Ենոքավան գյուղում դեկտեմբերի 22-ին՝ էներգետիկների միջազգային օրը, բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրակայանը: «Արեւային կայանի բացումը առաջընթաց է դեպի էներգետիկ անվտանգություն։ Դա հնարավորություն է օգտագործելու վերականգնվող էներգիայի Հայաստանի մեծ ներուժը եւ ապահովելու մեր երկրի էներգետիկ անկախությունը: Նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ մառախուղի ժամանակ, կայանն արտադրում է 147 կՎտ էլեկտրաէներգիա»,- ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:Ենոքավանում բացված արեւային կայանն ունի 147 կՎտ դրվածքային հզորություն։ Այն կարող է արտադրել տարեկան մինչեւ 208 000 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Գործարկման արդյունքում կխնայվի ամսական միջինը 745 հազ. դրամ եւ 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: Տավուշի մարզում արեւի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, ինչը 1,5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։ «Հպարտ ենք, որ ԱԳԲԱ Լիզինգն է իրականացրել Տավուշի մարզի ամենահզոր ֆոտովոլտային կայանի ֆինանսավորումը: Մենք մաքուր էներգետիկայի ոլորտում իրականացրել ենք մեծ թվով նախագծեր. արդյունքը գոհացուցիչ է, քանի որ ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ կարողացել ենք արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:«Սոլարոն»-ի տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանն էլ ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին «ամենահայկական» կայանն է՝ նախագծումը, վահանակների արտադրությունը եւ տեղադրման աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները: Արեւային էլեկտրական կայանը տեղակայված է Ենոքավան գյուղի «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում: Կայանը տեղադրվել է «Սոլարոն»-ի կողմից, իսկ ֆինանսավորումն իրականացրել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ը՝ KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով: Tweet Դիտում՝ 7595