Հայաստանը Մրցունակության զեկույցում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

27.09.2017 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մրցունակության զեկույց #Սեւակ Հովհաննիսյան #Մանուկ Հերգնյան
Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2017-2018»-ում (ՄՀԶ) Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը` զբաղեցնելով 73-րդ տեղը 137 երկրների շարքում:

Այս մասին այսօր հայտնել են Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները:

Կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով՝ արձանագրված ցուցանիշը ռեկորդային է Հայաստանի համար:

Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել «առողջապահություն» եւ «տարրական կրթություն» (55-րդ տեղ, աճ՝ 38 կետով) հենասյունում՝ հիմնականում կապված տարրական կրթության ներգրավվածության ցուցանիշի բարելավումով:

Առաջընթաց կա նաեւ «նորարարություն» (70-րդ տեղ, աճ՝ 17 կետով), «գործարարության կատարելագործվածություն» (68-րդ տեղ, աճ` 13 կետով), «ինստիտուտներ» (55-րդ տեղ, աճ` 11 կետով) եւ «ապրանքների շուկայի արդյունավետություն» (35-րդ տեղ, աճ` 10 կետով) հենասյուներում:

Սեւակ Հովհաննիսյանի խոսքով՝ նոր կառավարության կողմից հանրային կառավարման ոլորտում նախաձեռնությունները ձեւավորել են դրական սպասումներ բիզնեսի մոտ:
    
Բացի այդ, դրական տեղաշարժ կա «ֆինանսական շուկաներ» հենասյունում՝ պայմանավորված շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցմամբ եւ անձնական տվյալների պաշտպանության համակարգի ներդրմամբ:

Մինչդեռ ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը շարունակում է վատթարանալ:

Հայաստանի մրցունակության վրա իր բացասական ազդեցությունն է թողել առավելապես մակրոտնտեսական միջավայրի ցուցանիշը (101-րդ տեղ, անկում` 13 կետով)՝ պայմանավորված Հայաստանում տեւական ժամանակ ձեւավորված գնանկումային միջավայրով: Հայաստանում 2016-ին գրանցվել է 1,4% գնանկում, որը զսպող ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա:

«Մակրոտնտեսական միջավայրում դրական տեղաշարժ տեսնելու համար բիզնեսի դրական սպասումները պետք է տրանսֆորմացնել ավելի ակտիվ ներդրումային գործունեության: Ըստ էության, դրանից է կախված, թե հետագայում ինչպիսի դինամիզմ կարձանագրվի տնտեսության մեջ: Կարծում եմ՝ դրա նախադրյալները ստեղծված են»,- նշել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերներն են աղքատության հաղթահարումն ու ներառական աճի ապահովումը, նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը՝ արտահանման նոր շուկաների եւ ներդրումային հոսքերի տեսքով, ինչպես նաեւ տեխնոլոգիական վերափոխումը:

Մրցունակության զեկույցի առաջատարներն են Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Սինգապուրը, Նիդեռլանդներն ու Գերմանիան:

ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում (ներառյալ` Վրաստանը) առաջընթաց են գրանցել Մոլդովան` 11 կետով (89-րդ), Ղրղըզստանը՝ 9 կետով (102-րդ), Ռուսաստանը` 5 կետով (38-րդ), Ուկրաինան՝ 4 կետով (81-րդ տեղ) եւ Ադրբեջանը` 2 կետով (35-րդ): Հետընթաց են արձանագրել Վրաստանը՝ 8 կետով (67-րդ տեղ), Ղազախստանը` 4 կետով (57-րդ) եւ Տաջիկստանը` 2 կետով (79-րդ):
Դիտում՝ 6626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW