Գործունյա կանայք՝ կարեւորի մասին

08.03.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Banks.am-ը Մարտի 8-ի կապակցությամբ առանձնացրել է Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում գործող կանանց մոտեցումներն առավել կարեւոր հարցերի շուրջ, որոնք ոչ վաղ անցյալում ներկայացվել էին մեր կայքին տված հարցազրույցներում:    

Զգացմունքների մասին

«Եթե մնացած առումներով հավասար պայմաններում հայացք գցենք տղամարդուն եւ կնոջը զուտ ֆիզիոլոգիական տեսանկյունից, ապա`այո, երեւի կարելի է ասել, որ կանայք ավելի զգացմունքային են, քան տղամարդիկ: Բայց եւ այնպես, մեզանից քչերն են մնում ֆիզիոլոգիական գիտակցության մակարդակի վրա. մենք փոխվում ենք` կախված կրթությունից, կուտակած փորձից, այն միջավայրից, որտեղ «աճել ենք»:

Ինձ կառավարում է մեկ զգացմունք` պատասխանատվությունն իմ գործողությունների կամ դրանց բացակայության համար»,- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի հարցազրույցից:

Ընկերության մասին

«Ընկերության հարցում բախտս շատ է բերել` ունեմ հիանալի ընկերներ, որոնք թե՛ դժվար, թե՛ լավ պահերին կողքիս են: Իմ կարծիքով, անկեղծությունն ու ազնվությունը լավ ընկերության նախապայմաններն են: Իսկ դա գենդերային տարբերակում չի ճանաչում, ուղղակի կնոջ ընկերությունը, կարծում եմ, ավելի համեմված է զգացմունքներով ու նվիրվածությամբ, որոնք համարում եմ անգնահատելի արժանիք ու տղամարդկանց` ի վերուստ մի քիչ պակասող հատկություն:

Աշխատում եմ կյանքիս այս կարեւոր ճակատում նույնպես պահպանել հաշվեկշիռն ու ավելի շատ ժամանակ տրամադրել ընկերներիս: Կենդանի շփումներին շատ հաճախ փոխարինելու է գալիս վիրտուալ հաղորդակցությունը»,- Կոնվերս Բանկի գլխավոր հաշվապահ Գոհար Հարությունյանի հարցազրույցից:

Երջանկության մասին

«Կինն իր ողջ կյանքում կանգնած է ինչ-որ ընտրության առջեւ եւ միշտ փորձում է հավասարակշռություն ապահովել  իր տարբեր դերերի միջեւ: Ինչը, իրոք, հեշտ չէ, բայց եւ ոչ անհնար: Երբ ասում են, որ «կինն ընտանիքի սյունն է», միշտ զարմանում եմ, որ մոռանում են այն մասին, որ սյունը ճիշտ ու ամուր հենարան պետք է ունենա, այլապես կքանդվի:  

Ես սիրում եմ իմ աշխատանքը, եւ «հեծանիվ հորինած» չեմ լինի, եթե ասեմ, որ երջանիկ է այն մարդը, ով առավոտյան հաճույքով գնում է աշխատանքի, իսկ երեկոյան սիրով շտապում տուն: Նույն տրամաբանությամբ, երջանիկ է այն կինը, ով իրեն լիարժեք է զգում աշխատավայրում՝ ունենալով իր ընտանիքի լիակատար աջակցությունը»,- Գրանթ Թորնթոն ընկերության  մարքեթինգի եւ հանրային կապերի բաժնի ղեկավար Անի Հակոբյանի հարցազրույցից:  

Ամենալավ դեղամիջոցի մասին

«Ես շատ գոհ եմ ճակատագրից, որ այդպիսի հնարավորություն  ունեցա (լինելով երաժիշտ - խմբ.) ուժերս փորձելու բանկային ոլորտում, եւ կարող եմ վստահ ասել, որ ոչինչ չէի փոխի իմ անցյալում եւ կանցնեի ճիշտ նույն ուղին:  

Ինչ վերաբերում է հոգեբանական դժվարություններին, ապա այո, ոչ միշտ է հարթ եղել, կարծում եմ, դժվարությունների հաղթահարման մեջ ինձ մի քանի հանգամանքների հարաբերակցությունն է օգնել: Դա մշտական հոգեւոր կապվածությունն է արվեստի հետ, մասնավորապես, երաժշտության, նոր բարձունքներ նվաճելու ձգտման առկայությունը եւ, իհարկե, իմ դուստրը, որն իմ ամենալավ դեղամիջոցն է բոլոր հոգեբանական դժվարությունների հաղթահարման համար»,- Ինեկոբանկի ներդրողների հետ հարաբերությունների կառավարման ավագ մասնագետ (Ինեկոբանկում է աշխատում 2012թ. hոկտեմբերից – խմբ.) Թամարա Կոստանդյանի հարցազրույցից:  
 
Երիտասարդ մնալու գաղտնիքի մասին

«Շաբաթվա մեջ լինում են օրեր, երբ փորձում եմ ժամանակ գտնել գեղեցկության սրահ այցելելու համար, իսկ հայելու առջեւ այնքան էլ շատ ժամանակ չեմ անցկացնում, չեմ ձգտում ստանդարտների, ուղղակի ինքս ինձ համար ներկայանալի, հաճելի պետք է լինեմ: Կարեւորում եմ ոչ միայն կնոջ արտաքին տեսքը, այլեւ ֆիզիկական, հոգեւոր եւ մտավոր ներդաշնակությունը:

Մի գաղտնիք ասեմ. երիտասարդ մնալուն օգնում են ոչ թե գեղեցկության սրահները, այլ մարդու հոգեւոր եւ ֆիզիկական էվոլյուցիան, երբ դու չես կարծրանում ֆիզիկապես կամ որեւէ մտածողության մեջ, ինքնըստինքյան մնում ես երիտասարդ եւ գեղեցիկ»,- Իդրամ վճարային համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանի հարցազրույցից:

Կին ղեկավարի մասին

«Ես գտնում եմ, որ կին ղեկավար լինելու հանգամանքը ոչ մի պարագայում ստվեր չի գցում աշխատանքի որակի վրա. կան խնդիրներ, որոնք անխուսափելի են եւ չեն շրջանցում նաեւ տղամարդ ղեկավարներին, դրանք իրենց բնույթով ու ծավալով պայմանավորված չեն ղեկավարողի սեռական պատկանելիությամբ:

Կանայք ավելի նրբանկատ են, հոգատար եւ գիտակցաբար ստեղծում են հավասարակշիռ մթնոլորտ` ի նպաստ աշխատանքի արդյունավետության: Կարծում եմ՝ կին ղեկավարների ավելի շատ լինելը մեր օրերում դրական ազդեցություն կունենա»,- Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանի հարցազրույցից:  

1 միլիոն դոլարի մասին

«Եթե $1 մլն շահեի, գումարի մեծ մասը կնվիրաբերեի բարեգործությանը, օրինակ՝ դպրոցի վերանորոգում կամ քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն: Իսկ ինձ համար… Երեւի թե մի փոքրիկ պատկերասրահ կուզենայի ունենալ, որտեղ կկազմակերպվեին երիտասարդ նկարիչների եւ քանդակագործների ցուցադրություններ, հնչեր գեղեցիկ դասական, կենդանի կատարմամբ երաժշտություն` նպատակ ունենալով բացահայտել նոր անուններ»,- Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն (ՀՈՒՄԿ-IATC) կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանի հարցազրույցից:

Banks.am

Դիտում՝ 12771
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW