Կարեն Մարտիրոսյան. «Հայաստանում գերակշռում են հարուստ «աղքատները»»

19.11.2014 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Ես կպատմեմ ձեզ Wall Street-ում հարստանալու գաղտնիքը: Ուրեմն, փորձում ես ագահ լինել այն ժամանակ, երբ ուրիշները վախենում են, եւ փորձում ես վախենալ, երբ ուրիշներն ագահ են»:
                                                             Ուորեն Բաֆֆեթ, 20-րդ դարի ամենահաջողակ ներդրող

Հարստության կառավարումը ներդրումային խորհրդատվության տեսակ է, որը լայնորեն տարածված է ողջ աշխարհում: Ծառայության կարիքը զգում են հիմնականում հարուստ ընտանիքները եւ անհատները, ովքեր իրենց ունեցվածքի կառավարման կարիքն ունեն:Հայաստանում հարստության կառավարման խորհրդատվությունից օգտվող մեծահարուստների քանակի մասին վիճակագրություն գոյություն չունի: Ոլորտի բացերի եւ միտումների, ինչպես նաեւ հարստության սահմանների եւ արդյունքի մասին Banks.am-ը զրուցել է «Avenue Consulting Group» խորհրդատվական ընկերության բաժնետեր եւ ռազմավարական խորհրդատվական ծառայությունների ուղղության ղեկավար Կարեն Մարտիրոսյանի հետ:

- Պ-ն Մարտիրոսյան, ովքե՞ր են հարստության կառավարման ոլորտի խաղացողները եւ ի՞նչ մեխանիզմներ են նրանք կիրառում իրենց աշխատանքում:

- Պարբերաբար ոլորտի վերաբերյալ հետազոտություններ են կատարվում, եւ տարբեր խոշոր խորհրդատվական ընկերություններ փորձում են պարզել, թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը եւ որոնք են զարգացման միտումները: Ոլորտի խաղացողների համար այլեւս նպատակ եւ խնդիր է դարձել ոչ միայն առավել բարձրակարգ ծառայությունների մատուցումը, այլեւ արագ փոփոխվող միջավայրում այդ փոփոխություններին արձագանքելու կարողությունը եւ հօգուտ իրենց հաճախորդի որոշումների կայացումը:

Մասնավոր բանկային ծառայությունները հարստության կառավարման ծառայությունների միայն մեկ տեսակն են: Մյուս տեսակներից են հարուստ ընտանիքների ֆինանսների պլանավորումը, ներդրումային պորտֆելների ձեւավորումը, ունեցվածքի պլանավորումը եւ կառավարումը:

Նշեմ, որ ունեցվածք հասկացությունն ինքնին լայն շրջանակ է ենթադրում՝ սկսած անշարժ գույքից մինչեւ դրամական միջոցներ, ոսկի, հեղինակային իրավունքներ եւ այլն:

Հարստության կառավարման կարեւոր մաս է դիտարկվում իրավական եւ հարկային դաշտերի հետ կապված խորհրդատվության տրամադրումը, օրինակ` ինչպես կառավարել հարստությունը, որպեսզի նվազեցվեն հարկային ծախսերը: Ստիպված ես առնչվել տարբեր երկրների օրենսդրությունների հետ, քանի որ տեղի է ունենում հարստության տեղաշարժ, տեղափոխում օրենսդրական մեկ դաշտից մյուսը:

Պետությունների շրջանում վերջերս նկատվում է միտում՝ գրագետ ձեւով փակել օրենսդրական այն բացերը, որոնցից երբեմն շատ արդյունավետ օգտվում են պրոֆեսիոնալները եւ իրենց հաճախորդների համար լավագույն արդյունք ապահովում՝ հարկերի նվազեցման առումով: Ի դեպ, համաշխարհային շուկայում հետաքրքիր զարգացումեր են ի հայտ գալիս. աստիճանաբար ավելանում է կին  հաճախորդների քանակը: Նշանակում է՝ հարուստների կանայք սկսել են ավելի ակտիվ իրենց դրսեւորել՝ զբաղվելով  ընտանեկան ունեցվածքի կառավարմամբ:
 
- Արդյո՞ք հարստության կառավարման մեխանիզմներն այսօր լիարժեք գործածելի են հայաստանյան իրականությունում:

- Հայաստանում այդ ծառայությունը նոր է եւ միգուցե հատվածային ինչ-որ դրսեւորումներ ունի: Այդպիսի դրսեւորումներից կարելի է համարել Հայաստանում մատուցվող մասնավոր բանկային (private banking) ծառայությունները: Վերջիններս առաջարկվում են տարբեր բանկերի կողմից՝ հաճախորդներին հատուկ կարգավիճակ եւ ծառայություններ, խորհրդատվություն, ինչպես նաեւ անհատական մոտեցում ցուցաբերելու տեսքով: Ծառայությունը լավ զարգացած է հատկապես Արեւմուտքում: Օրինակ, Շվեյցարիայում են գործում աշխարհի խոշորագույն մասնավոր բանկային ծառայություններ առաջարկող ընկերությունները:

