Ինժեներ-հետազոտող Արմեն Ադամովը երեք տարի առաջ է վերադարձել Հայաստան եւ այս ընթացքում մշակել պիրոլիզային վառարանների գաղափարը (Ադամովի վառարան), որի արդյունքում ջերմոցների տաքացման համար ծախսերը առնվազն կրկնակի պակասում են: Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Արմեն Ադամովը, 50 պիրոլիզային արտադրամասեր բացելու պարագայում Հայաստանում 2-3 տարվա ընթացքում 1000-ից ավել նոր աշխատատեղեր կարող են բացվել: Նա նշել է, որ նման մեկ արտադրամաս բացելու համար հարկավոր է $50-100 հազ.:Ադամովի վառարանի հիմքում ընկած է պիրոլիզային գործընթացը: Պիրոլիզը ջերմաստիճանի ներգործությամբ եւ առանց թթվածնի նյութերի կազմալուծման գործընթաց է: Հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ ցանկացած աղբ վառարանում կարող է ամբողջովին եւ առանց ծխի այրվել: Այդօրինակ վառարաններում հնարավոր է այրել ամեն ինչ, ընդհուպ մինչեւ 10 ժամ շարունակ առանց ծխի այրել անվադողեր: Ըստ գյուտարարի, այն ստեղծված է գիտական բազայի հիման վրա եւ չունի նմանօրինակ:Արմեն Ադամովը նման սկզբունքով աշխատող 4 վառարան է պատրաստել, բայց այս պահին նորարարությունը զարգացնելու եւ հետագա քայլերին անցնելու համար աջակիցների կարիք ունի: «Ցանկանում եմ մարդկանց ապացուցել, որ կենցաղային աղբի 50-70%-ը հիանալի վառելանյութ է: Հավանաբար տեղյակ եք, որ գազի կալորիականությունը Հայաստանում գնալով նվազում է, եւ հատկապես ձմռանը ջերմոցները վնասով են աշխատում: Իմ նպատակն է ստեղծել Ադամովի վառարանների արտադրություն, որի ամբողջական նկարագրությունը կարելի է գտնել կայքում գրված իմ հոդվածներում: Պատրաստվում ենք վառելանյութի ծախսը պակասեցնելով ստեղծել ոչ շատ մեծ ծավալի եւ առավել մատչելի արժեքով պիրոլիզային վառարաններ, որոնք մասնավոր ձեռնարկատերերը կկարողանան ձեռք բերել եւ օգտագործել` վերամշակելով աղբը»,- նշել է Ադամովը: Արմեն Ադամովը նշում է, որ կես տարի է անհրաժեշտ նկատելի արդյունքի հասնելու համար, իսկ արդեն մեկ տարի հետո հնարավոր է հետ բերել ներդրված գումարները: «Տվեք ինձ որեւէ ջերմոց, որտեղ ես կարողանամ աղբի մասնակի վերամշակման համար կետ ստեղծել: Ամբողջ ընթացքում ջերմոցն ամբողջովին մաքուր է մնում: Այդ օրինակով ես ցույց կտամ իմ նորարարությունների արդյունավետությունը»,- ասել է Ադամովը` հավելելով, որ կարող է նույն գյուտը ներկայացնել նաեւ այլ երկրներում, բայց ցանկանում է առաջին քայլը հենց հայրենիքում անել:Ինժեներ-հետազոտողի խոսքով, իր մյուս հայտնագործությունները կյանքի կոչելու համար իրեն լաբորատորիա եւ հատուկ պայմաններ են անհրաժեշտ. հենց այդ նպատակով էլ փնտրում է վենչուրային հիմնադրամ, որը կհետաքրքրվի իր նորարարական գաղափարներով:Նարինե Դանեղյան Tweet Դիտում՝ 9927