Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ամփոփել եւ ընտրել է զբոսաշրջության զարգացման նպատակով հայտարարված «Ձեւափոխի՛ր» մրցույթի 3 լավագույն ծրագրերը։ Ինչպես հայտնել են հիմնադրամում, առաջին մրցանակը՝ $15 հազ-ին համարժեք դրամի հավաստագիրը, հանձնվել է «Էկո-տնակները Հայաստանում» ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է զարգացնել Խուստուփից Սանահին եւ Հաղպատի վանքեր տանող, Հայաստանի պատմական եւ բնապատկերային վայրերը կապող զբոսաշրջային ուղին: Երկրորդ մրցանակը՝ $10 հազ-ին համարժեք դրամի հավաստագիրը, հանձնվել է «ՍեւԱփ հանգստյան գոտի» ծրագիրը ներկայացնող խմբին, որը հեղինակել է Շորժա գյուղից 7 կմ հեռավորության վրա հանգստյան գոտու կառուցման եւ շահագործման հայեցակարգ։ Երրորդ մրցանակը՝ $5 հազ-ին համարժեք դրամի հավաստագիրը, հանձնվել է «Երեւանյան լիճ սմարթ պարկ» համալիրի ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է ստեղծել ժամանցի լայն ընտրություն զբոսաշրջիկների եւ տեղացիների համար։ Հիմնադրամում տեղեկացրել են, որ միջազգային եւ պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված ժյուրին լավագույն 5 ծրագրերն ընտրել էր՝ նախ դիտարկելով առաջին փուլում Հայաստանից ու Սփյուռքից ներկայացված 60 գաղափարներ, իսկ հաջորդ փուլերում արդեն քննարկելով դրանցից 20 լավագույն բիզնես ծրագրերը։ «Անկախ վերջին փուլի արդյունքներից՝ մրցույթի ավարտից հետո Հայաստանի զարգացման հիմնադրամն օգնելու է 3-րդ փուլ անցած բոլոր 5 թիմերին՝ մշակելու եւ փաթեթավորելու ծրագրերը, ինչպես նաեւ գտնելու ներդրողներ՝ իրականացման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Tweet Դիտում՝ 17676