Արմավիրի մարզի Շենիկ համայնքում այսօր կայացել է «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արեւային էլեկտրակայանի բացումը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԳԲԱ Լիզինգ» եւ «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ: Շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3,5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է $750-800 հազ.: Շինարարության ընթացքում ստեղծվել է 70 աշխատատեղ, աշխատակիցները ներգրավվել են հարակից համայնքներից եւ գյուղերից: «Կայանը բաղկացած է 3 124 պոլիկրիստալային արեւային վահանակներից եւ 37 արեւային ինվերտորներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն»,- ասված է հաղորդագրությունում: Վարչապետի խոսքով՝ արեւային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, եւ արեւային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին: Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ նույն համայնքում «Սպայկա» ընկերության հիմնած ինտենսիվ այգիներ, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին եւ ընդլայնման հեռանկարներին: Վարչապետին ներկայացվել է, որ շուրջ 30 հա կեռասի եւ 22 հա ծիրանի այգիներն ամբողջովին ոռոգվում են կաթիլային եղանակով, որը «բավական արդյունավետ է եւ մոտ 8-10 անգամ նվազեցնում է ոռոգման համակարգի ծախսատարությունը»: Tweet Դիտում՝ 7697