուծված ապրանքատեսակներ, քանի որ Հայաստանում արտադրվող օրգանական սննդի տեսականին փոքր է: Ներքին շուկան խանութին մատակարարում է միայն հյութ, թեյ եւ մեղր: Մթերքները հիմնականում ներմուծվում են եվրոպական երկրներից՝ Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Բելգիա:

Խանութի մենեջեր Նաիրա Մկրտչյանը նշում է, որ ներմուծում են ամենաբարձրորակ ապրանքները, որոնք ընտրվում են մի քանի չափորոշիչներով՝ այցելում են ցուցահանդեսներ, տվյալ կազմակերպություններ ու մոտիկից ծանոթանում ապրանքին:

«Այդ կազմակերպություններն օրգանական ապրանքի սերտիֆիկատ են ունենում: Դա բավական լուրջ հիմք է, որպեսզի մեր շուկան այն առանց խնդիրների ընդունի: Բայց, եթե ինչ-ինչ պատճառներով սերտիֆիկատը բացակայում է, ապրանքը նաեւ Հայաստանում է ստուգում անցնում»,- ընդգծում է նա:

Green Day-ից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցող մարդիկ, որովհետեւ օրգանական ապրանքը, ինչպես եւ ամբողջ աշխարհում, թանկ է: Հիմնականում գնում են այն մարդիկ, որոնք քաջատեղյակ են այդ ապրանքների օգտակարության մասին:

«Օրգանական սննդի սպառումն ընդհանրապես մեծ չէ, թանկ է, որովհետեւ այն ավելի մաքուր է, ավելի շատ աշխատանք է կատարվում, սերտիֆիկատ ստանալու համար երկար ճանապարհ է անցնում»,- ասում է նա:

Նունե Դարբինյանն էլ օրգանական սննդի թանկության վերաբերյալ իր բացատրությունն ունի՝ մրցակցության բացակայության պայմաններում սակավաթիվ արտադրողներն իրենք են գնային քաղաքականություն թելադրում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Դիտում՝ 7152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW