«Բի-Էս-Սի»-ն հրատարակել է նոր գիրք` «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»

25.10.2010 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Բի-Էս-Սի» ընկերությունը հրատարակել է «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գրքի երրորդ, լրամշակված տարբերակը, որը մշակվել է` հիմնվելով ընկերության Հայաստանի մասնավոր բիզնեսի հազարավոր ձեռնարկությունների հետ աշխատանքի 16-ամյա փորձի վրա, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Բի-Էս-Սի» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, գիրքն ուղղված է բավականին լայն լսարանի. սկսնակ եւ գործող գործարարներից մինչեւ բիզնեսի տեսաբանների եւ ուսանողների: Գրքի նախորդ հրատարակումները (2003թ. եւ 2005թ.) որոշ բուհերում օգտագործվել են նաեւ որպես ձեռնարկատիրական դասագիրք:

«Գրքում, որը բաղկացած է 15 բաժիններից եւ 75 ենթաբաժիններից, մենք փորձել ենք տալ հետեւյալ հարցերի մանրամասն պատասխանները. սկսել սեփական բիզնես, թե աշխատել մասնագիտությամբ, արդյոք  բիզնես գաղափարը համապատասխանում է ժամանակակից շուկայի պահանջներին, ինչպես իրականացնել շուկայի հետազոտություն եւ մշակել բիզնես-պլան, ինչ է ընկերության եւ անձնակազմի արդյունավետ կառավարումը, որոնք են բիզնեսի ֆինանսավորման օպտիմալ աղբյուրները»,- ընդգծել է Սամվել Գեւորգյանը:

Գրքի 304 էջերում ներկայացված են նաեւ բիզնեսի իրավական կարգավորման այնպիսի հարցեր, ինչպիսիք են հաշվապահական հաշվառումը, հիմնական պայմանագրերի տեսակները եւ նրանցից բխող հարկային պարտավորությունները, հարկերի եւ սոցիալական վճարների տեսակները, կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու կարգը եւ ձեռնարկությունների իրավական պաշտպանվածության մեխանիզմները:

Առանձին բաժին նվիրված է կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության քաղաքականության մշակմանը:

«Բի-Էս-Սի»-ի ղեկավարի գնահատմամբ, գրքի արժեքն այն է, որ բավականին մեծ թվով գործնական եւ իրական օրինակներ են ներկայացված հայկական ընկերությունների փորձից:
 
«Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը հրատարակվել է 1500 օրինակով եւ վաճառվում է Երեւանի բոլոր գրախանութներում: Ընկերությունը բանակցում է մարզային գործընկերների հետ` գիրքը մարզերում տարածելու նպատակով:

Գրքի մանրամասն նկարագրությունը ներկայացված է http://books.bsc.am կայքում:

Դիտում՝ 21057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW