Facebook-ի կապիտալիզացիան մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել է $58 մլրդ-ով՝ ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը ամերիկյան բորսային շուկայում նախորդ երկուշաբթի կազմում էր $177,1, իսկ արդեն ուրբաթ օրվա ավարտին՝ $159,39։Pivotal Research-ի առաջատար վերլուծաբան Բրայան Ուիզերի կարծիքով՝ ներդրողները զգուշանում են վերահսկող կառույցների ուշադրության ավելացումից, գրում է Banki.ru-ն։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Cambridge Analytica ընկերությունը կարողացել է «տիրանալ» Facebook-ի մոտ 50 մլն օգտատերերի անձնական տվյալներին, որոնք օգտագործվել են ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ հօգուտ Դոնալդ Թրամփի քարոզչության:2012-ին՝ բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ժամանակ, շուկան սոցիալական ցանցը գնահատել էր $104 մլրդ։ Օգտատերերի մշտական ավելացման եւ թվային գովազդի շուկայում առաջատար դիրքեր գրավելու շնորհիվ՝ մեկ բաժնետոմսի արժեքը սկզբնական $38-ից աճել էր եւ արդեն 2018թ. փետրվարին կազմել $190։ Սակայն, ինչպես կարծում է Բրայան Ուիզերը, առաջիկա ամիսներին մեկ բաժնետոմսի արժեքը կարող է ընկնել մինչեւ $152։Անցած շաբաթ գովազդի տեղադրումը Facebook-ում դադարեցրել էին Mozilla-ն եւ Commerzbank-ը, իսկ Իլոն Մասկը սոցիալական ցանցից հեռացրել էր SpaceX եւ Tesla ընկերությունների պաշտոնական էջերը։ Tweet Դիտում՝ 5556