Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է շուրջ 91 մլրդ դրամով կամ 12,7%-ով՝ կազմելով շուրջ 807,4 մլրդ դրամ: ՀՀ ամենախոշոր հարկատուի դիրքը շարունակում է զբաղեցնել «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ այս անգամ 39,7 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 6,3%-ով:Երկրորդ հորիզոնականում, ինչպես եւ նախորդ տարի, «Գրանդ Տոբակո» ընկերությունն է: Վերջինս հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 34,8 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության 2016թ. ցուցանիշը մոտ 54%-ով:Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝ 22 մլրդ դրամ հարկերով, ինչը 27,6%-ով գերազանցում է նրա նախորդ տարվա ցուցանիշը:21,5 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «Ալեքս Հոլդինգ»-ն է: Ընկերությունը գործում է 2016-ի օգոստոսից եւ 2016թ. հունվար-դեկտեմբերին, ընդհանուր առմամբ, վճարել էր 1,2 մլրդ դրամի հարկ: Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը, 2017թ. հունվար-դեկտեմբերի տվյալներով, վճարել է 18,7 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել են, եւ ընկերությունը 16-րդից դարձել է 5-րդ հարկատուն: Հարկատուների տասնյակում է նաեւ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը 13,5 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ՝ 43,5%) հայտնվել է 6-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 13-ի փոխարեն: 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 12,6 մլրդ դրամ (անկում՝ 8,65%), «Ֆլեշ»-ը՝ 12,5 մլրդ դրամ (աճ՝ 14,2%), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ շուրջ 12 մլրդ դրամ (աճ՝ 28,7%) եւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 11,6 մլրդ դրամ (աճ՝ 25,5%): Tweet Դիտում՝ 2378