Հայաստանում, եթե անգամ կան նման հաճախորդներ, ովքեր օգտվում են հարստության կառավարման ինչ-որ ծառայություններից, խոսքը գնում է շատ պարզ ծառայությունների մասին, առավելագույնը՝ արտասահմանյան տարբեր ֆոնդային բորսաներում արժեթղթերի ձեռքբերում, իսկ ավելի բարդ ֆինանսական ծառայություններ մեր երկրում դեռ չեն մատուցվում:

Միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոֆեսիոնալներ են հարկավոր հարստության կառավարման ծառայություններ մատուցելու համար: Վերջերս Երեւանում կայացած Գերհարուստ համաժողովի (Ultra Wealthy Summit) նպատակն էր հավաքել բոլոր հետաքրքրված կողմերին, ովքեր կարող են դառնալ այն շուկայի հավանական խաղացողներ, որտեղ գործում են բանկերը, խորհրդատվական ընկերությունները, ֆինանսական հաստատությունները, ներդրումային ընկերությունները, վենչուրային հիմնադրամները: Փորձ էր արվում քննարկումներ ծավալել այն հարցի շուրջ, թե Հայաստանում ինչպես կարելի է ոլորտը զարգացնել: Ունեինք նաեւ հյուրեր արտասահմանից, ովքեր հարստության կառավարման ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ են: Մալթայից եւ Կիպրոսից ժամանած մասնագետները կիսվում էին իրենց փորձով, վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնում, մասնավորապես, կապված հարկային խնդիրների հետ:   

Հայաստանում տեղյակ չեմ այնպիսի հարուստների մասին, ովքեր կօգտվեն տեղական ընկերությունների ծառայություններից, բայց, հնարավոր է, օգտվում են արտասահմանյան ընկերությունների ծառայություններից:

Մեր երկրում ծառայության զարգացման համար հարկավոր են լուրջ պրոֆեսիոնալներ, ովքեր աշխարհում հայտնի կազմակերպությունների կողմից սերտիֆիկացված կլինեն, օրինակ, պորտֆելի կառավարիչներ, ֆինանսական խորհրդատուներ եւ այլն:

Հարստության կառավարման առումով հաճախորդներին պետք է դիտարկել ըստ այն սկզբունքի, թե իրենց ներդրումային հորիզոնը որքանով երկարաժամկետ է, այսինքն, որքան երկար են վերջիններս ցանկանում, որ իրենց ներդրած գումարները եկամուտ ապահովեն: Կարեւոր է նաեւ հաճախորդի եւ ծառայություն մատուցող ընկերության միջեւ վստահության գործոնը: Շահում են հատկապես այն ընկերությունները, որոնք հարստության կառավարման ոլորտում երկարամյա փորձ ունեն, կամ այն անհատները, որոնք այդ ընկերություններից են դուրս եկել եւ կարող են իրենց համար հաճախորդներ գտնել:

Աշխարհում հարստության կառավարման ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններն են UBS-ը, JPMorgan-ը, Credit Suisse-ը, HSBC-ն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, օրինակ, Avenue Consulting-ը որպես խորհրդատվական ընկերություն ոչ միայն կորպորատիվ ընկերությունների է սպասարկում, այլեւ ընկերությունների բաժնետերերի: Հետեւաբար, հարստության կառավարման որոշակի հարցեր մեր ընկերությունը փորձում է կարգավորել:
 
-Ովքե՞ր կարող են հարուստ կոչվել:

- Կան «հարուստ հարուստներ» եւ «հարուստ աղքատներ»: Հարուստ լինելը բացի նյութական հարստությունից ենթադրում է նաեւ, որ դու պետք է հոգեպես պատրաստ լինես այդ հարստությանը: Ըստ իմ անձնական դիտարկման, Հայաստանում ավելի շատ են «հարուստ աղքատները», քան «հարուստ հարուստները»: Հարստությունը պետք  է սերնդե սերունդ փոխանցվի, իսկ Հայաստանի անկախացման կարճ ժամանակահատվածում սերնդե սերունդ այդ փոխանցումը դեռեւս չի կատարվել, հետեւաբար, չենք կարող ասել, որ ունենք հարուստ հարուստներ: Հարստության ընկալման եւ կառավարման մշակույթի ձեւավորումը երկարաժամկետ գործընթաց է: Այս առումով Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:  

- Որո՞նք են հարստության ներկայիս հիմնական միտումները Հայաստանում:

- Հայաստանում, ցավոք, հարստության ընկալումը դեռեւս անշարժ գույքի հետ է ասոցացվում:  Պայմանավորված պատմականորեն ձեւավորված եւ սերնդե սերունդ փոխանցվող մի շարք գործոններով՝ հայերի մոտ առկա է անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ մեծ հակում, բայց  այն քիչ-քիչ կոտրվում է: Դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ մեր ավանդույթներն են տեղի տալիս, այլ պայմանավորված այն հանգամանքով, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը եւ մուտքը կենցաղ, բիզնես նպաստում է, որ մարդկանց մտածելակերպը աստիճանաբար փոփոխվի: Այստեղ պետք է դիտարկել նաեւ ոչ նյութական (վիրտուալ) հարստությունը: Հնարավոր է ունենաս, օրինակ, մեկ կայք, որը քեզ միլիոնավոր դոլարների եկամուտ կբերի եւ 15 շքեղ առանձնատան արժեք կունենա:

- Ինչպե՞ս ստեղծել եւ պահպանել հարստությունը:

- Չկա մարդ, ով չի ձգտում ավելիին: Հարուստ դառնալու համար պետք է լինել լավ տեղեկացված եւ ճիշտ օգտագործել այդ տեղեկատվությունը: Եթե ուսումնասիրենք խոշոր հարուստների կենսագրությունը եւ այն ճանապարհը, որով նրանք հարստացել են, կտեսնենք, որ այստեղ դեր է խաղացել ճիշտ տեղեկատվությանը տիրապետելու եւ տվյալ պահին ճիշտ որոշումներ կայացնելու գործոնը:

- Գոյություն ունի՞ փողի հետ շփման ռազմավարություն կամ մշակույթ, եւ ինչքանո՞վ են հայ մեծահարուստները տիրապետում դրան:

- Կան ներդրողներ եւ հարուստներ, ովքեր երկար են մտածում եւ հարստությունը կառավարում են որպես երկարաժամկետ խաղացողներ: Նրանք նախատեսում են, որ արդյունքը հնարավոր է ավելի ուշ երեւա: Կան նաեւ ներդրողներ, ովքեր, հակառակը, ավելի արագ արդյունք են ակնկալում: Ցավոք, Հայաստանում երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական եւ աշխարհաքաղաքական վիճակով եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ իրական հատվածում (օրինակ` արդյունաբերության մեջ) երկարաժամկետ ներդրումներ անել քչերն են պատրաստ: Հայաստանին հարկավոր են ներդրողներ, ովքեր իրենց գումարները պատրաստ կլինեն ստանալ ոչ թե, օրինակ, մեկ տարի հետո, այլ ավելի երկարաժամկետ կտրվածքում եւ ավելի կայուն պայմաններով:  

- Յուրաքանչյուր երկրում էլ կան հարուստներ եւ աղքատներ: Բայց որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում, կարծես թե երկու խավերի միջեւ անդունդը չափազանց խորացել է: Ո՞րն է պատճառը: Եվ արդյո՞ք միջին խավ երեւույթը վերացման վտանգի տակ է Հայաստանում:  

- Հայաստանում առկա է սահմանափակ քանակությամբ միջին խավ, բայց դա բավարար չէ, որպեսզի հարուստների եւ աղքատների միջեւ ճեղքը ինչ-որ չափով փակվի: Լուծում կարող է լինել պետության առավել ակտիվ դերակատարությունը: Վերջինս պետք է կարողանա իր գործողություններով նպաստել միջին խավի ձեւավորմանը եւ աղքատության շեմին գտնվող մարդկանց նվազագույն պահանջների ապահովմանը, ինչպես Խորհրդային միության տարիներին էր:

- Հայ մեծահարուստները շռա՞յլ են, թե՞ տնտեսող:

- Հարուստները երբեք շռայլ չեն լինում. եթե շռայլ լինեին՝ հարուստ չէին լինի: Նրանք գիտեն իրենց հարստության արժեքը: Բայց կան «հարուստ հարուստներ», ովքեր կարողանում են իրենց հարստությունը ճիշտ օգտագործել՝ ի շահ հասարակության: Դրանք այն անհատներն են, ովքեր կամ ժառանգել են այդ հարստությունը, կամ կուտակել են իրենց մտավոր ունակությունների եւ մարդկային հատկանիշների շնորհիվ: Բայց եթե ցանկանում ես երկարաժամկետ հարուստ լինել, նաեւ պետք է որոշակի օգուտ տաս հանրությանը:

- Երջանկությունը փողի մեջ չէ, այլ… Այսպես շատ հաճախ ասում են հենց հարուստները, կամ էլ ոչ հարուստները, ովքեր այս խոսքերով փորձում են սեփական ծուլությունն արդարացնել: Իրականում երջանկությունը հարստությա՞ն մեջ է:

- Փողը, որպես նյութական միջոց, երջանկություն երեւույթի հետ կապ չունի, բայց կան մարդիկ, ովքեր իրենց երջանիկ են զգում, երբ փող են վաստակում: Փող վաստակելու գործընթացը եւ փող ունենալու գործընթացը տարբեր են: Կարող ենք ասել, որ փողը անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է երջանիկ լինելու համար:

Կարեն Մարտիրոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 5795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW