2013 թ-ին հիմնված Գրանատուս Վենչուրսը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է: Այն ֆինանսավորում, խորհրդատվություն եւ կապերի լայն ցանց է տրամադրում Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ եւ խոստումնալից ընկերություններին:Ընկերությունը գրասենյակներ ունի Հայաստանում, Լոնդոնում եւ Սինգապուրում: Վերջերս Նյու Յորքում կայացած Արմտեք համաժողովի ընթացքում Գրանատուս Վենչուրսը հայտարարել էր երկու հայկական ստարտափների $100 հազ. եւ $500 հազ. ֆինանսավորում տրամադրելու մասին: Գրանատուս Վենչուրս ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանի հարցազրույցը Banks.am-ին:- Պ-ն Հերգնյան, վերջերս հայտնի դարձավ Գրանատուս Վենչուրս-ի կողմից՝ SoloLearn եւ Wicastr ընկերությունների ֆինանսավորման մասին: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը: - Վենչուրային հիմնադրամներում գաղափարների ներկայացման եւ գնահատման գործընթացը տեղի է ունենում անընդհատ: Ըստ էության, վենչուրային հիմնադրամները հեռանկարային նախագծերի, գաղափարների փնտրման, հայտնաբերման եւ աջակցման յուրահատուկ մեխանիզմներ են: Մենք, այսպես կոչված, վաղ փուլի ներդրումային հիմնադրամ ենք` ներդրում ենք այն փուլում, երբ առկա է արտադրանքի նախատիպը՝ փորձարկված որոշակի սպառողների շրջանակում, սակայն դեռեւս չկա եկամուտ, կամ էլ այն փոքր է:Մեկ ընկերությանը տրամադրվող ֆինանսավորման չափը կարող է տատանվել $100 հազ. - $500 հազ. սահմաններում, որը կարող է տրամադրվել փուլերով: Ի դեպ, մեկ ընկերությանը տրամադրվող ֆինանսավորումը հետագայում կարող է ավելանալ՝ կախված զարգացումներից եւ հետագա ֆինանսավորման փուլերից: Մեր հիմնադրամը փնտրում է նախագծեր, որոնք բավարարում են մի քանի կարեւոր չափանիշների: Առաջինը թիմն է: Նորարարական ոլորտում սկսնակ ձեռնարկությունների համար նախնական փուլում գոյություն ունեն մեծ թվով անորոշություններ: Իրականությունը միշտ շատ հեռու է լինում բոլոր տեսակի նախնական պլաններից։ Կարող է փոխվել ամեն ինչ՝ բիզնես մոդելից մինչեւ արտադրանքի տեսակը: Հիմնադիր թիմն անցնում է այդ ողջ ճանապարհը, եւ ամեն ինչ կախված է տվյալ թիմից ու գաղափարներն իրագործելու վերջինիս գործնական կարողություններից: Թիմի կարողություններ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն տեխնոլոգիական նոր լուծումներ առաջարկելու ունակությունները, այլեւ կարողությունների մի ներդաշնակ փունջ, որն անհրաժեշտ է մասշտաբային բիզնես կառուցելու համար: Սա պետք է ներառի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են բիզնեսի զարգացումը, ֆինանսավորման հայթայթումը եւ այլն:Մյուս կարեւորագույն չափանիշն առաջարկվող լուծման նորարարական բաղադրիչն է: Նախ, շատ կարեւոր է, որպեսզի գաղափարն արտացոլի ապագայի, այլ ոչ թե անցյալի խնդիրները՝ հաշվի առնելով ապագայի տեխնոլոգիական միտումները, սպառողական շուկաների եւ մարդկանց վարքագծի հնարավոր փոփոխությունները: Մյուս կողմից, այդ խնդիրները հասցեագրելիս՝ նման լուծումները պետք է իրենց շուկայում որոշակի բարենպաստ դիրքավորման հնարավորություն տան: Մեզ համար շատ կարեւոր գործոն է նաեւ այն, որ առաջարկվող լուծումները թիրախավորեն մասշտաբային շուկաներ, որպեսզի հնարավոր լինի ընկերության արժեքը ապագայում բազմապատկել:Այդ երկու ընկերություններն ընտրվեցին՝ պայմանավորված հենց այս չափանիշներով: Պետք է նշեմ, որ ֆինանսավորման պայմանները, ռազմավարությունը եւ հետագա հնարավորությունները քննարկելիս՝ երկար ճանապարհ ենք անցել: Շատ կարեւոր է, որպեսզի նմանատիպ ընկերությունները հետագայում առավել խոշոր ֆինանսավորում ներգրավելու հեռանկար ունենան: Խոսքը ոչ միայն մեր կողմից, այլեւ ուրիշ աղբյուրներից հետագա ֆինանսավորման հնարավորությունների մասին է: Իրականում գլոբալ տեխնոլոգիական սկսնակ ընկերությունները հաջողության ճանապարհին՝ մինչեւ շահութաբերության հասնելը կամ բորսայում ցուցակվելը, կամ էլ խոշոր ռազմավարական գնորդին վաճառվելը, կարող են ունենալ ֆինանսավորման մի քանի փուլեր: Որպես վենչուրային հիմնադրամ, մեր նպատակն է տեսնել նաեւ ելքի հնարավորությունները: Այո, մենք ներդրում ենք կատարում, բայց նաեւ դիտարկում ենք, թե ում կարող է նմանատիպ ընկերությունը հետաքրքրել եւ ում հետագայում հնարավոր կլինի մեր մասնաբաժինը վաճառել: Ընտրությունը բավական երկար գործընթաց է ենթադրում: Մի քանի հարյուր նախագիծ ես նայում, մի մասն ընտրում ես, մի քանիսն անցնում է բանակցությունների որոշակի փուլ՝ մինչեւ ռազմավարության հստակեցում եւ վերջնական պայմանավորվածության հաստատում:Մեր հիմնադրամի մանդատի տեսանկյունից կարեւոր է նաեւ, որպեսզի այդ ընկերությունների արժեքի ստեղծման կարեւորագույն մասերը իրականացվեն Հայաստանում, ինչը կնպաստի, որպեսզի վերջինս դառնա տեխնոլոգիական նոր լուծումների կենտրոն: Հիմնադրամի առաքելությունը հենց դա է:- Գրանատուս Վենչուրսի օրինակի վրա մանրամասնեք, խնդրում եմ, վենչուրային ֆինանսավորման մեխանիզմի առանձնահատկությունները: Արդյո՞ք ձեր դեպքում գործում է վենչուրային կապիտալի դասական մոդելը, թե՞, այնուամենայնիվ, այն ադապտացված է հայաստանյան իրականությանը/օրենսդրությանը: -Վենչուրային հիմնադրամները ֆինանսավորում են նախնական բարձր ռիսկային փուլում գտնվող, բայց միաժամանակ բարձր եկամտաբերության ակնկալիքով տեխնոլոգիական նախագծեր: Բարձր տեխնոլոգիական ոլորտի ֆինանսավորման շղթայի մեջ կարելի է առանձնացնել հետեւյալ բաղադրիչները: Ամենանախնական փուլում ձեռներեցն է՝ իր սեփական, ընկերների, բարեկամների, երբեմն գրանտների միջոցներով, հետո գալիս են այսպես կոչված «բիզնես հրեշտակները», ովքեր շատ արագ որոշումներ կայացնող եւ բարձր ռիսկային փուլում ներդրումներով հանդես եկող անհատներ են: Ապա գալիս են ավելի վաղ փուլի վենչուրային հիմնադրամները, որոնցից է նաեւ Գրանատուսը: Գոյություն ունեն ավելի ուշ փուլի վենչուրային հիմնադրամներ եւս, որոնք ավելի պակաս ռիսկայնության եւ ավելի մեծ չափերի ծրագրեր են ֆինանսավորում: Դրան հաջորդում են բաժնեմասնակցային հիմնադրամները (private equity), ռազմավարական ներդրողները, եւ վերջում՝ կապիտալի հանրային շուկաները: Ինչքան ավելի վաղ է իրականացվում ներդրումը, այնքան ավելի բարձր է ակնկալվող եկամուտը: Որպես կանոն, վենչուրային հիմնադրամների կողմից կատարված 10 ներդրումներից միայն 1-2-ն է էական հաջողություն գրանցում, բայց հենց այդ երկու հաջողված ներդրումների եկամուտները կարող են փակել մնացած ներդրումների անհաջողությունները: Գրանատուս Վենչուրսը կառավարող ընկերություն է, որը ստեղծել է առաջին հայկական դասական վենչուրային հիմնադրամը Գրանատուս Վենչուր Ֆոնդ I-ը՝ գրանցված ՀՀ ԿԲ-ում: Բնականաբար, մեր գործունեության վրա իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի առանձնահատկությունները: Օրինակ, որոշակի հանգամանքներից ելնելով՝ Հայաստանում ձեռներեցները նախընտրում են մտավոր սեփականությունը դրսում գրանցել` Հայաստանում իրականացնելով հիմնականում արտադրանքի մշակման եւ հետազոտության գործառնությունները: Պատճառներից է բիզնես միջավայրի զարգացման մակարդակը, կորպորատիվ իրավունքի հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, վաղ փուլի վենչուրային ֆինանսավորման ամենատարածված գործիքներից մեկը՝ փոխարկելի պարտքային գործիքների կիրառումը, Հայաստանում ունի որոշակի օրենսդրական սահմանափակումներ: Բաժնետերերի միջեւ պայմանագրերի` միջազգային պրակտիկայում շատ ընդունված դրույթներ Հայաստանում անգործադրելի են: Բայց կա նաեւ մեկ այլ կարեւոր պատճառ. տեխնոլոգիական սկսնակ ընկերությունները ֆինանսավորման մի քանի շրջափուլեր են անցնում: Հաջորդ փուլերում անհրաժեշտություն է առաջանում ֆինանսավորում ներգրավել միջազգային վենչուրային հիմնադրամներից: Վերջիններս նախընտրում են ներդրումային գործարքները ձեւակերպել իրենց հայտնի եւ զարգացած կորպորատիվ իրավունք ունեցող երկրներում: Սրան գումարած, մենք մի փոքր կտրված ենք գլոբալ տեխնոլոգիական կենտրոններից, եւ մեր ձեռներեցներից ավելի մեծ ջանք է պահանջվում շուկայի զարկերակը հասկանալու համար: Բացի այդ, մենք սահմանափակ ինժեներական կադրերի հիմնախնդիր ունենք: Վենչուրային նախագծերի հաջողության համար շատ կարեւոր է նորարար գաղափարների եւ նախագծերի անընդհատ հոսքը, որպեսզի դրանք մաղելով՝ ընտրվեն լավագույնները: Այսօր Հայաստանում գաղափարների մակարդակը եւ որակը գնալով բարձրանում է, բայց մասշտաբային հոսք դեռեւս չկա: Այդ է պատճառը, որ մենք դիտարկում ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում ձեւավորված նախաձեռնություններ, բայց, միեւնույն ժամանակ, վերջիններս պետք է պատրաստ լինեն Հայաստան տեղափոխել իրենց գործունեության էական մասը: - Հիմնադրամն ունի՞ ոլորտային նախապատվություններ:- Մեր գլխավոր ուղղությունը բարձր տեխնոլոգիաներն են, որը բավական լայն ընդգրկում ունի՝ բիոտեխնոլոգիաներից եւ ինժեներական լուծումներից մինչեւ ՏՏ: Սակայն գործնականում առավել մեծ շեշտադրում կա ՏՏ ոլորտի վրա (ամպային տեխնոլոգիաներ, բջջային հավելվածներ, ձեռնարկությունների համար ծրագրային լուծումներ, էլեկտրոնային առեւտուր եւ այլն), քանի որ այն շատ ավելի զարգացած է Հայաստանում, առավել դինամիկ է, հետեւաբար՝ իրագործելի նախագծերն ավելի շատ են: Բացի այդ, այստեղ պահանջվող կապիտալն ավելի փոքր է, իսկ արտադրանքի ցիկլը՝ ավելի կարճ: Մյուս կողմից, մենք՝ որպես կառավարիչներ, ներդրում ենք կատարում միայն այնպիսի ոլորտներում, որոնք կարող ենք հետազոտել, հասկանալ: Պետք է հասկանանք ոլորտը, այն, թե ինչպես է բիզնեսը աշխատում: - Ի՞նչ ֆինանսական միջոցների հաշվին է ձեւավորվում Գրանատուս Վենչուրսի կապիտալը, եւ որո՞նք են ռիսկերի կառավարման մեխանիզմները: - Հիմնադրամի կապիտալի մինչեւ $3 մլն-ը (բայց ոչ ավելի քան 50%-ը) Համաշխարհային բանկը տրամադրում է ՀՀ կառավարությանը, որն էլ ներդրում է կատարում հիմնադրամում: Մնացած գումարը ներդրել են մասնավոր ներդրողներ (հիմնականում՝ ազգությամբ հայեր) Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից: Մենք որպես կառավարող ընկերություն նույնպես ներդրող ենք: Վենչուրային հիմնադրամը վստահության վրա հիմնված բիզնես է, եւ ներդրողների համար կարեւորագույն գործոնը հիմնադրամի կառավարիչների նկատմամբ վստահությունն է: Կարեւոր շարժառիթներ են նաեւ երկրում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացմանը նպաստելը եւ Հայաստանը զարգացած տեխնոլոգիաների կենտրոն տեսնելու ցանկությունը: Վենչուրային կապիտալը ամենառիսկային ներդրումային ոլորտն է, որի հիմնական գաղափարն այն է, որ ռիսկը դիվերսիֆիկացվում է մի շարք բարձր ռիսկային ընկերությունների պորտֆել ձեւավորելու միջոցով: Բացի այն, որ նախագծերը մանրամասն դիտարկվում են, համաշխարհային վենչուրային ոլորտում տարիների ընթացքում ձեւավորվել են նաեւ որոշակի չափանիշներ եւ ներդրման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կառավարել ռիսկերը: Ունենք դիտորդական կոմիտե՝ բաղկացած ներդրողների ներկայացուցիչներից, որը վերահսկում է ընդհանուր ֆոնդի կողմից ընկերությունների գնահատման մոտեցումները եւ շահերի բախման իրավիճակները: Ներքին գործընթացների բոլոր կանոնակարգերը հաստատվում են Համաշխարհային Բանկի կողմից՝ համապատասխան ոլորտում լավագույն համաշխարհային պրակտիկայի հիման վրա: Հիմնադրամում գործում է նաեւ, այսպես կոչված, գլոբալ խորհրդակցական ցանց, որն ունի 15 անդամ: Վերջիններս փորձառու վենչուրային ներդրողներ, տեխնոլոգիական ձեռներեցներ եւ փորձագետներ են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ասիայից: Նրանց մեջ կան Google, Twitter, Goldman Sachs եւ մի քանի այլ հայտնի ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդիկ: Նրանք օժանդակում են մեզ՝ ընկերությունների պոտենցիալը գնահատելու, ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ ֆինանսավորում ստացած ընկերությունների զարգացումն ապահովելու գործում: - Ներկայացրեք, խնդրում եմ, կառավարող ընկերությունում Ձեր գործընկերներին: - Կառավարող ընկերության գործընկերներն են հայկական ծագումով Պիեռ Հեննեսը, ով փորձառու վենչուրային ներդրող է: Վերջինս Սինգապուրում հիմնադրել եւ ղեկավարել է երեք նմանատիպ վենչուրային հիմնադրամ: Դրանցից մեկը գործում էր այն նույն սխեմայով, ինչ եւ Գրանատուսը: Մյուս գործընկերը Երվանդ Սարգսյանն է, ով աշխատել է տարբեր բարձր տեխնոլոգիական ընկերություններում (խոշորագույն Accenture-ից մինչեւ ստարտափեր), ինչպես նաեւ ներդրումների ոլորտում՝ Հայաստանում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Նա նաեւ տեխնոլոգիական ձեռներեց է: Կարծում եմ, վենչուրային բիզնեսում հաջողությունն էապես կախված է կոլեկտիվ ջանքերից եւ համագործակցային հնարավորություններից: Հետեւաբար, ներդրումային որոշումների տեսանկյունից մեզ համար կարեւոր են ոչ միայն իմ կողմից նշված դիտորդական կոմիտեն, խորհրդակցական ցանցը, այլեւ, այսպես կոչված, գաղափարի արտաքին «վավերացումը»: Մասնավորապես, կարեւորում ենք արտասահմանյան վենչուրային հիմնադրամների եւ «հրեշտակ ներդրողների» հետ համաներդրման հնարավորությունները, ինչպես նաեւ սերտացող կապերը նոր տեխնոլոգիաների զարգացման առաջատար կենտրոնների, մասնավորապես, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Սթենֆորդի, Օքսֆորդի եւ մի շարք այլ համալսարանների հետ:Մանուկ Հերգնյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը: Tweet Դիտում՝ 9995