Սահմանային խնդիրներ՝ սահմանամերձ գործարանում

14.05.2015 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Տավուշի մարզի Այրում համայնքում «Օքսֆամ» բրիտանական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Այրում Ֆրութս» միրգ-հատապտուղների վերամշակման արտադրամասը պահածոների իրացման խնդրի առջեւ է կանգնած: Անցած տարի փոքր ծավալներով կազմակերպված արտադրանքը դեռ պահեստներում է, իսկ նոր արտադրությունը ֆինանսական խնդիրների պատճառով վտանգված է:

Ու, չնայած այդ դժվարություններին, կազմակերպությունը մարզում եւս մեկ գործարան է հիմնել, որը կգործարկվի հաջորդ ամիս:

Ոչ միայն բիզնես, այլեւ սոցիալական ծրագիր

«Այրում Ֆրութս»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2013թ.: Արտադրամասը կառավարում է «Օքսֆամ»-ի աջակցությամբ ստեղծված «Լճկաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվը («Միրգ» ՍՊԸ): 2014թ. օգոստոսին արտադրամասը գործարկվել է, իսկ երկու ամիս տեւած առաջին արտադրությունը փոքր ծավալներով է եղել:

«Այրում եւ Լճկաձոր համայնքների ակտիվ 43 գյուղացիներն են կոոպերատիվի անդամները: Գործարանը գյուղական համայնքներում արդյունավետ բիզնեսի եւ սոցիալական ձեռնարկության օրինակելի մոդել է, եւ հիմնման պայմաններից մեկն այն է, որ հետագայում եկամուտների որոշ մասը կոոպերատիվի անդամները ներդնեն իրենց համայնքների սոցիալական խնդիրների լուծման մեջ: Մենք իրենց ոչ միայն բիզնեսի հնարավորություն ենք տալիս, այլեւ սովորեցնում ենք աջակցել համայնքի խնդիրների լուծմանը»,- ասել է «ՕՔՍՖԱՄ»-ի հայաստանյան մասնաճյուղի «Ձեռնարկությունների զարգացման ծրագրերի» պատասխանատու Արթուր Գոմկցյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակներից մեկը կանանց համար հնարավորությունների ստեղծումն է եւ տնտեսական առաջնորդության զարգացումը:


Լուսանկարը՝ «Օքսֆամ»-ի արխիվից

«Նախատեսվում է, որ այս գործարանի աշխատակիցների եւ միրգ ու հատապտուղներ մթերող շահառուների 70 տոկոսից ավելին լինեն կանայք: Բացի այդ, գործարանի ղեկավար անձնակազմի կեսից ավելին նույնպես պետք է լինեն կանայք»,- ասել է նա:

Այրումի գործարանը 18 աշխատակից ունի, սակայն ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում նրանց թիվը կհասնի 60-ի: Գործարանը տարեկան 500 հազ. տարա պահածո արտադրելու ներուժ ունի: Ծրագրով ոչ միայն աշխատատեղեր են ստեղծվել գործարանում, այլեւ Այրումի եւ շրջակա գյուղերի մոտ 2 հազ. բնակչի համար իրենց այգիների եւ անտառներում աճող բերքը վաճառելու հնարավորություն է տրվել:  

«Պայմաններից մեկն էլ այն է, որ մթերումը նորմալ գներով պետք է կատարվի հենց այդ գյուղացիներից: Գյուղացիները մթերման են հանձնում երկրորդ եւ երրորդ տեսակի ոչ այդքան որակյալ ապրանքը: Մենք իրենց համար սպառման շուկա ենք ստեղծել: Գյուղերին հարակից անտառները շատ հարուստ են վայրի հատապտուղներով եւ մրգերով, որոնց միայն 5 տոկոսն է սպառվում: Հիմա, երբ մարդիկ գիտեն, որ այդպիսի գործարան կա, հավաքում են բերքը եւ հանձնում: Մեր նպատակն է, որ այդ 2 հազ. մարդիկ ամեն տարի իրենց եկամուտները 30 տոկոսով ավելացնեն: Այս տարածաշրջանում դա բազմաթիվ սոցիալական հարցեր կարող է լուծել»,- մանրամասնել է Արթուր Գոմկցյանը:


Լուսանկարը՝ «Օքսֆամ»-ի արխիվից

«Այրում Ֆրութս»-ի կառուցումն ու սարքավորումների վերազինումն իրականացվել է Օքսֆամ-ի նախաձեռնությամբ՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) եւ «Նոր Հորիզոն» վարկային կազմակերպության գործընկերությամբ, «Orange Հիմնադրամ»-ի, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, G2IA, CARE կազմակերպությունների եւ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ:

Իրացման եւ նոր արտադրական սեզոնի խնդիրները

Անցած տարի 35 հազ. տարա կոմպոտ, ջեմ եւ մուրաբա են արտադրել, սակայն պահածոները դեռ չեն իրացրել:

Ծավալների եւ պահանջարկի առումով հիմնական թիրախային շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն, տնտեսական խնդիրներով պայմանավորված, չեն կարողացել արտահանել: Այս պահին բանակցություններ են ընթանում ՌԴ մի քանի կազմակերպությունների հետ, կոնկրետ արդյունք դեռ չկա: Երկու բեռնատար պահածոները պահեստում են, շուտով նոր սեզոնն է մեկնարկում, եւ պետք է մինչ այդ կարողանան վաճառել արտադրածը:

«Շուտով արդեն հարկավոր կլինի տարաներ, կափարիչներ գնել, սակայն գումար չկա: Արտադրանքը պահելու տարածքի խնդիր եւս ծագում է»,- ասել է Արթուր Գոմկցյանը:

Նոր սեզոնում արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնելու նպատակով դիմել են Հայաստանի կառավարությանը, դեռ քննարկումների փուլում են: Փորձում են կառավարության կողմից սուբսիդավորվող վարկ ստանալ: Կառավարության աջակցությամբ ներգրավվել են ցուցահանդեսներում, բիզնես հանդիպումներում:


Լուսանկարը՝ «Օքսֆամ»-ի արխիվից

«Հայաստանի ներքին շուկայում արտադրանքն իրացնելու փորձ չենք արել, քանի որ ցանկանում ենք ամբողջությամբ եւ հնարավորինս շուտ վաճառել՝ նոր սեզոնում արտադրություն սկսելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հարցը լուծելու համար: Հայաստանի շուկան փոքր է, նման ապրանքով հագեցած, եւ այստեղ շատ դանդաղ ու քիչ քանակով կկարողանանք վաճառել»,- հավելել է նա:

Սեւքարի նոր արտադրամասը կգործարկվի հունիսին

Այրումում ծագած խնդիրները, սակայն, չեն կարողացել կանգնեցնել կամ ընկճել այս տարածաշրջանում սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրի նախաձեռնողներին: Արթուր Գոմկցյանը տեղեկացրել է, որ Իջեւանի Սեւքար գյուղում երկրորդ արտադրամասն է կառուցվել, կոոպերատիվն ունի 33 անդամ:

Կառավարությունն անհատույց հատկացրել է նախկին դպրոցի շենքը, որում հիմնվել է գործարանը: Արտադրամասի հիմնադիրը «Օքսֆամ»-ի աջակցությամբ ստեղծված «Դարպաս» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվն է («Անուշահամ» ՍՊԸ): Այս ծրագիրն իրականացվել է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Գործարանը պատրաստ է, սպասում են սեզոնի մեկնարկին, սակայն չի բացառվում, որ այստեղ եւս նույն խնդիրներին առերեսվեն:

«Սեւքարի արտադրամասն առաջին տարում համեստ ծավալներով կաշխատի՝ մինչեւ 11 մարդ, սակայն առավելագույն հնարավորությունների դեպքում 30 աշխատող կունենա: Այստեղ եւս 2 հազ. շահառու ենք ակնկալում, որոնք կկարողանան բերքը հանձնել գործարան: Ինչպես եւ Այրումի գործարանի դեպքում, գյուղացիների եկամուտների ավելացումից բացի, այստեղ նույնպես առանցքային է լինելու սոցիալական բաղադրիչը եւ կանանց հզորացումն ու տնտեսական առաջնոդության զարգացումը: Գործարանի արտադրական պոտենցիալը տարեկան 250 հազ. տարա պահածո է»,- ասել է Արթուր Գոմկցյանը:

Սեւքարի արտադրամասը կգործարկվի այս տարվա հունիսին:

«Այրում Ֆրութս» միրգ-հատապտուղների վերամշակման արտադրամասի պաշտոնական բացման վերաբերյալ Banks.am-ի անդրադարձը՝ այստեղ:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ «Օքսֆամ»-ի արխիվից

Դիտում՝ 7263
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW